ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս նկատել եմ, որ հատկապես երիտասարդների եւ պատանիների մոտ շատ տարածված է դարձել «թուղթուգրին» հավատալը: Ինչպե՞ս է եկեղեցին մեկնաբանում «թուղթուգրի գոյություն» հասկացությունը:
Ամալյա Սահակյան (24 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հնում շատ տարածված են եղել մոգության զանազան դրսեւորումներ՝ հմայական ծեսեր, անեծքի զանազան ձեւեր, թուղթուգիր անել, աչքով տալ կամ չարակնություն, քարերի միջոցով գուշակություններ անել, նետ դնել, մոմ թափել եւ այլն: 19-րդ եւ 20-րդ դարերում, չնայած քրիստոնեական հավատքի 2000 տարվա գոյությանը, այս վերապրուկները բավական կենսունակ դարձան եւ այսօր մեզանում շատ են տարածված: Դրանց նպաստում են նաեւ ամենօրյա մամուլն ու գործող հեռուստաալիքները՝ խաղաքարտերի, գուշակությունների ու մոգության, աստղագուշակությունների  զանազան գովազդերով: Այս բոլոր երեւույթների քարոզչությունն ու գովազդումը խաղ է կրակի հետ, եւ նշանակում է նվիրվել մութ աշխարհի ուժերին, որը, բնականաբար, դատապարտելի է:
Ավելացնենք, որ քրիստոնեական եկեղեցին միանշանակ դատապարտում է մոգության բոլոր դրսեւորումները՝ որակելով դրանք որպես անհնազանդություն սուրբգրային վարդապետությանը. «Վհուկներին մի՛ հետեւեք եւ ոգեհմաներին մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք»: Դա արթնության կոչ է բոլոր նրանց, ովքեր այցելում են զանազան գուշակությունների սրահներ, մասնակցում նման միջոցառումներին:

Օրհնությամբ՝ տ. Ղեւոնդ քահանա Մայիլյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք նաեւ, որ ժամանակակից աշխարհում նման հավատալիքներին ապավինելը հետադիմության ցցուն օրինակ է: Նման ծառայություններ առաջարկողները, անշուշտ, բիզնեսով են զբաղված, իսկ գիտակից մարդը պետք է փորձի հնարավորինս զերծ մնալ այդպիսի ազդեցություններից:




Լրահոս