Ընտրական հանձնաժողովներում նշանակված 15 հազար 976 անդամներից 141­ը չի ներկայացել աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում առավոտյան 08:00­ին բացվել են 1989 ընտրական տեղամասեր, քվերակությունն ընթանում է բնականոն ձևով: «Արմենպրես»­ի փոխանցմամբ` այս մասին 09:00­-ին կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքով` հանրաքվեի անցկացման համար ձևավորվել է 1997 ընտրական տեղամաս և նույնքան տեղամասային հանձնաժողովներ: «Ընտրատեղամասերից 8-ը տեղակայված են քրեակատարողական հիմնարկներում, որոնցից մեկը կբացվի 11:00­-ին, մյուսները` 17:00­-ին»,­ասաց Տիգրան Մուկուչյանը:

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի հաղորդմամբ` ընտրական հանձնաժողովներում նշանակված են եղել 15 հազար 976 հանձնաժողովի անդամներ, որոնցից 141­ը չի ներկայացել աշխատանքներին: Նրանց փոխարեն սահմանված կարգով համապատասխան ընտրատարածքների հանձնաժողովների նախագահների կողմից կատարվել են նշանակումներ: «Առավոտյան տեղամասային հանձնաժողովների առաջին նիստերը գումարելիս և տեղամասերի բացման պահին տեղամասերի 85­90 տոկոսում ներկա են գտնվել դիտորդներ, վստահված անձինք ու զանգվածային
լրատվության միջոցներ:

Այսինքն` լիարժեք քանակով ապահովված է տվյալ գործընթացի հրապարակայնությունը»,­-ավելացրեց Մուկուչյանը:

Դեկտեմբերի 5-­ի դրությամբ` ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 550 հազար 323:
Դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123
միջազգային դիտորդներ: Քվեարկությունը կավարտվի 20:00­ին:




Լրահոս