Այս օրերին Րաֆֆի Հովհաննիսյանը նորից շրջում է մարզերում՝ նոր Հայաստանի կազմկոմիտեներ ստեղծելու համար քննարկումների շարք կազմակերպում: Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը։
“Ինչպես նա հայտարարել էր “Անի պլազա” հյուրանոցում վերջին հավաքի ժամանակ, մարզային հանդիպումները նպատակահարմար է անցկացնել ոչ թե փողոցներում՝ հանրահավաքի տեսքով, այլ՝ դահլիճներում, որովհետեւ պետք է լինի քննարկում, հարցուպատասխան, ինչը փողոցում անելը հարմար չէ: Սակայն տարբեր մարզերում Րաֆֆի Հովհաննիսյանի համար ուղղակի որեւէ դահլիճ չեն տրամադրում: Ավելին՝ զգուշացվում է մեծ տարածք ունեցողներին, որ խնդիրներ կունենան, եթե նրա առաջ դռները բացեն: Դահլիճ տրամադրելու հարցում խնդիրներ են առաջել Մարտունիում, Գավառում, Նոր Հաճընում, Աբովյանում, Իջեւանում, Թալինում՝ այս կամ այն պատճառաբանությամբ: Օրինակ, Թալինում Րաֆֆի Հովհաննիսյանի թիմի անդամները կարճատեւ ժամանակով մեկ դահլիճ տրամադրելու հարցով երկու անգամ հանդիպել են փոխքաղաքապետի հետ, բայց քաղաքապետը, հաշվի չառնելով, որ արդեն Րաֆֆի Հովհաննիսյանը Թալին է հասել, մերժել է նրան՝ պատճառաբանելով, թե ժամանակին չի դիմել, որ իրեն ներկայացրել է Արմեն Մարտիրոսյանը, ով պատգամավոր չէ: Հովսեփ Խուրշուդյանը Aravot.am-ին փոխանցեց, որ այդ պահին տեղում բացի Արմեն Մարտիրոսյանից, եղել են նաեւ իրենց պատգամավորները, այնպես որ քաղաքապետի պատճառաբանությունը տեղին չի եղել: Նշենք, որ այն համախոհ քաղաքացիներն էլ, որոնք այնուամենայնիվ իրենց դռները բացել են Րաֆֆի Հովհաննիսյանի քննարկումը կազմակերպելու համար, խնդիրների առաջ են կանգնել: Նրանք ստացել են սպառնալիքներ եւ զգուշացումներ”,- գրում է “Առավոտը”։