“Բարգավաճ Հայաստան” կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն իր վերջին ասուլիսի ժամանակ աչքի է ընկել յուրահատուկ պահվածքով: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Երբ մեր թղթակից Գագիկ Աղբալյանը ցանկություն Է հայտնել հարց ուղղել նրան, Ուրիխանյանը դիմելով նրան՝ ասել է. “Կաշա՞ռք եք ուզում”:
Բանն այն է, որ Գագիկ Աղբալյանը, բնակիչների կողմից մեր խմբագրության ստացած ահազանգի հետքերով լրագրողական փոքրիկ հետաքննություն էր կատարել՝ մտնելով ԲՀԿ-ի տարածքային կառույցներից մեկը, որտեղ որպես տարածքի բնակիչ՝ պատասխանատու անձի հետ զրույց էր ունեցել ավագանու ընտրություններում ԲՀԿ-ին ընտրելու դիմաց ակնկալվող դրամական փոխհատուցման մասին: Զրույցի ընթացքում ԲՀԿ-ականը բաց տեքստով խորհուրդներ էր տվել, թե երբ է պետք ներկայանալ, ինչ է պետք անել գումարը ստանալու համար:
Հետաքննության արդյունքում գրված հոդվածից հետո ոչ ԲՀԿ-ն, ոչ ոստիկանությունը չարձագանքեցին դրան: Ոստիկանությունը մինչ օրս չի արձագանքել: Իսկ ահա ԲՀԿ խոսնակը կրկին մեր թերթին տված հարցազրույցում, ստիպված լինելով անդրադառնալ խնդրին, հանդգնություն էր ունեցել հայտարարելու, որ լրագրողի կողմից պրովոկացիա է տեղի ունեցել եւ որ լրագրողը, ինչպես եւ ընտրակաշառք առաջարկողը, կարող է օրենքի առաջ պատասխան տալ դրա համար:
Սա էլ դեռ քիչ է, հաջորդ օրը Տ. Ուրիխանյանն ասուլիսի ժամանակ դիմում է լրագրողին “Կաշա՞ռք եք ուզում”: Հարց է առաջանում, իսկ ումից եւ ինչ է ուզում ինքը՝ ԲՀԿ խոսնակը՝ “ընտրողներից ձայներ առնելու” սեփական կուսակցության հանրահայտ գործելաոճը կոծկելու համար եւ որքան է գնահատվում նման պահվածքը: Հետաքրքիր է նաեւ, թե ինչու է ԲՀԿ-ի բակային հանդիպումներին 10 հոգի հավաքվում, ինչի մասին բուռն դժգոհություն էր հայտնում կուսակցության ներկայացուցիչներից մեկը՝ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո, որ հաջողությամբ ֆիքսել էին տարբեր ԶԼՄ-ների տեսախցիկները:
Էլ “կաշաոք չեք տալի՞ս”, վախենում եք բռնվե՞լ: Թե՞ արդեն կաշառքն էլ չի օգնում: Հայաստանի քաղաքական կյանքում իհարկե ցինիզմը մեծ տեղ ունի, ոչ միայն ԲՀԿ-ի, այլ մյուս բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները հաճույքով են դիմում դրան սեփական “աղբը” թաքցնելու համար, սակայն՝ չափի զգացումը երբեք պետք չէ կորցնել”,- գրում է “Հայկական ժամանակը”։