ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՓՈԽԵԼ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանը որոշեց Տիգրան Սարգսյանին կրկին նշանակել ՀՀ վարչապետ: Եվ դա այն դեպքում, երբ Տ. Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում շեշտակի աճեցին միայն աղքատությունն ու արտագաղթը, ինչպես նաեւ Տ. Սարգսյանի անձնական եկամուտները:  “Ժողովուրդ”-ն արդեն տեղեկացրել է, որ  2008թ. նա անձնական հաշիվներում ունեցել է 17 միլիոն 247 հազար դրամ եւ 22 հազար դոլար, իսկ արդեն 2012թ.՝ 35 միլիոն դրամ եւ 870 հազար դոլար: Փաստորեն, նրա դրամային եկամուտներն աճել են 50 տոկոսից ավելի, իսկ դոլարայինը` 39 անգամ: Մինչդեռ Հայաստանի տնտեսությունը, նույն Սարգսյանի ներկայացրած պաշտոնական տվյալներով, 2012-ին աճել է ընդամենը 7.2 տոկոսով: 
“Ժողովուրդ”-ը զրուցեց քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ` պարզելու նրանց դիրքորոշումը այդ հարցի շուրջ:
ՍԴՀԿ, ՀԱԿ անդամ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
-Պարո՛ն Եղիազարյան, կրկին որոշվել է Տ. Սարգսյանին նշանակել վարչապետ: Ընդունելով հանդերձ, որ  կառավարման համակարգում թերություններ են եղել, նշվեց, որ Տ. Սարգսյանը միակ մարդն է, որը կարող է երկրում տնտեսական աճ ապահովել: Ինչպե՞ս եք գնահատում նրա վերանշանակումը: 
-Ստում են: Նախ եւ առաջ` Սերժ Սարգսյանը չէր կարող փոխել Տ. Սարգսյանին, եթե փոխեր` ստորագրելու էր տոննա ու կես ոսկու գողոնի տակ, 1 միլիոն 270 հազար, աղքատության մեջ գցված հայաստանցիների համար, տնտեսական ապաշնորհ, անիմաստ քաղաքականություն վարելու տակ, որի արդյունքում իմ եւ ձեր հայրենիքն օր օրի զրկվում է իր քաղաքացիներից: Ս. Սարգսյանը շատ լավ էր հասկանում, որ եթե փոխեր վարչապետին, ապա նրանից պահանջելու էին հաջորդ քայլը. այն է` ինչո՞ւ այդ ամենի համար դատական պատասխանատվության չի ենթարկում սույն քաղաքացուն: Ահա այս ամենից խույս տալու համար նա դա չարեց:
-Բայց Ձեր նշած խնդիրներն իշխանությունները կապում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ:
-Կարդացե՛ք սրանց հայտարարությունները տնտեսական ճգնաժամի տարիներին առ այն, որ ճկուն քաղաքականության արդյունքում իրենց հաջողվել է էս այլանդակ տնտեսության ճգնաժամից խույս տալ: Օր օրի ահագնացող ալիքն անցավ Հայաստանի վրայով, կարդացե՛ք նույն այդ Տ. Սարգսյանի հայտարարությունները: Ի՞նչ է, Սերժ Սարգսյանը խելք չունե՞ր, որ սրան վերցներ փոխեր, չի կարող փոխել, սրանք բոլորը գտնվում են նույն լծի մեջ, այնպես որ, բնական է, որ պետք է հաստատվեր:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
-Պարո՛ն Սահակյան, ՀՀԿ խորհուրդը որոշեց կրկին Տ. Սարգսյանին նշանակել վարչապետ, իսկ խորհուրդը հաշվի չի՞ առել, որ Սարգսյանի կառավարման տարիներին միայն արտագաղթի ու աղքատության թվերն են աճել:
-Դուք ի՞նչ էիք կարծում, որ պետք է ամբողջությամբ աղքատությունը վերացվե՞ր, մենք բավական լուրջ հաջողություններ ունենք՝ կառավարության հետ կապված: Ճգնաժամի տարիներին մենք կրճատումներ, սոցիալական հարցերի լուծման նահանջներ չենք ունեցել ու արդեն գրանցել ենք 7 տոկոս աճ, նաեւ այս տարվա արդյունքներն են դրական գալիս: Այնպես որ,  կարծում եմ` սխալ որոշում չենք կայացրել:
-Բայց իրական պատկերն այն է, որ այդ ճգնաժամի տարիներին աճել են միայն Տ. Սարգսյանի եկամուտները:
-Դե կարելի է ամեն ինչն էլ պրովոկացիայի ենթարկել, բոլորի եկամուտներն էլ պետք է ավելանան, յուրաքանչյուրինը` իր չափով, իր նախաձեռնություններով, ապօրինի ոչ մեկի եկամուտը չի ավելանում: Ձեր նշած արտագաղթը, բոլոր պայմաններն էլ հաշվի ենք առնում, բոլոր խնդիրների լուծումն էլ մեզանում կա: Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին դա նաեւ ապացուցելի կլինի հասարակության համար:
-Կառավարությունը միայն աճի թվեր է ներկայացնում, բայց ժողովուրդը դա իր մաշկի վրա չի զգում:
-Ո՛չ, թվերով ոչինչ չի լուծվում, բնականաբար տնտեսական աճ կա: Եվ ես չեմ կարծում, որ որեւէ այլ քաղաքական ուժ մեզանից լավ գիտի այն խնդիրները, որոնք առկա են:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
-Պարո՛ն Մինասյան, Ձեր խմբակցությունն ինչպե՞ս է վերաբերում Տ. Սարգսյանի վերանշանակմանը:  
-Մեր խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մասնակցել է վարչապետի նշանակման հետ կապված խորհրդակցություններին, ու խմբակցությունը որոշել է դեմ արտահայտվել այդ առաջադրմանն ու նշանակմանը: Հաշվի առնելով երկու կառավարությունների փորձն ու արձանագրված բացասական երեւույթները` մեր խմբակցությունը դեռեւս 2 տարի առաջ հանդես եկավ կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկով, որը, ցավոք, մերժվեց: Հետեւաբար եթե պահպանվում է նույն մոտեցումը, եւ արմատական բարեփոխումների մասին բարձրաձայնող ՀՀ նախագահը որեւէ արմատական բարեփոխման քայլ չի իրականացնելու, մենք այդտեղ որեւէ դրական զարգացում չենք տեսնում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 525 համար




Լրահոս