ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընտրական ցուցակներում անճշտությունների վերաբերյալ գրավոր դիմում ՀՀ ոստիկանություն չի ներկայացվել: Փոխարենը Անձնագրային ու վիզաների վարչությունում գործող թեժ գծի ծառայությունը ստացել է 88 զանգ, որոնցից 82-ը` տեղեկատվական բնույթի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Այդ զանգերը, մասնավորապես, վերաբերել են ցուցակները որոնելու, տեղամասի վայրի, լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու դիմում ներկայացնելու, բնակության վայրի սեփանակատիրոջ կողմից հաշվառումից հանվելու դիմում ներկայացնելու կարգերին: 5 զանգով ստուգման արդյունքում պարզվել է, որ բնակչության պետական ռեգիստրում վրիպման պատճառով հասցեն նշվել է թերի կամ սխալներով, արդյունքում սխալներն ուղղվել են: Մեկ զանգով պարզվել է, որ ՀՀ քաղաքացիություն ստացած անձի տվյալները տեխնիկական սխալի պատճառով չի մուտքագրվել պետական ռեգիստր, սխալը կրկին ճշգրտվել է ու քաղաքացու տվյալներն ընդգրկվել են վերջնական ցուցակներում»,«Արմենպրես»ի փոխանցմամբ` հայտնեց Բիչախչյանը:
Նրա խոսքով` անհիմն շահարկումներից խուսափելու համար համայնքային ոստիկանները կատարել են այցեր բնակարաններ, արդյունքում հայտնաբերվել են 5000 հազար մահացած անձի մասին տվյալներ, որոնք գրանցված չեն եղել քաղաքացիական գրանցման ակտերի մարմիններում, կատարվել է համապատասխան շտկումը: Բացի այդ` ոստիկանությունը վերջնական ցուցակներ հրապարակելուց հետո սեփական նախաձեռնությամբ տարածել է կրկնվող անհատական տվյալներ ունեցող անձանց ցուցակները: Նույն անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ ունեցող 110 անհատական տվյալների համընկնումով 220 ընտրողներ են հայտնաբերվել: Դեկտեմբերի 5-ի դրությամբ` ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 550 հազար 323: Այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի հանրաքվեի մասնակիցների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված անձինք 16 հազար 856-ն են, Հայաստանում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածները` 270-ը, քվեարկության օրը հանրաքվեի տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի քվեարկողների ցուցակից հանված և հանրաքվեի տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածները` 140, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածները` 1.542:
Դեկտեմբերին 6ին ընթանում է ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ժամը 8-ի դրությամբ Հայաստանում բացվել ու բնականոն քվերակություն է ընթանում 1989 ընտրական տեղամասերում: Ընտրատեղամասերից 8-ը տեղակայված են քրեակատարողական հիմնարկներում, որոնցից մեկը կբացվի 11:00-ին, մյուսները` 17:00-ին: Ընտրական հանձնաժողովներում նշանակված են եղել 15 հազար 976 հանձնաժողովի անդամներ, որոնցից 141-ը չի ներկայացել աշխատանքներին: Նրանց փոխարեն սահմանված կարգով համապատասխան ընտրատարածքների հանձնաժողովների նախագահների կողմից կատարվել են նշանակումներ: Դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123 միջազգային դիտորդներ: