ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում այս պահին ընթանում են ոչ միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, այլեւ՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
Նշենք, որ գյուղապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Զարզանդ Գրիգորյանն ու անկուսակցական Աշոտ Սարգսյանը:
Ի դեպ, գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, բայց թշնամական հարաբերությունների մեջ է հորեղբոր հետ։ Իսկ Աշոտ Սարգսյանը ոստիկանության պետի նախկին տեղակալն է, ով, ըստ որոշ տեղեկությունների, Մանվել Գրիգորյանի մտերիմն է: Տարիներ շարունակ Մանվել Գրիգորյանի ընտանիքը ամեն ընտրություն փորձում է սեփական թեկնածուին անցկացնել, սակայն այդպես էլ չի ստացվում:
Տեսնենք այս անգամ նրանց մոտ կստացվի: Armlur.am-ը զրուցեց առաջադրված երկու թեկնածուների՝ Աշոտ Սագսյանի եւ Զարզանդ Գրիգորյանի հետ:
-Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրությւոնների ընթացքը:
-Ընտրությունները նորմալ են ընթանում են: Բայց ինձ հասած տեղեկություններով՝ մարդկանց մեքենաներով տեղափոխում են ընտրատեղամաս: Ես տեղամաս դուրս չեմ եկել, բայց ինձ ասացին, որ մեքենաներ կան, որոնք տեղափոխություններ են կատարում կամ մարդկանց են մոտենում կանչում են, սկսում են զրուցել: Բայց չէ՞ որ բնակիչը գնում է ընտրություն, ինչու են իրեն մոտենում:
-Ըստ որոշ տեղեկությունների՝ Ձեզ ընտրություններում աջակցելու է Մանվել Գրիգորյանը:
-Ես բոլորին արդեն ասել եմ, որ հանեն այդ մտածողությունը. ես անկախ անկուսակցական անձնավորություն եմ, 30 տարի աշխատել եմ ոստիկանության համակարգում, ոչ մեկի ոչ հովանավորչությունն ունեմ եւ ոչ էլ՝ աջակցությունը: Իսկ Մանվել Գրիգորյանը գյուղի դպրոցում եղել է իմ հասակակիցը, մենք դպրոցում սովորել ենք իրար հետ, ճանապարհ ենք անցել: Ի՞նչ աջակցության մասին կարող է խոսք լինել:
Իսկ Զարզանդ Գրիգորյանը, լսելով մյուս թեկնածուի տեղեկությունների մասին, միայն ասաց հետեւյալը. «Խաղաղ, խաղաղ է ամեն ինչ: Մասնակցությունն էլ՝ նորմալ է»,- ու անջատեց հեռախոսը:
Սյունէ Համբարձումյան