Որքան մոտենում են ավագանու ընտրությունները, այնքան ավելի է թեժանում քաղաքական պայքարը: Չնայած այս ամենին՝ նկատում ենք, որ պայքարող թեկնածուները խուսափում են բանավիճել եւ ապացուցել, որ իրենք են արժանին, եւ իրենք կարող են ավելի լավ Երեւան կառուցել երեւանցիների համար:
ՀԱՐՑ. Ի՞նչն է խանգարում նրանց գնալ հեռուստաբանավեճի, եւ ինչո՞ւ մինչ այսօր Հայաստանում չի զարգանում քաղաքական բանավեճի մշակույթ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանում շատ վաղուց բացակայում է քաղաքական բանավեճի ու նախընտրական դեբատների մշակույթը: Եթե չեմ սխալվում, վերջին նման բանավեճը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ: Ցանկացած բանավեճ հենվում է որոշակի գաղափարների, ծրագրերի ու հայեցակարգերի վրա, մինչդեռ մեր ընտրություններում երբեմն հենց դրանք են պակասում` ընտրությունները վերածելով իշխանության համար պայքարի… Ավելին, լինելով անչափ անձնավորված ընտրություններ՝ մեզ մոտ անձերն են դառնում ընտրական ինտրիգների կրողները, մինչդեռ չափազանց կարեւոր է, որ հայեցակարգերն իրենց վրա կրեն ընտրական զարգացումները… Ուզում եմ ասել, որ բանավեճի բացակայությունը թելադրված է նաեւ ընտրական գործընթացների անկատարությամբ, թեկնածուների անպատրաստվածությամբ… Հեգելն ասում էր. “Բանավեճը քաղաքակրթության բարձրագույն դրսեւորումներից մեկն է”:
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
թատերագետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Պետք է մի բան լինի, որի շուրջ վիճես, եւ երբ երկիրն ունի միասնական նպատակ, գերխնդիր, ապա դրա շուրջ կարելի է բանավիճել: Մեզ մոտ մեկը գերխնդիր է դնում գնալ իշխանափոխության, մյուսն էլ զարմանում է, թե դա է գերխնդիրը, ու արդյունքում՝ ոչինչ չի ստացվում: Ե՛վ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը պետք է ընդունեն եւ գոնե պայմանավորվեն, որ կա գերազգային նպատակ, որի շուրջ կարելի է բանավիճել, թե չէ մեզ մոտ հստակ պարզ է՝ աթոռակռիվ է գնում, ու երբ լինում է դեբատ, մեկը մյուսի ոչ թե լավ ծրագրից է խոսում, այլ ասում, թե դու լեգիտիմ չես, դու կեղծել ես, դու ուժ ես կիրառել, ու բանավիճելու իմաստը կորում է:
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ
սոցիոլոգ
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքակիրթ երկրներում այս հարցում ոչ մի խոչընդոտ չկա, բայց հայկական իրողության մեջ այլ իրավիճակ է: Իշխող ուժերը պետք է պատասխան տան ժողովրդին, բայց խուսափում են բանավիճելուց: Ես բանավեճի մի դեպք եմ միայն հիշում, որ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ: Ժողովուրդը շատ բան կհասկանա հենց բանավեճի ընթացքում:
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ