
Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը կոչ է արել Թուրքիային դուրս բերել թուրքական զորքերը Իրաքի տարածքից:
«Կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին դուրս բերել թուրքական զինված ուժերը Իրաքի տարածքից՝ նախազգուշացնելով նման դեպքերի կրկնության անթույլատրելիության մասին, որոնք կհանգեցնեն երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացմանն ու տարածաշրջանում լարվածության սրմանը»,-Sputnik միջազգային գործակալությունը մեջբերում է Իրաքի նախագահի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղական ԶԼՄ-ները, հղում անելով երկրի ԱԳՆ հայտարարությանը, հայտնել էին, որ թուրքական զինված ուժերը ներթափանցել են իրաքյան տարածք առանց համաձայնության: Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ Իրաքի խորհրդարանի անվտանգության հարցով կոմիտեի ղեկավարը սպառնում է ռազմական գործողություններ իրականացնել՝ պատասխանելով երկրի տարածք թուրքական զորքերի ներխուժմանը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան