ԹՈՂ ԲՈԼՈՐԸ ՏԱՆՋՎԵՆ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ բոլորին հայտնի է “Հրեշտակների դպրոցը”, “Եռաչափ սեր” եւ “Ընտրյալները” սերիալներից: Սկսնակ դերասանուհին հիմա սովորում է “Staje 7″դերասանական ստուդիայում` Գուժ Մանուկյանի խմբում: Դպրոցն ավարտել է 1 տարի առաջ, սակայն սերիալում նկարահանվելու պատճառով չի ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: 18 տարեկան է, հասցրել է նկարահանվել երեք սերիալներում, զբաղվում է նաեւ մոդելի աշխատանքով: ,Միսս աշակերտուհի 2012ե-ի տիտղոսակիրն է: Առաջարկ է ստացել  մասնակցել նաեւ “Միսս Հայաստան” մրցույթին, սակայն չի համաձայնել: 
Սերիալում նկարահանվելու առաջարկը մտավախության տեղիք չտվե՞ց` հաշվի առնելով այն, որ դերասանական կրթություն չունեք:
-Ունեի մի փոքր մտավախություն, ու երբ առաջին անգամ տեսախցիկի առաջ էի, մարմինս դողում էր, բայց դե ժամանակի ընթացքում սովորեցի:
-Չե՞ք պատրաստվում շարունակել ուսումը:
-Ինձ խորհուրդ չեն տալիս, մտածում եմ, երեւի Սունդուկյան թատրոնին կից ստուդիա ընդունվեմ, գուցե նաեւ անհատական պարապեմ: Գիտեմ, որ մասնագիտական կրթությունը մեծ նշանակություն ունի, շատ է օգնում դերասանին թե՛ բեմական խոսքի առումով, թե՛ կինոյում նկարահանվելիս: Ես չեմ ուզում սահմանափակվել միայն սերիալներում նկարահանվելով, անպայման ուզում եմ թատրոնում խաղալ: 
-Հայ մեծ դերասաններից ովքե՞ր են Ձեզ համար օրինակելի:
-Միանշանակ Մհեր Մկրտչյանը, Գալյա Նովենցը, իմ դասախոս Գուժ Մանուկյանը… Իսկ համաշխարհային աստղերից Ջիմ Քերրիի երկրպագուն եմ: 
-Ի՞նչ եք կարծում, արտաքինը որեւէ կերպ նպաստո՞ւմ է լավ դերեր ստանալուն: 
-Կարծում եմ` այո՛: Չեմ ասում, թե միայն գեղեցկությունը մեծ ուժ ունի, բայց աննկատ չի մնում: 
-Երբ Ձեզ դրսում տեսնում են, չե՞ն ասում՝ սերիալի աղջիկը:
-Պատահում է, ինձ անգամ իմ անունով չեն դիմում, բայց հերոսուհիներիս անունները լավ հիշում են` Ինգա, Սոնա… Նույնիսկ այդ անունները տալիս ես պտտվում եմ: Մարդիկ ինձ դրսում շատ ջերմ են ընդունում, մոտենում են, ուզում են նկարվել:
-Ձեր ծնողները դե՞մ չէին, երբ որոշեցիք սերիալում նկարվել:
-Առհասարակ իմ ընտրած մասնագիտությանն էին դեմ, բայց երբ նկարվեցի, ու տեսան, որ ոչ մի վատ բան չկա՝ լավից բացի, էլ ոչինչ չասացին: Հիմա իրենք են ավելի շահագրգռված: Ես ունեմ նաեւ երկրորդ մասնագիտություն, մոդել եմ: Նաեւ պոդիում եմ բարձրանում: Հնարավոր է՝ մոտ ժամանակներս էլ գնամ Մոսկվա` մոդելային աշխատանքս շարունակելու համար: 
-Ինչպիսի՞ դերերում երբեք չեք խաղա:
-Դեռ չգիտեմ, մտածում էի` բացասական կերպար չեմ խաղա, բայց հիմա մեծ սիրով եմ խաղում: 
-Հայ դերասանուհիներից շատերը խուսափում են բաց տեսարաններում նկարահանվելուց, Դուք ինչպե՞ս եք վերաբերում այդ հարցին:
-Ես էլ չէի ցանկանա նկարվել բաց տեսարաններում, երեւի դա իմը չէ:
-Հիշո՞ւմ եք՝ ինչի վրա եք ծախսել Ձեր առաջին հոնորարը:
-Հիշում եմ, հենց առաջին իմ աշխատավարձով մայրիկիս նվեր եմ գնել: Ինձ համար էլ իմ վաստակածը միայն զգեստներիս է բավականացնում:
-Շա՞տ գումար եք ծախսում հագուստի վրա:
-Համարյա ամբողջ աշխատավարձս: Չեմ ասի, թե նորաձեւության հետեւից եմ վազում, բայց հետեւում եմ, նորություններից տեղյակ եմ:  
-Նկարահանվելուց ու դասերից բացի, ուրիշ ինչո՞վ եք զբաղվում:
-Ուրիշ ոչ մի բանի ժամանակ չունեմ, չեմ հասցնում: Ազատ ժամանակ, երբ լինում է, երաժշտություն եմ լսում, գիրք եմ կարդում:
-Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:
-“Ալքիմիկոսը”: 
-Ձեր անձնական կյանքի մասին վերջին շրջանում շատ խոսվեց: Մե՛կ ասում էին, թե սիրելի ունեք, մե՛կ էլ պնդում, որ դա այդպես չէ: Ո՞րն է իրականությունը: 
-Ես ուզում եմ՝ այդ հարցը գաղտնի մնա, թող բոլորը տանջվեն (ծիծաղում է-Ե.Ռ.): Այդ հարցին չեմ պատասխանում:  
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 525 համար




Լրահոս