Սառեցնե՛լ Երեվանի կենտրոնի բոլոր քաղաքաշինական գործընթացները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Փրկենք Երեւանըե քաղաքացիական նախաձեռնությունը հռչակագիր է հրապարակել, որտեղ առաջարկում է սառեցնել Երեւանի կենտրոնի բոլոր քաղաքաշինական գործընթացները:
Հռչակագիրը ներկայացնում ենք ստորեւ.
“ԵՐԵՎԱՆԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄ
ՀՌՉԱԿԱԳԻՐ
Արձանագրելով, որ
Երեւանի քանդը դադարեցնելու եւ Երեւանը փրկելու բոլոր նախորդ փորձերն անբավարար արդյունք են ունեցել.
Հայաստանի կողմից վավերացված եւ ներկայումս ուժի մեջ գտնվող միջազգային փաստաթղթերն առանց մեր աջակցության անզոր են կանխելու պատմական Երեւանի քանդն ու քաղաքի ինքնության աղավաղումը, քաղաքաշինության տարրական եւ կենսական կանոնների կոպիտ  ոտնահարումը եւ այդպիսով մայրաքաղաքի բնականոն կենսագործունեության խաթարումը.
Երեւանի քաղաքաշինական  իրավիճակը հասել է ողջ հայ ժողովրդի կոկորդին եւ ոսկորին՝
ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ
իրադրությունը փոխելու համար անհրաժեշտ անհապաղ եւ աննախադեպ գործողություններ.
Սառեցնե՛լ Երեւանի կենտրոնի բոլոր քաղաքաշինական գործընթացները մինչ կարգավորման նոր մեխանիզմների  ձեւավորումը.
Սառեցնե՛լ  Ազգային ժողովի, Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի եւ ցանկացած այլ ատյանների` Երեւանի կենտրոնի կառուցապատմանը կամ պատմամշակութային հուշարձաններին վերաբերող արդեն իսկ ընդունված որոշումների իրագործումը.
Սառեցնե՛լ ցանկացած ատյանների ընթացիկ որոշումների ընդունումն այդ հարցերի շուրջ.
Կասեցնե՛լ ցանկացած կազմակերպության՝ շինարարական աշխատանքները կենտրոնում.
Կասեցնե՛լ ցանկացած շինարարական գործունեություն Երեւան քաղաքի կանաչ գոտիներում.
ՀՀ Ոստիկանությանը հանձնարարել՝ միջամտել եւ կասեցնել վերը նշված կարգի ցանկացած աշխատանքները:
ԵՐԵՎԱՆԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻՆ ԿՈՉ  ԵՆՔ ԱՆՈՒՄ.
Ձեւավորել “Երեւանի փրկության համար” պլատֆորմը՝ որպես գալիք ընտրություններին միասնաբար մասնակցելու քաղաքական հիմք.
Սույն հռչակագրի ձեւակերպված մոտեցումներն  ընդունել որպես ,Երեւանի փրկության համարե միասնական պլատֆորմի նախընտրական եւ հետընտրական ծրագիր:
Սույն պահանջների չկատարման դեպքում մենք, գործադրելով օրենքով մեզ վերապահված  բոլոր միջոցները`
Կդիմենք բոլոր տեղական եւ միջազգային ատյաններին.
Ջանքեր չենք խնայի, որպեսզի առաջիկա` Երեւանի ավագանու ընտրություններին ընտրողները քվեարկեն ընդդեմ այն քաղաքական ուժի կամ ուժերի, որոնք իրենց ծրագրերում չեն ունենա համապատասխան բաժին՝ կազմված իրատեսական եւ գոհացուցիչ թեզերից.
Պայքար կմղենք ընդդեմ այն ուժի կամ ուժերի, որոնք Երեւանի ավագանի ընտրվելուց հետո կհրաժարվեն  “Երեւանի փրկության համար” առաջարկվող պահանջները կատարելուց.
Մեր պայքարը լինելու է հետեւողական  եւ աննահանջ”:




Լրահոս