ՄԱՐՏԻ ՄԵԿԻ «ԶՈՀԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1984 թվականին  ծնված Արսեն Սիմոնյանի` Երեւանի  Կենտրոն եւ Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անցկացված դատաքննությունը շատ նման է մեր նախորդ համարում տպագրված «Օդնոկլասսնիկ»-ի` ամուսնական աֆերիստի պատմությանը: Այն տարբերությամբ միայն, որ եթե Արմեն Հակոբյանը խարդախության միջոցով մոտ մեկ տասնյակ կանանցից էր փող, ոսկեղեն ու բջջային հեռախոսներ հափշտակել, ապա Արսենը  խաբել է մեկ կնոջ: Բայց այնպես է խաբել, որ տուժող, երկու երեխայի մայր  Անուշ Ներսեսյանը հիմա քնում է փողոցում` նրա պատճառով վաճառելով բնակարանն ու մեքենան:Մնացած ամեն ինչ նույնն է` հինգ դատվածություն`  հիմնականում խարդախության համար (Արսենինը` ութ), ֆրանսահայ գործարար ներկայանալը եւ ամուսնության խոստումները: Երկուսն էլ  դատապարտված են եղել ավազակային հարձակման, կողոպուտի, շորթման եւ խարդախության համար: Անգամ նրանց դատավորն էր նույնը` «Դամբուլ» մականունով Գագիկ Ավետիսյանը: Վերջին անգամ 13 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ պատիժը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կրող  Արսեն Սիմոնյանը  հեռախոսային ծանոթությունների 8888 հեռախոսահամարով  «sms» է ուղարկում Անուշ  Ներսեսյանին` ծանոթության առաջարկով: Անուշն էլ, նախքան ծանոթանալը, պահանջում է Արսենի լուսանկարը, որը ստանալով` սկսում է համակրել նրան:Այնուհետեւ                                                                                                                                                                                             սկսվում են նրանց հեռախոսային զրույցները:  Արսենը ներկայանում է  Ալեն անունով, որպես մանկուց Ֆրանսիայում ապրող մեծահարուստի որդի, որը  հոր  մահից հետո ժառանգել է խանութներ ու  տներ:  Հայաստան է եկել  քաղաքականությամբ զբաղվելու նպատակով, հարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի  շարժմանը: Նույնիսկ,  որպես ընդդիմության ներկայացուցիչ, 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո գտնվել է տնային կալանքի տակ, ապա իշխանությունների պահանջով գնացել է  Ջերմուկ` տեղի  հանգստյան տներից մեկում շարունակելով կրել տնային կալանքը: Արսենն անգամ ասել է, թե իր փաստաբան Ռշտունին  դիմում-բողոք է ուղարկել Ստրասբուրգ`  իր  ու իր  բանկային հաշիվների վրայից  կալանքը վերացնելու հայցով: Ու հիմա, իբր, ինքը սպասում է պատասխանին: Կալանքի վերացումից հետո Ալենը  խոստացել է  ամուսնանալ Անուշ Ներսեսյանի հետ եւ ճանաչել նրա երկու երեխաների հայրությունը: Անուշը, որ զբաղվում էր մսամթերքի արտադրությամբ, ամուսնու մահից հետո մեծ պարտքեր ուներ: 2009թ. մարտի 28-ին Արսենը զանգահարում է Անուշ Ներսեսյանին եւ  հայտնելով, որ Ստրասբուրգից եկել է  բողոքի պատասխանը, ասում է, որ բանկային հաշիվները կալանքից ազատելու հարցերը կարգավորելու համար իր փաստաբանը պետք է  դատավորին 2.500 եվրո կաշառք տա: Խոստանում է փողը 3 օրից վերադարձնել: Անուշը  3.000 ԱՄՆ դոլարը Մարզահամերգային համալիրի դիմացի կանգառում հանձնում է Արսենի «փաստաբանի քարտուղարուհուն»` Արուսյակ Շելելենկյանին: Կանգառ գնալու ճանապարհին Արսենը զանգում է ու եւս  120.000 դրամ  պահանջում:  Հաջորդ օրը Շելելենկյանը գումարը փոխանցում  է գործով չպարզված ոմն Սերգեյ Ազատիչի: Արսենը հեռախոսով շնորհակալություն է հայտնում եւ  խոստանում հաջորդ իսկ օրը`  իր բանկային հաշիվները կալանքից հանելուց հետո,  հանդիպել Անուշի հետ: Սակայն հանդիպումը հետաձգվում է մինչեւ ապրիլի 4-ը` բանկային հաշիվները կալանքից հանելու եւ կարեւոր մարդկանց հետ հանդիպումների պատճառաբանություններով: Իսկ ապրիլի 4-ին պարզվում է, որ  պահանջվում է եւս  2.000 դոլար` դատավորին մաղարիչ անելու համար: Անուշը ունենում է 350.000 դրամ կանխիկ փող, իսկ  մնացած գումարը խոստանում է տալ  ոսկյա զարդերը գրավ դնելուց հետո: Արսենը հայտնում է, որ  իր փաստաբանի քարտուղարուհու հարեւանը ոսկյա զարդերի դիմաց տոկոսով գումար է տալիս, եւ առաջարկում այդ 350.000 դրամն ու զարդերը հանձնել քարտուղարուհուն: Ամբողջ գումարը խոստանում է վերադարձնել 2 օրից: Անուշը անվերջ զանգահարում է, սակայն Արսենը չի պատասխանում, իսկ  Ժամը 13-ի մոտ «sms» է ուղարկում` հայտնելով, որ  գտնվում է  դատախազությունում, որտեղ իրենից  2.000 ԱՄՆ դոլար են պահանջում: Ապա զանգահարում է եւ որոշ մանրամասներ հայտնում այն մասին, որ  իր անվտանգության աշխատակիցն իբր կրակել է, ինչի  համար իրենց բերել են դատախազություն եւ պահանջում  են 2.000 ԱՄՆ դոլար` գործը փակելու համար: Երբ արդեն կասկածների գիրկն ընկած Անուշը հայտնում է, որ այլեւս փող չունի, Արսենը պնդում, համոզում է, որ հաջորդ օրն իսկ  գումարը կվերադարձնի: Ի վերջո, Անուշը խոստանում է 370.000  դրամ եւ հարցնում դատախազության տեղը` ցանկանալով ե՛ւ գումարը փոխանցել, ե՛ւ  իր Ալենին տեսնել: Սակայն Ալեն-Արսենը  վրդովված ասում է, որ Անուշին դատախազություն  չեն թողնի: Տեղեկանալով, որ Անուշը  կրկեսի շրջակայքում է, նա  պահանջում է սպասել   Խորենացու փողոցում գտնվող ոսկու շուկայի մոտ, մինչեւ նրան կմոտենա մի քաղաքացի եւ կվերցնի գումարը:Դրանից հետո մոտ տասնհինգ օր նույն պատճառաբանություններով խուսափում է հանդիպումից, իսկ ապրիլի 20-ին  Անուշին «sms»-ով  հաղորդում է, որ  նրան  է լիազորելու  հանել իր գումարները, ինչի համար  նոտարին  մաղարիչի կարգով պետք է տրվի 265. 000 դրամ: Նույն կանգառում նորից տեսնելով Շելելենկյանին` Անուշն  իր բջջային հեռախոսով լուսանկարում է նրան, ապա 265.000-ը հանձնելուց հետո նրան հարցնում, թե ինչ է կատարվում: Շելելենկյանը հրաժարվում է պատասխանել եւ հեռանում է: Դրանից հետո մոտ մեկ ամիս հեռախոսային կապի մեջ են լինում, որի ժամանակ Ալենը, պատճառաբանելով, որ վիրահատվել է, խուսափում է նաեւ հեռախոսազրույցներից: Անուշը պահանջում է իր փողերը, Ալենը` խոստանում, մինչեւ որ, վերջապես  հասկանալով, որ խաբված է,   Անուշը  դիմում է ոստիկանություն:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս