Մի քանի տարի է՝ Դավիթաշենի բնակարաններից մեկում մարդ չի բնակվում, սակայն անուններն ընտրացուցակներում առկա են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ի խմբագրություն ահազանգեց Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 38 շենքի 14 բնակարանի բնակիչ Անահիտ Չոփուրյանը, ով հայտնեց, որ նույն շենքի 15 բնակարանում արդեն մի քանի տարի է, ինչ մարդ չի բնակվում, սակայն նրանց անուններն ընտրացուցակներում առկա են: Ավելին, վերոնշյալ բնակարանի սեփականատերերից՝ Վասիլյաններից երկուսը մահացած են: Նշենք, որ տվյալ շենքի բնակիչները քվեարկում են Դավիթաշենի 4-րդ թաղամասի երաժշտական դպրոցում գտնվող 5/17 ընտրատեղամասում:

«Նույն թաղամասի 38 շենքի 14 բնակարանում 7 հոգի գրանցված է, որից 2-ը մահացած են, իսկ մյուսները, երկար տարիներ է, ինչ չեն ապրում Հայաստանում, այլ Կրասնոդարի մարզում: Այս տանը քանի տարի է, ինչ մարդ չի ապրում: Ես, երբ մասնակցեցի հանրաքվեին, հանձնաժողովի անդամներին հատուկ խնդրեցի ինձ ցույց տալ՝ այդ մարդկանց անունները հանված են, թե` ոչ: Բացարձակապես ոչ մեկի անունը հանված չէր, ոչ էլ մահացածներինը: Ես իրենց ասեցի, որ հանեն այդ անունները: Իսկ իրենք հորդորեցին դիմել ոստիկանություն ու ճանապարհեցին: Փաստորեն 7 հոգու փոխարեն` պետք է քվեարկեն, որից 2-ը մահացած են»,- վրդովված ներկայացրեց Չոփուրյանը:

Armlur.am-ը կապ հաստատեց նաեւ տվյալ թաղամասի 38 շենքի համատիրության նախագահ Ստյոպա Սարգսյանի հետ, ով հաստատեց այն տեղեկությունը, որ Վասիլյանները, երկար տարիներ է, ինչ Հայաստանում չեն, եւ այդ բնակարանում մարդ չի ապրում: «Սերգեյ, Գեորգի Վասիլյանների ընտանիքն այստեղ չէ, Կրասնոդարում են ապրում»,- լրացրեց համատիրության նախագահը:




Լրահոս