Դեկտեմբերի 6-ի առավոտը քաշունցիների համար այդքան էլ բարեհաջող չի սկսվել: Բանն այն է, որ Սյունիքի մարզի Քաշունի գյուղում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մոտ մեկ ժամ ուշ է մեկնարկել: Ի դեպ, այս գյուղում ձմռան ամիսներին ապրում է 4 մարդ: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ Քաշունիի գյուղապետ Գառնիկ Հակոբյանից:
-Պարո’ն Հակոբյան, ինչո՞ւ է մոտ մեկ ժամ ուշ մեկնարկել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
-Հանձնաժողովի անդամները գյուղի բնակիչներ չեն: Գիշերել են Տանձատափում: Առավոտյան նրանք մնացել են ճանապարհին եւ մի ժամի չափով ուշացած են եկել հանրաքվեին: Ճանապարհը փակ է եղել, ոտքով են եկել գյուղ հասել: Մեքենան էլ թողել էին ճանապարհին: Իսկ մյուս բնակիչները ճանապարհը բացվելուց հետո են եկել: Եկե’ք ուսումնասիրենք, թե ոնց են հետ գնալու: Թե ոնց պետք է գնան, չգիտեմ:
-Հիմա ինչպե՞ս է ընթանում հանրաքվեն: Քանի՞ մարդ է քվեարկել:
-Հանրաքվեն ընթանում է, մի’ անհանգստացեք: Այս պահի դրությամբ քվեարկել է մոտ 15 մարդ:
-Ձեր գյուղում ապրում է չորս մարդ, ինչպե՞ս ստացվեց, որ 15 մարդ է քվեարկել:
-Այսօր քանի ավտո է Կապանից, Քաջարանից եկել մեր գյուղ գնացել, գիտե՞ք: Գրանցված են մեր գյուղում, եւ իրենց քաղաքացիական պարտականությունը ընկեր Հակոբյանի միջոցով արտահայտում են: Ես առաջինն եմ քվեարկել:
-Ո՞ւմ միջոցներով են եկել գյուղ: Գյուղապետարանի՞, թե՞ Ձեր սեփական միջոցներով:
-Մեքենայով բերում ենք, էլի: Ընկեր Հակոբյանի միջոցներով են եկել քվեարկել: Գյուղապետարանը միջոց ունի՞: Հազիվ եմ հողի հարկերը հավաքում, որտեղից միջոց:
Սյունէ Համբարձումյան