Դատախազությունն արձագանքում է տացված ահազանգերին.
Մասնավորապես, Asparez.am էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Հանրաքվեի լրահոսը ըստ «»քաղաքացի դիտորդ» նախաձեռնության վերտառությամբ հոդվածը, որում ներկայացված է, որ թիվ 9/11 տեղամասից հանձնաժողովի նախագահը ստիպել է դուրս հանել մի քանի լրագրողների, այդ թվում՝ Մկրտիչ Կարապետյանին՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք պատշաճ ներկայացել եւ գրանցվել են հնաձնաժաղովում: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, որ այդտեղ ԶԼՄ-ի ներկայացուցիչ լինելու համար պարտավոր են հավատարմագրվել նախագահականում:
10/09 տեղամասում՝ Ջ.Կիրակոսյանի անվան դպրոցում, ինչ-որ մեկը ՀՀԿ անդամության վկայականով ընտրողներ է տարել-բերել տեղամաս՝ քվեարկելու «քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդին խոչընդոտել են լուսանկարել այդ անձին:
10/20 տեղամասային հանձնաժողովի նախագահ Անահիտ Մադոյանը հրաժարվել է գրանցել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին՝ չնայած այն բանին, որ վերջինս պատշաճ ներկայացրել է վկայականը:
36/39 տեղամասից /Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնք/ ահազանգ է ստացվել, որ հանձնաժողովի նախագահ Արփինե Խաչատրյանը հրաժարվել է գրանցել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին:
Գործողություն – ՀՀ դատախազության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու համար:
«Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին 10/20 տեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից չգրանցելու հանգամանքների ստուգումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնին:
«Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին 36/39 տեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից չգրանցելու հանգամանքների ստուգումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը:
«168 ժամ» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը չեն լռում» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացված է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակվել են հետեւյալ երեք տեղեկությունները.
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից ստացված ահազնգից տեղեկացել են, որ քաղաքի մանկապարտեզներից մեկում տեղակայված ընտրատեղամասում հրահանգվել է աշխատակիցներին քվեարկել «այո»-ի օգտին, լուսանկարել քվեաթերթիկը եւ ցույց տալ «պատվիրատու»-ին:
Քաղաքացին հայտնել է, որ Գեղասար գյուղում գյւողապետը բաժանում է 8.000-ական դրամ ընտրակաշառք՝ խոստանալով «այո»-ի օգտին քվեարկելու դեպքում լուծել նաեւ նպաստների տրամադրման հետ կապված հարցերը:
Վանաձորի 30/6 տեղամասում փորձել են կաշառել ընտրական հանձնաժողովի նախագահին, որ վերջինս աչք փակի ընտրացուցակներում տեղ գտած, բայց քվեարկության չմասնակցող քաղաքացիների փոխարեն քվեարկություն կատարելու փաստի վրա, սակայն մերժում ստանալուց հետո որոշել են նշված անձանց անունները տեղափոխել 30/10 ընտրատեղամաս:
Գործողություն – ՀՀ դատախազության Լոռու մարզի դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
«Ասպարեզ» օրաթերթի Լրագրող Անուշ Թովմասյանի փոխանցմամբ Աշտարակի քաղաքապետի տեղակալը շրջում է քաղաքի տեղամասերում՝ հանձնաժողովի նախագահներին զգուշացնելով թույլ չտալ դիտորդներին եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հսկել ընտրողների ցուցակը /մատյանը/:
26/16 տեղամասում /Չարենցավան/ ժամը 12.02-ի դրությամբ ՏԸՀ անդամները սպառնում են տեղամասից հեռացնել «Ասպարեզ» կայքի լրագրող Սոնա Թադեւոսյանին:
25/21 տեղամասում /Հրազդան/ ժամը 11.54-ի դրությամբ լցոնում է տեղի ունեցել, շարունակ փորձում են շեղել դիտորդի ուշադրությունը:
Գործողություն` ՀՀ դատախազության Արագածոտնի մարզի դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
Թիվ 26/16 եւ 25/21 տեղամասերում տեղի ունեցածի հանգամանքների ստուգումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններին:
1/09 /Ավան/ ՔՀԻ-ի դիտորդի փոխանցմամբ ավելի վաղ տեղամաս ներկայացած տղամարդը, որի անունը ենթադրաբար Հովիկ է, արդեն չորրորդ անգամ է գալիս: Հանձնաժողովի նախագահը նրան դիմել է Արեգ անունով, դիտորդը հանձնաժողովի նախագահից պարզաբանում է խնդրել: Վերջինս ասել է, որ տղամարդը դպրոցի աշխատակից է եւ այլեւս չի գա տեղամաս: Նշված անձն առնվազն երկու անգամ քվեարկողներին ուղեկցել է քվեարկությոն սենյակ, հետեւել, որ քվեարկեն եւ նրանց հետ դուրս եկել: Նրա մոտ չի եղել վստահված անձի փաստաթուղթ, գրանցամատյանում գրանցված չի եղել:
1/11 /Ավան/ ՔՀԻ-ի դիտորդն արձանագրել է, որ ժամը 12.00-ի սահմաններում երկու հոգի միաժամանակ գտնվել են քվեախցիկում, նրանցից ոչ մեկը չի գրանցվել որպես ուղեկցող անձ:
Գործողություն – ՀՀ դատախազության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Ավանի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
«ԹՒ Հայաստան» ՀԿ պաշտոնական կայքում հրապարակվել է հոդված, որում նշվել է, որ 11/3 տեղամասում /Շենգավիթ, թիվ 144 մանկապարտեզ/ անձը 2 անգամ տարբեր հագուստներով ներկայացել է տեղամաս եւ 2 անգամ քվեարկել:
Գործողություն – ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում շտապ նյութեր են նախապատրաստվում 11/3 տեղամասում կրկնակի քվեարկության դեպքի առթիվ:
«ԹԻ Հայաստան» ՀԿ պաշտոնական կայքում հրապարակվել է տեսանյութ, որտեղ ՀՀԿ վստահված անձը բռնություն է գործադրել «iLur.am» լրատվական կայքի լրագրողի նկատմամբ:
Գործողություն – ՀՀ դատախազության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական քննչական բաժին՝ տեսանյութում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար: