ԲՀԿ-Ն «ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻ» ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը ԲՀԿ-ականները քննություն են «վերցրել» տարբեր բուհերի ուսանողներից, որոնք հավաքվել են Ագրարային համալսարանում:
Ինչպես տեղեկացանք Բաց համալսարանի ուսանողներից, իրենց նախապես բաժանվել են քննության հարցաշարեր ընտրությունների կազմակերպման ընթացքի վերաբերյալ, որպեսզի սովորեն եւ ներկայանան ԲՀԿ-ի քննությանը: Ուսանողներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ քննությունը շատ խիստ է եղել, նույնիսկ վերահսկել են, որպեսզի միմյանցից չարտագրեն: Մի խոսքով, իսկական բուհի ընդունելության քննությունների պես, ուղղակի այս անգամ ուսանողը սովորելու դիմաց 20 հազար դրամ կստանա, այլ ոչ թե գնահատական: Իսկ դա կվաստակի միայն այն դեպքում, եթե կարողանա, քննության հաջող արդյունքից բացի, մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում պատվով կատարել ԲՀԿ վստահված անձի աշխատանքը: Ի դեպ, քննության արդյունքները դեռեւս չեն ամփոփվել, եւ հայտնի չէ, թե ովքեր կդառնան քաղաքական այլընտրանք ԲՀԿ-ի 20-հազարդրամանոց վստահված անձինք:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Մեր պատասխանատուները տարբեր թրեյնինգներ են անցկացնում մեր վստահված անձանց համար, եւ դա միանգամայն բնական է։ Հանձնաժողովի մեր անդամները, մեր վստահված անձինք լրջագույնս նախապատրաստվում են իրենց պարտականությունների կատարմանը։ Ինչ վերաբերում է վստահված անձանց վճարելուն, ապա Ձեր տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։
-ԲՀԿ-ն հայտարարել էր, որ 350.000 անդամ ունի, ինչո՞ւ է այդ դեպքում ուրիշ մարդկանց եւ հատկապես ուսանողների ներգրավում ընտրական գործընթացներում:
-Ցանկացած ուսանող իրավունք ունի ունենալու իր համար նախընտրելի քաղաքական կողմնորոշում։ Եվ եթե մեծ է այն երիտասարդության թիվը, ովքեր մեր կուսակցության կողքին են կանգնած, դա ինձ միայն ուրախացնում է։ Ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի՝ մենք բռնի ուժով կուսակցական անդամակցում չենք անում, եւ դրա մասին խոսելն ուղղակի աբսուրդ է։
-Իշխանական դաշտում տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է եղել իշխանությունից մի քանի պորտֆելներ վերցնելու մասին: Ճի՞շտ են այդ տեղեկությունները:
-Ո՛չ, ճիշտ չեն: Հանդիպում եղել է, որի ժամանակ ներկայացվել է մեծամասնության դիրքորոշումը՝ վարչապետի թեկնածության հետ կապված: Այլ քննարկումից ես տեղյակ չեմ։ Վստահաբար կարող եմ ասել, որ ԲՀԿ-ի քաղաքական օրակարգում նման հարց չկա, ուստի որեւէ պորտֆելի կամ պորտֆելների շուրջ քննարկում լինել չէր կարող։
-Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ում այժմ իշխանական մի թեւ կա, որ ցանկանում է՝ ԲՀԿ-ն կոալիցիա կազմի իր նախկին գործընկերների հետ: Ու եթե Գ. Ծառուկյանը նման որոշում չկայացնի, ԲՀԿ-ում պառակտում կլինի:
-Ցանկացած կուսակցությունում էլ կարող են լինել տարբեր տեսակետներ եւ կարծիքներ, ու դա միանգամայն բնական է։ Սակայն կա մեծամասնության տեսակետ եւ դիրքորոշում։ Իսկ այդ դիրքորոշումը ես բազմիցս ներկայացրել եմ՝ մեր կուսակցության քաղաքական օրակարգում կոալիցիա կազմելու հարց չկա։ Պառակտում էլ, վստահեցնում եմ Ձեզ, ԲՀԿ-ում լինել չի կարող։
-Նշվում է, որ վերջերս Դուք եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը գնացել եք Գ. Ծառուկյանի մոտ եւ ասել, թե պետք է ԱԺ-ում հայտարարել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժ է: Սակայն Գ. Ծառուկյանն ասել է, որ դեռեւս պետք չէ նման հայտարարություն անել, սպասե՛ք:
-Մենք բաց, հրապարակային կուսակցություն ենք, ցանկացած հարց կարող է քննարկելի լինել, այդ թվում նաեւ՝ պարոն Օսկանյանի առաջ քաշած թեզը: Կարծում եմ՝ ժամանակն է վերանայել ԱԺ կանոնակարգ-օրենքի անհեթեթագույն դրույթը, համաձայն որի՝ ընդդիմություն լինել-չլինելը որոշվում է ԱԺ նստաշրջանում արված հայտարարությամբ։ Առաջիկա օրերին մեր խմբակցությունն առաջարկելու է ԱԺ կանոնակարգ-օրենքից հանել այդ անհեթեթությունը։
-Ինչո՞ւ Գ. Ծառուկյանը չի մասնակցում ԲՀԿ-ի շտաբի նախընտրական աշխատանքներին, մեր տեղեկություններով՝ Ծառուկյանն ընդհանրապես շտաբ չի այցելում: Այդ աշխատանքները կատարում են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը եւ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանը:
-Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Պարոն Ծառուկյանն ամենօրյա ռեժիմով տեղեկացված է շտաբի աշխատանքներին, եւ դա միանգամայն բնական է։ Այլ հարց է, որ քարոզչական հանդիպումներին ընտրված է այլ մարտավարություն, ստեղծվել են քարոզչական 12 խմբեր, որոնք բակային հանդիպումների ժամանակ ներկայացնում են Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման մեր  ծրագիրը։
-Պարոն Ծառուկյանը վերջին շրջանում շատ անտրամադիր է, նշվում է, որ դա կապված է այն բանի հետ, որ այժմ ԲՀԿ-ն քաղաքական դաշտում իր դերակատարությունը կորցրել է…
-Գագիկ Ծառուկյանի տրամադրությունը շատ բարձր է, եւ եթե ոմանց Ծառուկյանի բարձր տրամադրությունն անհանգստացնում է, ոչնչով օգնել չեմ կարող։ Իսկ ինչ վերաբերում է Ձեր երկրորդ դիտարկմանը, ապա թույլ տվեք չհամաձայնել դրա հետ։ Այսօր քաղաքական դաշտում ամենամեծ դերակատարությունն ու ազդեցությունն ունի  ԲՀԿ-ն, եւ իմ այս պնդումը չհամարեք չափազանցություն:
Հ. Գ. Երեկ Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի ԲՀԿ-ն իրեն հռչակի ընդդիմություն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս