«ԳՈՐԾՈՂ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՇԱՐՔԱՅԻՆ ԽՈՒԼԻԳԱՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում ծեծի են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի քարոզարշավն իրականացնող ակտիվիստները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երբ նրանք բուկլետներ են բաժանել, երիտասարդներին մոտեցել են թաղի մի քանի երիտասարդներ ու սկսել վիրավորել, քաշքշել: Ապա քաշքշոցը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում ՀԱԿ ակտիվիստ Ավիկ Հախվերդյանը գլխի վնասվածքով տեղափոխվել  է հիվանդանոց:
ՀԱԿ երիտասարդներին մոտեցողներին միացել են նաեւ տարեց մարդիկ, որոնք Ավիկ Հախվերդյանին առանձնացրել են ու սկսել դաժանաբար ծեծել՝ հարվածներ հասցնելով նաեւ նրա գլխին: Նրանք ՀԱԿ ակտիվիստներին հորդորել են հեռանալ տարածքից: Երեկոյան արդեն տեղեկություններ տարածվեցին, որ ծեծողների խումբը հայտարարել է, թե իրենք այդ թաղի հեղինակություններն են, թաղում հայտնի «Պզեի» «ախպերները»:
Դեպքից անմիջապես հետո Ավիկ Հախվերդյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրա գլխին կար են դրել: Երեկ՝ մինչ ուշ երեկո, ՀԱԿ ակտիվիստը դեռ հիվանդանոցում էր, իսկ Կոնգրեսի մյուս երիտասարդները հրավիրվել էին ոստիկանության բաժին՝ ցուցմունք տալու:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ընտրացուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Զոյա Թադեւոսյանի հետ: Վերջինս նշեց, որ այդ փաստն իր վրա շատ է ազդել, ու ինքը վրդովված է, որ ՀԱԿ երիտասարդների հետ նման կերպ են վարվել. «Բռնատիրության մեջ տեղի ունեցող մի գործընթաց է, որն ապացուցում է, որ գործող քաղաքապետը պարզապես շարքային խուլիգան է եւ իր վերարտադրությունը խուլիգանների միջոցով պետք է ապահովի: Նա ոչ մի բարոյական իրավունք չունի, եւ, ընդհանրապես, նորմալ մարդը, եթե լավ տղա է, ձեռք բարձրացնի երիտասարդի վրա: Մեր ակտիվիստներն իրենց սահմանադրական իրավունքներն են իրացրել, այլ ոչ թե նստած քաղաքապետարանի բյուջեի գլխին՝ անհագի ու անկուշտի նման հափշտակում են այն: Նմանները պարզապես երբեք չպետք է արժանանան ժողովրդի վստահությանը»:
«Դրանց պետք է միահամուռ հեռացնել: Նրանց նպատակն է հանդես գալ որպես թաղային հեղինակություն եւ բոլոր թաղամասերն իրենցով անել: Ո՞վ են սրանք, որտե՞ղ են կրթվել, ո՞ւմ օրինակով են ապրում, ո՞րն է իրենց ճանապարհը»,-հռետորական հարց ուղղեց ավագանու անդամի ՀԱԿ թեկնածուն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս