Մարտի 30-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզի Բերդավան գյուղի մարտական հենակետում: Ժամկետային զինծառայող Վարդան Ռեզյանը կրակել էր իր ոտքին: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` զինվորն այդ քայլին գնացել էր խանութներում մեծ պարտքեր ունենալու պատճառով:
Իհարկե, բանակում գրանցվող մահվան դեպքերի պատճառները տարբեր կարող են լինել, սակայն երկու ամսից զորացրվող զինվորի դեպքում կասկածները շատ են: Վարդան Ռեզյանը Լոռու մարզի Շամլուղ գյուղից է: Կատարվածի շուրջ զրուցեցինք համայնքի ղեկավար Լենդրուշ Բեժանյանի հետ, որը դեպքից շատ զարմացած էր: «Սովորական ապրող ընտանիք է, տղայի հայրը մահացած է, եւ մայրը միայնակ է հոգում երեխաների հոգսերը»,-ասաց Լ. Բեժանյանը` հավելելով, որ ինքն անձամբ զինվորի մոր հետ չի խոսել եւ տեղյակ չէ, թե ինչն է եղել Վարդանի` նման քայլի գնալու դրդապատճառը:
Զրուցեցինք նաեւ զինվորի մոր` Զոյա Ռեզյանի հետ, որը մեզ որոշ մանրամասներ պատմեց. «Դեպքը տեղի է ունեցել Նոյեմբերյանի Կողբ գյուղի զորամասում, ու ինչպես տղաս է ինձ պատմել, կրակոցը միամտաբար է եղել: Ավտոմատը պատահական բացվել է, եւ փամփուշտը անցել է ոտքի երկու մատների արանքով»: Զինվորի մայրը նաեւ նշեց, թե ինքը հարյուր տոկոսով չգիտի` արդյոք կատարվածը պատահականություն է, թե ոչ. «Տղաս անձամբ մարտի 30-ին՝ ժամը 5:00-ի սահմաններում, ինձ զանգահարեց եւ ասաց, որ իր հետ նման բան է տեղի ունեցել, ու իրեն շատ արագ տեղափոխել են հիվանդանոց: Էլ չեմ հիշում, թե ինչ ապրեցի, ինչ վատ վիճակում էի գտնվում, բայց ինձ չկորցրի եւ շատ արագ քայլեր ձեռնարկեցի, որ հասնեմ հիվանդանոց ու անձամբ տեսնեմ նրան` համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է»:
Տիկին Զոյան ուշ գիշերով շտապել է Վանաձորի զինվորական հոսպիտալ. «Ճիշտ է, վնասվածքն այդքան լուրջ չէր, եւ տղաս անգամ հոսպիտալում ինքնուրույն քայլում էր, բժիշկներն էլ ինձ ասացին, որ առողջականի հետ ամեն ինչ կարգին է, եւ ոչ մի վտանգ չկա, բայց վախս ու ապրումներս ամեն ինչ արժեին: Վարդանն այդ օրը դիրքերում է եղել, ու նրա հետ երկու զինվոր եւ մեկ սերժանտ էլ են եղել: Նրանք էլ են պատմել, թե իբր ամեն ինչ պատահական է եղել, ու իրենք էլ այդ ամենի ականատեսն են եղել»:
Իսկ տեղեկությունները, թե Վարդանը շատ մեծ պարտքեր է ունեցել, եւ դա է եղել պատճառը, որ կրակել է ոտքին, խիստ զարմացրել են զինվորի մորը: Նա կտրականապես բացառեց դա. «Չի կարող նման բան լինել, ու եթե նման բան լիներ, տղաս ինձ կասեր: Նրան ընդամենը երկու ամիս է մնացել, որ ավարտի ծառայությունը, ու այս ընթացքում նա ոչ մի նման խնդրի առաջ չի կանգնել»:
Ըստ մեր զրուցակցի, եթե որդու ունեցած պարտքը լիներ պատճառը, ամեն ինչ այլ ընթացք կունենար, եւ շատ այլ բաներ կբացահայտվեին, սակայն Վարդանը մորը ոչ մի անգամ նման դժգոհությամբ չի անհանգստացրել. «Նա շատ հանգիստ բնավորություն ունի, նույնիսկ բանակում սերժանտի կոչում է ստացել, եւ հնարավոր չէ, որ նա ինձ խաբեր ու ասեր, թե ամեն ինչ պատահական է եղել կամ էլ պարտքեր է ունեցել, դրա համար էլ գնացել է այդ քայլին: Եթե պատճառներն այլ են, դա թաքցնելու բան չէ, ի վերջո, կբացահայտվեր կամ ինձ ուրիշները կասեին իրական պատճառները, քանի որ հաճախ եմ գնացել հետաքրքրվել, թե նա ինչի պահանջ ունի, եւ նման բան չեմ լսել»:
Տիկին Զոյան նշեց, որ որդին դեռ Վանաձորի հոսպիտալում է, բայց շուտով կգնա զորամաս. «Հաճախ եմ խոսում իր հետ, հիմա ամեն ինչ նորմալ է, վերքն արդեն լավացել է, ու հուսամ, որ ամեն ինչ լավ կլինի, եւ նա առողջ կվերադառնա տուն»:
«Ժողովուրդ»-ը ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանից տեղեկացավ, որ ՀՀ քր. դատ. օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` առկա նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով: Զինվորն այժմ զորամասում է եւ շարունակում է ծառայությունը:
ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ