Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանի մասին ասում են, թե «վերնաշապիկով է ծնվել»: Ու երեւի ճիշտ են ասում, որովհետեւ նա ամենաերկարակյաց նախարարն է, մարդ, որը կարողացել է աշխատել Ռոբերտ Քոչարյանի հետ, հետո փոխել տիրոջն ու դարձել Սերժ Սարգսյանի ամենաընդունելի մարդկանցից մեկը:
Եվ, հավանաբար, Ա. Մովսիսյանը կպահպանի իր տեղը նաեւ նոր կառավարությունում, քանզի նրա հեռանալու մասին ոչ ոք չի խոսում, ոչ ոք, կարծես թե, չի էլ պայքարում: Օրինակ` Վարդան Այվազյանը, կիսատ թողնելով իր «հանքահումքային» գործերը ՀՀ բնապահպանության նախարարությունում, նորից է ցանկանում վերադառնալ այնտեղ, մշակույթի նախարարի պաշտոնի համար պայքարում է նրա տեղակալ, Ս. Սարգսյանի հետ հայրենակցական կապեր ունեցող Արթուր Պողոսյանը, Հայկ Դեմոյանն էլ մղվում է դեպի սփյուռքի նախարարի պաշտոնը՝ կամենալով կառավարությունում ստեղծել հետաքրքիր դուետ՝ առողջապահության նախարար դառնալու մեծ ցանկություններ ունեցող Կարեն Ավագյանի հետ: Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի կամենում զբաղեցնել Ա. Մովսիսյանի տեղը: Գուցե կան մարդիկ, ովքեր գիշեր-ցերեկ երազում են, սակայն չեն արտահայտվում, քանզի շատերին է թվում, թե Ա. Մովսիսյանը սեփականաշնորհել է այս ոլորտն ու այլեւս որեւէ մեկը չի զբաղեցնելու նախարարի պաշտոնը…
Նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը զգուշացրել է ՀՀԿ-ականներին՝ չքննարկել Ա. Մովսիսյանի պաշտոնանկության հարցը, մինչդեռ ընտրություններից կարճ ժամանակ առաջ նախագահին մոտ գտնվողներն ասում էին, թե Մովսիսյանն էլ գնացողների ցուցակում է…
Ուշագրավ է այն հանգամանքը, որ տաշող գործիքների ու քիմիական մանրաթելերի մասնագետն այսօր էներգետիկայի ոլորտն է ղեկավարում, փոխանակ մեկնի Վանաձոր եւ փորձի գործարկել քիմիական արդյունաբերության հսկաներից մեկը՝ քիմիական մանրաթելերի գործարանը: Բայց այս պաշտոնյային ոչ թե մասնագիտությունն է հետաքրքրում, այլ այն եկամուտները, որոնք նա ստանում է իր նախարարական պաշտոնի շնորհիվ: Դե, 12 տարին քիչ ժամանակ չէ, որպեսզի Ա. Մովսիսյանը նաեւ կարողանա լուծել իր բարեկեցության հարցերը: Թեեւ, ծանոթանալով նրա ունեցվածքի հայտարարագրին, տեսնում ենք, որ այնքան էլ ունեւոր չէ: Եվ դա այն պատճառով, որ Կապանում, Սիսիանում ու Երեւանում ունեցած սեփականության գերակշիռ մասը նա գրանցել է հարազատների անունով: Օրինակ՝ Կապան քաղաքից մոտ 20 կմ հեռավորության վրա Ա. Մովսիսյանը մեծամասշտաբ շինարարություն է իրականացրել: Նա այստեղ ուզում է հիմնել ջայլամանոց՝ ցանկանալով աճեցնել ջայլամներ եւ մրցակցել մեկ այլ ջայլամաբույծի՝ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ: Նրա ջայլամանոցը նախատեսված է 500 էկզոտիկ կենդանու համար: Մովսիսյանը լավ է հաշվարկել, որ ամեն մի ջայլամից կարող է ստանալ մոտ 1000 դոլարի եկամուտ, ուրեմն ինչո՞ւ այդ գործը չձեռնարկել՝ այդպիսով խանգարելով այն մենատնտեսներին, որոնք կամենում են մի կերպ լուծել իրենց գոյատեւման խնդիրները:
Զբաղված լինելով ջայլամանոցի կառուցման աշխատանքներով՝ Ա. Մովսիսյանը տապալեց Մեղրիի հէկ-ի շինարարությունը, մինչդեռ սա հայ-իրանական շահավետ նախագիծ էր: Ժամանակին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարզել էր, որ երկրի բյուջեի կատարողականի հաշվետվությունը Ա. Մովսիսյանը խորհրդարան է ուղարկել ապրիլի 28-ին, այսինքն` հէկ-ի շինարարության՝ ենթադրվող մեկնարկից մեկուկես ամիս առաջ: Ինքը` Մովսիսյանը, շինարարության տապալումը պայմանավորել է Իրանի շուրջ ծավալված միջազգային պատժամիջոցներով: Ստացվում է, որ նախարարը չի հետաքրքրվել տարածաշրջանային խնդիրներով, ընդամենը նստել ու կատարողական է գրել՝ չիմանալով, թե ինչ է կատարվում իր երկրին սահմանակից Իրանում…
Ա. Մովսիսյանը ցայտնոտային վիճակում է հայտնվել նաեւ ռուսական գազի պատճառով: Ամիսներ առաջ նա անհոդաբաշխ պատասխաններ էր տալիս, հայտարարում, թե գազի գինը թանկանալու է, իսկ ահա երկրի ղեկավարն այլ բան էր ասում, հետո Մովսիսյանը սկսեց խոսել այն մասին, որ ոչ մի դեպքում գազի գնի թանկացում չի լինելու, բայց ահա Ս. Սարգսյանն ասաց, որ թանկացումը չի բացառվում… Գուցե այս էր պատճառը, որ, ինչպես իրավացիորեն նկատել է մեր գործընկերներից մեկը, ռուսական գազի ուրվականը հետապնդում էր նրան: Այդ պատճառով էլ ընթացիկ տարվա հունվարի 10-ին` կառավարության նիստից հետո, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը բավական երկար չէր իջնում գլխավոր մուտքի մոտ: Ամենայն հավանականությամբ, փորձում էր խույս տալ իրեն սպասող լրագրողներից ու ոչ այնքան հաճելի հարցերից՝ ռուսական գազի գին, «Նաիրիտ»-ի վերագործարկում, միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագիր եւ այլն: Սակայն, ի վերջո, նա չկարողացավ խույս տալ, իջավ, բայց դարձյալ որեւէ լուրջ պատասխան չտվեց:
Դե, «Նաիրիտ»-ի հարցում հասկանալի է նախարարի կաշկանդվածությունը, սա Տիգրան Սարգսյանի ու նրա եղբոր հովանու ներքո գտնվող ձեռնարկություն է, ուր անգամ նախարարի մուտքն է արգելված: Հետեւաբար, այս հարցով նախարարն ընդամենը վերածվել է ոչ կանոնավոր գործող խոսափողի… «Բոլոր պարտքերը վճարվելու են, բայց թե երբ, դժվարանում եմ ասել: Շատ բարդ թեմա է, այնպես չի էլի, որ 1-2 օրից կամ 1 ամսից կլուծվի, ամեն դեպքում, քննարկումների մեծ մասն անցել է, հիմա ամփոփման փուլում ենք գտնվում»,-հերթական անգամ «Նաիրիտ»-ի հարցում ոչինչ չասող պարզաբանումներ է տվել Մովսիսյանը:
Բայց դե, «Նաիրիտ»-ի թեման երբեմն պետք է, որպեսզի շատերն իրենց ուշադրությունը շեղեն Մովսիսյանի ստվերային գործունեությունից` կապված մասնավորապես ՀՀ արդյունաբերական մեկ այլ հսկայի՝ Վանաձորի «Քիմպրոմ»-ի հետ: Ըստ հավաստի տվյալների` այն պատկանում է Մովսիսյանին, որն ինքը, համապատասխան ներդրումներ չանելով, թույլ չի տալիս կյանքի կոչել որեւէ այլ ծրագիր, որը կարող էր հանգեցնել քիմիական հսկայի առողջացմանը, Վանաձորում աշխատատեղերի ստեղծմանն ու արտագաղթի կանխմանը:
Համաձայն որոշ տեղեկությունների` Ա. Մովսիսյանը Իսպանիայի Վալենսիա քաղաքում 3,2 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել, բացի այդ, ձեռք է բերել Ուկրաինայի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկի՝ Դնեպրոպետրովսկի «Բաբուշկինայի» անվան երկաթամշակման գործարանի բաժնետոմսերի 80 տոկոսը: Ա. Մովսիսյանը, բնականաբար, հերքել է այդ տեղեկությունները՝ ասելով այն, ինչ պաշտոնյաները սովորաբար ասում են նման դեպքերում. «Առաջին անգամն եմ լսում…»: Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ Արմեն Մովսիսյանն իսկապես ուկրաինական այդ գործարանի սեփականատերերից է:
ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ