ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանը մի վճիռ է կայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ՝ պարտավորեցնելով հերքում տպագրել եւ ներողություն խնդրել Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանից՝ վճարելով 200 հազար դրամ փոխհատուցում:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս ապացուցել է, որ բարեխղճորեն կատարել է իր պրոֆեսիոնալ աշխատանքը, ներկայացրել երկու կողմերի կարծիքը՝ հանդես գալով ընդամենը ամբիոնի դերում: Եվ մարդկային տրամաբանությունը հուշում է, որ ամբիոնին պատժելը, մեղմ ասած, սխալ է: Այս պատմության մեջ պատժվողը պետք է լիներ կա՛մ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանը, որը «Ժողովուրդ»-ի լրագրողի հետ զրույցում մի քանի անգամ կրկնել է, թե մարզպետ Նվեր Պողոսյանն իր վարորդի միջոցով 3000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել իր մրցակցից՝ ուսուցչի մրցույթում նրա հաղթանակն ապահովելու համար, կա՛մ Նվեր Պողոսյանը, որը կաշառք է վերցրել:
Սակայն ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանը վճռել է պատժել օրաթերթին: Իհարկե, մենք Հայաստանում գոյություն ունեցող դատական համակարգի բոլոր ատյաններում բողոքարկեցինք վճիռը, սակայն այն մնաց անփոփոխ: Մեր իրավունքների պաշտպանությանը միտված գործողությունների բոլոր հնարավորություններն արդեն սպառված են:
Հետեւաբար, հաշվի առնելով այն իրողությունը, որ Նվեր Պողոսյանն իր պաշտոնավարման ընթացքում հենց Ձեզ հաճոյանալու եւ իր անմեղությունը (՞) ապացուցելու համար էր հայց ներկայացրել դատարան, ուստի որպես «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր՝ դիմում եմ Ձեզ՝ շտկելու այս իրավիճակը: Իմ կողմից ղեկավարած թերթի խմբագրությունը կայացված դատական ակտը համարում է անօրինական, եւ այս պահին միակ իրավական լուծումն այն է, որ Նվեր Պողոսյանը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից հետ վերցնի իր ներկայացրած դիմումը, որը կատարողական ակտի կայացման հիմք է դարձել:
Հուսով եմ, որ իմ այս դիմումն անպատասխան չի մնա:
խմբագիր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ