ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչները, որոնք պատասխանատվություն էին ստանձնել հաղթական այո-ն ապահովել մայրաքաղաք Երևանում, մեղմ ասած, անհարմար իրավիճակի մեջ են հայտնվել:
Թիվ 1 ընտրատարածքում, որի պատասխանատուն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է` ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ահա այսպիսի ցուցանիշ է ապահովել 1/35 ընտրատեղամասում. Այո-ն ստացել է 134 քվե, Ոչ-ը՝ 317, Անվավեր է ճանաչվել 25 քվեաթերթիկ:
Թիվ 5 ընտրատարածքում պատասխանատվությունը ԱԺ պատգամավոր, Դավթաշենի նախկին թաղապետ Արթուր Գևորգյանի վրա էր: ՀՀ ոստիկանապետի փեսա Արթուր Գևորգյանը 05/18 ընտրատեղամասում կարողացել է ընդամենը 374 այո քվե հավաքել, Ոչ-ը հաղթել է՝ ստանալով 427 քվե: Անվավեր է ճանաչվել 35 քվեաթերթիկ:
ԱԺ պաշտպանության, ԱԱ և ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ է պարտվել կոնկրետ երկու տեղամասերում: 8/4 ընտրատեղամասում Այո-ն եղել է 165, Ոչ-ը՝ 398, 08/14, Այո-89, Ոչ-201:
Ռուբեն Սադոյանը, որը Կենտրոն վարչական շրջանից ընտրված պատգամավոր է, եղբայրն էլ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, դարձյալ տապալել է հանրաքվեն: Կենտրոնի շատ տեղամասերում ոչ-ը ջախջախիչ հաղթանակ է տարել: 9/11 տեղամասում Ոչ-ը եղել է 385, Այո-ն՝ 242. Անվավեր՝ 44, 9/23-ում՝ 103 այո, 347 Ոչ:
Պարտվել է նաև ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը: Նա 10-րդ ընտրատարածքի փաստացի պատասխանատուն էր, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի խնամին: Սակայն չի կարողացել ցանկալի թվով ձայներ հավաքել: Օրինակ՝ 10/17 ընտրատեղամասում Այո-ն 69, իսկ Ոչ-ը՝ 201 քվե է հավաքել: 10 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: 10/31-ում էլ՝ Այո-154, Ոչ-446, անվավեր 29:
Անցանկալի արդյունք է գրանցել նաև Բելաջիոյի Գրիշ անունով հայտնի Գրիգորի Մարգարյանը: Նա 11/07 ընտրատեղամասում 312 այո, 375 ոչ է արձանագրել: 11/21-ում՝ 190 այո, 450՝ ոչ, 50 անվավեր: 11/31-ում էլ 242 այո, 337 ոչ, 43 անվավեր է եղել:
Armlur.am-ը պարբերաբար կներկայացնի ՀՀԿ շտաբի ներկայացուցիչների հաջողությունների ու ձախողումների մասին տեղեկություններ: