Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2013թ. ապրիլի 10-ի որոշմամբ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով: Այս մասին նշված է հակակոռուպցիոն կենտրոնի տարածած հաղորդագրությունում:
«Միաժամանակ, նույն որոշմամբ հանձնաժողովն առաջարկել է Գագիկ Խաչատրյանին քննարկվող հարցի վերաբերյալ 10-օրյա ժամկետում ներկայացնել իր առարկությունները եւ բացատրությունները:
Հարկ է հիշեցնել, որ 2012թ. դեկտեմբերի 17-ին ԹԻՀԿ-ը, հիմք ընդունելով «ՀԺ» օրաթերթի 2012թ. հոկտեմբերի 18-ի համարում հրապարակված «Մենք ու մերոնքով աշխատում են» եւ «Պայքարի իրական մարտիկը» հոդվածները, դիմում է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացվող կամ «վերահսկվող» ձեռնարկատիրական գործունեությանը: Ըստ թերթի հրապարակման՝ Գ. Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր:
Բացի այդ, ըստ թերթի վերոնշված հրապարակումների, պետական եկամուտների կոմիտեի նախագահի անվան հետ են կապվում նաեւ այլ ընկերություններ, ինչպես, օրինակ, «Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում եւ արտադրություն), «Գալաքսի» սուպերմարկետը, «Մեգա մոթորս» ՍՊԸ-ն («Միցուբիշի»-ի ներկայացուցիչը ՀՀ-ում), «Սանտա ֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Չիմեգ» ՍՊԸ-ն, «Յուքոմ» ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), «Ամասիայի» կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը եւ այլն:
Կենտրոնը, դիմելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, խնդրել էր իր լիազորությունների շրջանակում ստուգել հրապարակումներում նշված փաստերի իսկությունը, պարզել՝ արդյոք առկա է շահերի բախման իրավիճակ կամ նման ռիսկ պաշտոնավարման եւ միաժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, ներդրումները կառավարելիս արդյոք չեն օգտագործվել պաշտոնական դիրքը եւ լիազորությունները»,-ասված է ԹԻՀԿ-ի տարածած հաղորդագրությունում:
ԳԱԳԻԿԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ