ՀՂԻՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ ՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե մեկ ամիս է, ինչ հղի կանայք անվճար ծննդաբերելու համար նախատեսված հավաստագրերը չեն ստանում: ՀՀ առողջապահության նախարարությունից պատճառաբանում են, որ դա կապված է տպարանի տեխնիկական ծանրաբեռնվածության հետ: Նշենք, որ հավաստագիրը հղի կինը ձեռք է բերում այն պոլիկլինիկայից, որտեղ  հաշվառված է: Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հավաստագիր տպելն ու բաժանելն անիմաստ միջոցառում է. «Առողջապահության ոլորտում ավելի կարեւոր խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: Այս թղթի կտորն ավելորդ է ու անարդյունավետ»:
Տեղեկացնենք, որ հավաստագրի շրջանառությունը նշանակում է, որ պետությունն այսուհետ իր վրա է վերցնում բուժհաստատություններում ծննդօգնության ծառայությունների ծախսերը:
Ի վերջո, ի՞նչն էր պատճառը, որ հավաստագրերն ուշ են տպվել: ՀՀ գլխավոր գինեկոլոգ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ հավաստագրերի ուշացումը կապված է եղել տպարանի տեխնիկական ծանրաբեռնվածության հետ. «Պետք չէ խուճապի մատնվել: Մենք հիմա հավաստագրերի հետ կապված խնդիր չունենք: Դա զուտ տեխնիկական դժվարության հետեւանք է եղել, ուրիշ ոչինչ, որովհետեւ առողջապահության նախարարությունը տպագրման համար նախատեսված գումարը ժամանակին տրամադրել էր»:
ՀՀ ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման  վարչության պետ Կարինե Սարիբեկյանից  տեղեկացանք, որ հավաստագրերի բաժանումը վերսկսված է. «Այն որոշակի չափաքանակով բաժանում ենք: Ամեն դեպքում, մեր չափորոշիչներում ամրագրված է, որ հավաստագրի բացակայությունը պետպատվերի շրջանակներում ծնելիության ծառայությունները մերժելու հիմք չի կարող հանդիսանալ»: Նրա խոսքով՝ բուժհաստատություններն արդեն իրենց հայտերը ներկայացրել են, եւ հիմա առաջնահերթ հավաստագրերը տրվում են հենց այն հաստատություններին, որտեղ դրանք սպառվել են. «Մինչ այս մենք բավական մեծ չափաքանակ տպագրել էինք, եւ պետք է որ այս տարվա եռամսյակի համար լիովին բավարարեր: Բայց նշեմ, որ նախարարությունը նորից մրցույթ է հայտարարել: Այս պահի դրությամբ հավաստագրեր կան, եւ դրանք տրվում են հղիության 22 շաբաթական ժամկետում»:
Իսկ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն առաջարկում է հրաժարվել հավաստագրերի ներդրումից, քանի որ այն համարում է անիմաստ միջոցառում: «Այս ոլորտում, տվյալ թղթերը բաժանելուց բացի, կան ավելի լուրջ հարցեր: Օրինակ՝ հայտարարել էին, որ ամբուլատոր պոլիկլինիկական համակարգն անվճար է,  սերտիֆիկատի կարիք չկա, մարդիկ գնում են պոլիկլինիկա եւ անվճար բուժօգնություն ստանում: Ինչո՞ւ պետք է սեւեռվել ծննդօգնության վրա եւ այդ թղթաբանությունը ծավալել: Նախկինում էլ ծննդօգնությունն անվճար էր հայտարարվել, եւ միայն ֆինանսական միջոցներն են նվազ եղել: Հիմա էլ առանց հավաստագրի հնարավոր է անվճար ծննդօգնություն կազմակերպել: Եվ կառավարությունը 2008-ին որոշեց, որ ծննդօգնությունում պետք է էքսպերիմենտ կոչվածն անեն՝ հավաստագիր բաժանեն: 2008-ին 2007-ի համեմատ երեք անգամ բյուջեով ծննդօգնության ոլորտին հատկացումներն ավելացրին: Այսինքն՝ այս թղթի կտոր հավաստագիրը, որ բաժանում են ժողովրդին, դա չէ պատճառը, որ ծննդօգնությունում որոշ տեղաշարժ կա: Ընդամենը մի փոքր նվազել է ստվերը»,-պարզաբանեց Մկրտչյանը:
Նա նշեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռեւս 2010թ. հայտարարել է, թե ծննդօգնության հավաստագիրը ներդնելու միջոցով ծնունդների թիվը կտրուկ ավելացել է: «Նա հստակ դա կապեց հավաստագրերի ստեղծման հետ: Եվ մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ինչպես: Ու ես ինքս այնքան զարմացել էի, այսինքն՝ կարելի է մի թուղթ դնել շրջանառության մեջ, եւ ծնելիության ցուցանիշը կբարձրանա՞: Հավաստագիրը մոգոնեցին, ու բոլորը սկսեցին երեխայաստեղծ գործունեությա՞մբ զբաղվել»,-զարմացավ Մկրտչյանը:
Առողջապահության նախկին նախարարի կարծիքով՝ ծնելիության ցուցանիշը ոչ թե բարձրացել է, այլ տարեցտարի նվազել: «Թե ինչ տեխնիկական խնդիր է առաջացել, որ հավաստագրերը չեն տպագրում կամ ուշ են տպագրում, դա իրական չէ, կտպեն ու կբաժանեն: Հարցն այն է, որ այսօր առողջապահության ոլորտում կան ավելի կարեւոր հարցեր, քան հավաստագիրն է»,-ընդգծեց Ա. Մկրտչյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս