ՄԻԱՅՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ ապրիլի 17-ին Մոսկվայի օլիմպիական մարզապալատում մեկնարկած Եվրոպայի սպորտային մարմնամարզության անհատական առաջնությունում մեր երկիրը ներկայացնում էին հինգ մարմնամարզիկներ:
Ապրիլի 20-ին ավարտված խոշոր ստուգատեսում, որին մասնակցում էին 37 երկրների մարմնամարզիկներ, մեր երկրի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը, որը Եվրոպայի առաջնությունում անկախ Հայաստանի մարմնամարզիկների ցույց տված արդյունքներից լավագույնն է: Երեւանցի 20-ամյա մարզիկը հաջող հանդես եկավ հատկապես հենացատկերում, վաստակեց 14,866 միավոր ու արժանացավ բրոնզե մեդալի: Ընդ որում, նրա մեդալը արծաթե փայլ կունենար, եթե չսխալվեին մրցավարները, որոնք ուշացումով ներողություն խնդրեցին իրենց թույլ տված վրիպումի համար: Ի դեպ, Արթուրի կատարած երկրորդ` 2, 5 պտույտով ցատկը բարդագույններից է, եւ աշխարհում սակավաթիվ մարզիկներ են այն կատարում: Մասնագետները նշում են, որ մեր մարմնամարզիկի հաջողությունն ավելի մեծ կլիներ, եթե  մեզ մոտ լիներ հենացատկի  վերջին արտադրության կամրջակ: Ցավալի է, որ այս անգամ նույնպես մեր մարմնամարզիկները չկարողացան մեդալ նվաճել օղակների վրա վարժությունում, որն աշխարհում հայկական մրցաձեւի համարում է ստացել օղակների արքա Ալբերտ Ազարյանի շնորհիվ: Հուսանք՝ այդ նպատակը կիրագործվի հոկտեմբերի սկզբին` Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնությունում:




Լրահոս