ՁԻԵՐԸ՝ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԵՋՏԵՂՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 21-ին` ժամը 10:15-ի սահմաններում, Նոյեմբերյան-Երեւան երթուղու «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսը Հովք գյուղի տարածքում գրեթե բախվում էր երկու ձիու, որոնք իրար հետ ճանապարհի մեջտեղում խաղի էին բռնվել: Երթուղային միկրոավտոբուսի վարորդ Սմբատ Գիշյանը մանեւրեց եւ կարողացավ  խույս տալ ձիերի հետ բախումից: Նա դրա համար ստիպված եղավ մտնել հանդիպակաց գիծ, թեեւ դիմացից մեքենաներ էին գալիս: Վարորդը մեզ պատմեց, որ 10 օր առաջ այդ տարածքում ինքը հազիվ է խուսափել ձիերի հետ բախումից: Այդ  օրը` քիչ անց, նույն ճանապարհահատվածում ձիերի հարձակումից վնասվել է Տավուշի մարզի Դովեղ գյուղի Սեյրան անունով բնակչի ավտոմեքենան: Վերջինս Նոյեմբերյանում զբաղվում է ավտոմեքենաների վերանորոգմամբ: Ձիերի երամակը հարձակվել է Սեյրանի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վրա, սմբակներով ջարդել մեքենայի առաջամասը: Ապրիլի 21-ին, չհասած Պարզ լճի խաչմերուկ, Նոյեմբերյանի միկրոավտոբուսը ճանապարհի եզրին կրկին «հանդիպեց» ձիերի երամակին: Բարեբախտաբար, թվով շուրջ 20 ձիերը ճանապարհ չմտան: Հայաստանի անկախանալուց հետո այս ճանապարհահատվածում ձիերի երամակները, էշերն անընդհատ մտնում են երթեւեկելի գոտի: Այդ պատճառով տասնյակ վթարներ են լինում: Սակայն խնդիրը չի լուծվում, որովհետեւ դրանով զբաղվող չկա: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն իր ելույթներում նշում է մարզում զբոսաշրջությունը զարգացնելու կարեւորության մասին: Արտասահմանցի զբոսաշրջիկները շատ են զարմանում՝ միջպետական  ճանապարհի մեջտեղում ձիերի երամակ տեսնելով: Երեւի այդ տարածքում պետք է զարգացնել էքստրեմալ տուրիզմը:




Լրահոս