ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՇԻՆԾՈՒ ՔԱ՞ՅԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպում կան փաստերի բազմաթիվ խեղաթյուրումներ, որոնք նույնությամբ տեղ են գտել վեպի հայերեն թարգմանված տարբերակում, եւ այն ընթերցողի դատին հանձնելուց առաջ պետք է քննարկեին մասնագետները, գրվեր առաջաբան՝ հայ ընթերցողին հստակ ներկայացնելով Ա. Այլիսլիի աշխատության ճշմարտացի եւ խեղաթյուրված դրվագները։ Այդ մասին օրերս հայտարարել է հայագետ, նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը։
Ե՛վ «Ժողովուրդ»-ը, ե՛ւ այլ լրատվամիջոցներ անդրադարձել են ադրբեջանցի գրողի նշված ստեղծագործությանը, մասնավորապես այն փաստին, որ Ադրբեջանի տարածքից տեղահանված հայերին նվիրված «Քարե երազներ» փաստավավերագրական, ինքնակենսագրական, քաղաքական վեպում հեղինակը քննադատում է ադրբեջանցիներին 1919թ. Ագուլիսի եւ 1990թ. Բաքվի ջարդերի կազմակերպման եւ իրականացման համար։
Իսկ այժմ լսենք Ա. Այվազյանին. «Գիտությունների ակադեմիայի մասնագետները, արեւելագետները, գրականագետներն ուղտի ականջում քնած են: Մի՞թե կարելի է այդքան թերուս եւ տգետ լինել, տառապել զոհի հոգեբանությամբ։ Սա դատապարտելի քայլ է: Չի կարելի այսպիսի մոտեցում ցուցաբերել պատմական փաստերին»: Իր այս սուր քննադատությունը փաստարկելու նպատակով հայագետը ներկայացրեց  Ա. Այլիսլիի կողմից խեղաթյուրված փաստերը։ Ըստ նրա` ադրբեջանցի գրողը պատմում է 1919թ. Ագուլիսի եւ 1990թ. Բաքվի ջարդերի մասին՝ նշելով, որ երկու դեպքում էլ հայերի նկատմամբ վայրագություններն իրականացրել են Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիները: Մեր կողմից հավելենք, որ Հայաստանից տեղափոխվածների կողմից ոճրագործության իրականացումը ոմանք կարող են արդարացնել` համարելով, որ նրանք պարզապես վրեժխնդիր են եղել հայերից իրենց տեղահանելու համար: «Այսպիսով` Այլիսլին չեզոքացնում է Ադրբեջանի ղեկավարության մասնակցությունը հայերի կոտորածներին, մինչդեռ բազմաթիվ փաստեր կան, որ այդ ոճրագործությունը կատարել են տեղացի ադրբեջանցիներն Ադրբեջանի պետական ապարատի ղեկավարությամբ»,-նշեց Ա. Այվազյանը։
Մեկ այլ խեղաթյուրում էլ կապված է Ագուլիսի ավերված հայկական եկեղեցիների հետ, որոնց մասին գրողն ասում է, որ ագուլիսցիները չգիտեն, թե դրանք երբ են կառուցվել ու երբ ավերվել: Դա եւս կեղծիք է. «Եկեղեցիներն ավերվել են ադրբեջանական վանդալիզմի հետեւանքով»։ Բանախոսը չբացառեց, որ գրողի նկատմամբ հալածանքներն ադրբեջանական կողմի շինծու քայլ է, որպեսզի ստուգեն հայկական կողմի տրամադրությունները: Փաստորեն, վեպում գրողն ազնվացրել է Ադրբեջանն ու ադրբեջանցուն։
«Ժողովուրդ»-ն  առաջիկայում կներկայացնի նաեւ այլ մասնագետների կարծիքներ:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս