Միջազգային մամուլն անդրադարձել է երեկ Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեին:
Արտասահմանյան լրատվամիջոցները հրապարակել են հանրաքվեի արդյունքներն ու միջազգային դիտորդների արձագանքը:
«ՌԻԱ Նովոստի» ռուսական առաջատար լրատվական գործակալությունը հայտնում է, որ ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը՝ 63,35 %-ը, դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի ժամանակ քվեարկել է խորհրդարանական հանրապետության օգտին: Տվյալները մեջբերվում են ԿԸՀ կայքից:
Գործակալությունը հայտնում է նաև, որ Հայաստանի ընդդիմությունը հայտարարել է հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների և ընտրակեղծիքների մասին՝ վկայակոչելով «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին, ով հայտնել է, որ «հանրաքվեի ընթացքում ընտրակեղծիքների թիվը հասել է 500 հազար ձայնի»: Անդրադառնալով միջազգային դիտորդների արձագանքին՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է. «ԱՊՀ դիտորդական առաքելությունը քվեարկության ընթացքում այցելել է 508 ընտրատեղամաս: Խախտումներ չեն գրանցվել»: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան հայտարարել է, որ «հանրաքվեն կայացել է հանրապետության ընտրական օրենսգրքին համապատասխան հանգիստ և ազատ մթնոլորտում»: Գործակալությունը մեջբերում է նաև ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային քաղաքականության հարցով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևի խոսքը, ով, մասնավորապես, հայտարարել է, որ Հայաստանը «համոզիչ» արդյունք է ցուցաբերել:
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը ևս, հայտնելով հանրաքվեի արդյունքների մասին, նշում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային քաղաքականության հարցով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևի դիրքորոշումը, ով կարծիք է հայտնել, որ նախօրեին տեղի ունեցած հանրաքվեի շնորհիվ` Հայաստանը քաղաքական զարգացման նոր փուլ է թևակոխում:
BBC-ի ռուսական ծառայությունը հիշեցնում է, որ սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները պնդում են, որ սա կօգնի կայունացնել քաղաքական իրավիճակը: Իսկ ընդդիմությունն իր հիմնական նպատակը համարում է այն, որ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է պահպանել իշխանությունը որպես վարչապետ 2018թ. հետո, երբ լրանա նրա երկրորդ նախագահական ժամկետը:
«Վեստի.ռու»-ն և «ՆՏՎ» հեռուստաալիքը ներկայացնում են ԿԸՀ ներկայացրած արդյունքները և նշում, որ պաշտոնական տվյալները կհրապարակվեն մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 13-ին:
«Ինտերֆաքս» տեղեկատվական գործակալությունը տեղեկացնում է հանրաքվեի ընթացքում ընդդիմության կողմից արձանագրած խախտումների մասին:
«Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանը պատրաստվում է բողոքի ցույցերի»,-գրում է Newsru.com կայքը:
Նախօրեին կայացած հանրաքվեին է անդրադարձել նաև գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը: «Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կայացել է»,-գրում է Deutsche Welle-ն: Հեռուստառադիոընկերությունը, ներկայացնելով ԿԸՀ արդյունքները, տեղեկացնում է, որ ընդդիմությունը սպառնում է բողոքի ակցիաներ անցկացնել: Ինչպես գրում է գերմանական հեռուստառադիոընկերությունը, ընդդիմությունը կարծում է, որ իշխող Հանրապետական կուսակցության նպատակը փաստացի միակուսակցական համակարգի ամրապնդումն է, ինչպես նաև` ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան