ՀԱՐՑ. Ես ունեմ մարդատար ավտոմեքենա, որի վաղեմությունն արդեն քսան տարվա է: Լսել եմ, որ այդ տարիքի մեքենաների վարորդների համար գույքահարկի վճարումը պարտադիր չէ: Իրո՞ք այդպես է: Այսինքն՝ ես հիմա պարտադիր պե՞տք է գույքահարկ վճարեմ, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հակոբ Հակոբյանի հարցմանն ի պատասխան` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչությունից տեղեկացնում են, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բեռնատար (բեռնաուղեւորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար գույքահարկ չի հաշվարկվում եւ չի վճարվում:
Իսկ ինչ վերաբերում է մարդատար մեքենաներին, ապա թողարկման տարեթվից սկսած` առաջին երեք տարիների ընթացքում վճարվում է գույքահարկի 100 տոկոսը, ապա ամեն տարի այն նվազում է 10 տոկոսով: 50 տոկոս հասնելուն պես գույքահարկի չափն այլեւս չի նվազում:
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարզ է, որ հարուստները հաստատ 20 տարվա վաղեմություն ունեցող ավտոմեքենաներ չեն վարում, եւ մնում է հուսալ, որ գույքահարկը հնարավորինս կնվազեցվի: