ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիան սխալմամբ ավիահարվածներ է հասցրել սիրիական բանակի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի երկրների ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն սխալմամբ ավիահարվածներ են հասցրել Դեյր-էզ-Զորում սիրիական կառավարական զորքերի ուղղությամբ, որի հետևանքով 4 սիրիացի զինծառայող է զոհվել. գրում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական ազգային պաշտպանության աղբյուրին:

«Ավիահարվածը հասցվել է Դեյր-էզ-Զոր մարզում սիրիական բանակի զինամթերքի պահեստի ուղղությամբ: Մեր տվյալների համաձայն՝ 4 զինծառայող է զոհվել, ևս 16-ը՝ վիրավորվել: Վնասվել է 2 տանկ: Այստեղ աշխատում էր միջազգային կոալիցիայի ավիացիան»,-հայտնել է աղբյուրը:

ԱՄՆ-ն գլխավորում է 65 երկրների կոալիցիան, որոնք մասնակցում են Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ ավիահարվածներին, ընդ որում, կոալիցիան Սիրիայում գործում է առանց տեղական իշխանությունների թույլտվության: Կոալիցիայի ավիահարվածների մոտ 90%-ն իրականացնում է ԱՄՆ ՌՕՈւ-ն:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս