ՀԱՐՑ. Եթե բնակելի տարածության օգտագործման համար համապատասխան պետական գրանցում չի կատարվել, ապա հետագայում կարո՞ղ է որոշակի հետեւանքներ առաջանան, եթե այո, ապա ինչպիսի՞ հետեւանքների մասին է խոսքը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձը մինչեւ 1999թ. հունվարի 1-ը սահմանված կարգով հաշվառված (գրանցված) է եղել բնակելի տարածությունում եւ 04.10.2005թ. ՀՀ հողային օրենսգրքի 188-Ն «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ մտնելու պահը մշտապես կամ առավելապես բնակվել է այդ բնակարանում, ապա մինչեւ 2006թ. դեկտեմբերի 31-ը սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմում ներկայացնելիս փոխհատուցումը կատարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմումը ներկայացվում է դատարան 2007թ. հունվարի 1-ից հետո, ապա իրավունքի դադարեցման դեպքում փոխհատուցման իրավունքից օգտվում են միայն այն անձինք, որոնց բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը գրանցված է սահմանված կարգով: («Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդված):
գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, սա խնդիր է, որը մեր հասարակության բազմաթիվ անդամների է առնչվում: Հուսանք, որ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած պատասխանը լիարժեքորեն կբավարարի մեր ընթերցողին: