ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՑԱՎ, ՇՈՒՐՋՕՐՅԱ ՆՍՏԱՑՈՒՅՑԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազատության հրապարակում մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Նոր Հայաստան» նախաձեռնության շուրջօրյա հանրահավաքը: Չնայած վաղ առավոտից մարզային տրանսպորտի մի զգալի մասը չէր գործում, եւ մի շարք մարզերի բնակիչներ զրկված էին Երեւան գալու հնարավորությունից, սակայն առաջին հանրահավաքը բավական մարդաշատ ստացվեց: Հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ, որը անցավ բավական լարված մթնոլորտում: Երթի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ մի քանի անգամ նույնիսկ հրմշտոցի դեպքեր արձանագրվեցին: Կրքերը առավել լարվեցին, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց սպիտակ վարդերով մոտենալ Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ-ի գրասենյակին, եւ ոստիկանները նրա ճանապարհը փակեցին: Հովհաննիսյանը ցանկանում էր ծաղիկ դնել ՀՀԿ-ի գրասենյակի շեմին: Սակայն հատուկ պաշտպանիչ հանդերձանքով զինված ոստիկանները փակեցին նրա ճանապարհը` չթույլատրելով առաջ գնալ: Երթի մասնակիցները «Սերժի՛կ, հեռացի՛ր» առավել կոշտ վանկարկումներով Ազատության հրապարակ վերադարձան կեսգիշերի սահմաններում: Նստացույցի կազմակերպիչներին այդպես էլ չհաջողվեց մի քանի հարյուր մասնակիցներին վրաններով ապահովելու խնդիրը լուծել. Երեւանի քաղաքապետարանը թույլտվություն չէր տվել, ոստիկանությունն էլ արգելեց վրաններ տեղադրել: Գարեգին Չուքազյանի հրապարակած գործողությունների պլանի համաձայն՝ նստացույցը ընթանալու է անդադար, իսկ այսօր՝ ժամը 18.00-ին, կրկին նշանակված է հանրահավաք:

 

 
Գաղտնիք չէ, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մեծամասնությունը թաքնված օլիգարխ է, եւ մի քանի հազար դոլարը նրանց համար մեծ գումար չի կարող համարվել: Հայաստանն ունի ավելի քան 500 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մեջ են մտնում բարձրագույն ղեկավարությունը, նախարարները եւ նրանց տեղակալները, մարզպետներն ու կառավարության առընթեր մարմինների ղեկավարները եւ նրանց տեղակալները, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության 70 անդամները, 230 դատավորներն ու այսպես շարունակ: Եթե նշված պաշտոնյաներից յուրաքանչյուրն իր կուտակածի մեկ տոկոսի չափով գումար նվիրաբերեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ, ապա արդյունքում հավաքված գումարը կլիներ մի քանի տասնյակ միլիոն դոլարով ավել: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե առանձին պաշտոնյաներից յուրաքանչյուրը որքան գումար է նվիրաբերել հեռուստամարաթոնում, սակայն ապարդյուն: Հավանաբար պաշտոնյաներն էլ գիտեն, որ պետության հաշվին կուտակած հարստությունից ցանկացած չափի հատկացմանը մարդիկ ասելու են, որ քիչ է:

 

 

 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանի կողմից «Ժողովուրդ»-ի հարցմանը տված պատասխանի համաձայն՝ նախատեսվում է մի շարք գերատեսչությունների տեսչություններում իրականացնել օպտիմալացման գործընթաց: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարվա հուլիսի 23-ին ՀՀ Կառավարության նիստում հրահանգեց «…քննարկել մինչեւ 2015 թվականի ավարտը ստուգումների կասեցման հնարավորությունը»: Դրանից հետո ստուգումները դադարեցվեցին, ինչի արդյունքում տեսչությունների աշխատակազմերի մի մասը փաստացի պարապուրդի է մատնվել: Ուստի «Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարությունից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է տեսչությունների աշխատակազմերը կրճատվեն: «Արդյունքում հնարավոր է որոշ տեսչությունների աշխատակիցների թվի կրճատում, իսկ որոշ տեսչություններում հնարավոր է աշխատակիցների թվի ավելացում»,- նշված է «Ժողովուրդ»-ին տրված պատասխանում: Այսինքն՝ կրճատումները ոչ միայն չեն բացառվում, այլ նաեւ հեռանկարում են:

 

 

 
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձած փաստերը վկայում են այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ամիսներ շարունակ նախկին (կամ վերակնքած պայմանագրային) զինծառայողներին հասանելիք վերջնահաշվարկ չի կարողանում վճարել: Մենք նախկինում էլ էինք անդրադարձել այն լուրերին, ըստ որոնց՝ պետական բյուջեի սղության պատճառով պետական հիմնարկների աշխատակիցներն իրենց ամենամյա «պրեմյաները», կամ ինչպես ընդունված է ասել՝ 13-րդ աշխատավարձը չեն ստանա: Սակայն դժվար էր պատկերացնել, որ իրավիճակն այնքան լուրջ է, անգամ ՊՆ-ում չեն կարողանում վերջնահաշվարկ վճարել: Ամեն դեպքում, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ նրա տիկնոջ վարած շքեղ կենցաղից ամենեւին չի զգացվում, որ Օհանյանը նման ծանր ֆինանսական վիճակում գտնվող նախարարություն է ղեկավարում: Ի դեպ, ՊՆ ընտանիքի շռայլությունների մասին նախարարի կինն անձամբ է սոցցանցերի միջոցով հանրությանը պարբերաբար իրազեկում:

 

 

 

 
ՉԹԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ

Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության թուլացմանն ուղղված վերջին օրերի հայտարարություններին նախօրեին հաջորդեց Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների փոխադարձ մեղադրանքների նոր փուլը: Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Թուրքիան «Իսլամական պետության» հետ նավթի ապօրինի առեւտրի անխափան ընթացքի ապահովման պատճառով է ռուսական ռազմական ինքնաթիռը խոցել, ինչին ի պատասխան Ռեջեփ Էրդողանը պահանջեց ներկայացնել կոնկրետ փաստեր` խոստանալով այդ դեպքում հրաժարական տալ: Նա նաեւ հակադարձ առաջարկով դիմեց Պուտինին` ասելով՝ իսկ արդյոք պատրաստ է ՌԴ նախագահը հրաժարական տալ այդպիսի փաստերի բացակայության դեպքում:
Եւ, ահա, երեկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ իր երկիրը չի հրապարակի Թուրքիայի եւ «Իսլամական պետության» միջեւ նավթի վաճառքի մասին ապացույցներ. «Կարեւորը նման տեղեկատվություն ունենալն ու աշխատանքում օգտագործելն է, որը հիմնականում կենտրոնացած է ոչ թե ինչ-որ բան ապացուցելու, այլ ահաբեկչության դեմ պայքարի վրա: Այս տեղեկատվությունն օգտագործվելու է ահաբեկչության դեմ պայքարում»,- նշեց Պեսկովը: Արեւմտյան մամուլում նման պատասխանը գնահատվեց որպես ՌԴ-ի հնչեցրած մեղադրանքների հիմնազրկության ապացույց: Մինչդեռ ռուս փորձագետները գտնում են, որ անկախ այն բանից՝ այդպես է դա արդյոք, թե ոչ, ՌԴ այս հայտարարությունից հետո Թուրքիան մեծ զգուշություն կցուցաբերի ԻԼԻՊ-ի հետ իր բիզնես շփումներում, քանի որ Պեսկովի հայտարարությունը, ըստ էության, ակնարկում էր, որ ՌԴ-ն շարունակելու է հետեւել Թուրքիա-ԻԼԻՊ նավթային համագործակցության ընթացքին եւ անհրաժեշտ պահին այդ տվյալները կարող է հրապարակել:
Այս ֆոնին նաեւ ուշագրավ էր այն փաստը, որ Վ. Պուտինն այդպես էլ չցանկացավ հանդիպել Ռ. Էրդողանի հետ Փարիզում Կլիմայի փոփոխության համաժողովի շրջանակներում` անտեսելով Թուրքիայի նախագահի խնդրանքը եւ զուգահեռ արված այն հայտարարությունները, թե Թուրքիան նման կերպ չէր վարվի ռուսական ինքնաթիռի հետ, եթե իմանար, որ այն ռուսական է:Դրա փոխարեն Փարիզում կայացավ ԱՄՆ նախագահ Բ. Օբամա-Վլ. Պուտին կեսժամանոց հանդիպումը, որի ընթացքում Օբաման հրապարակավ հայտնեց իր ափսոսանքը ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման կապակցությամբ եւ Պուտինին առաջարկեց Սիրիայում ռուսական օդուժի միակ թիրախը դարձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դիրքերը։ Եթե այս հանդիպումն ու դրան արեւմտյան մամուլի արձագանքը համեմատելու լինենք սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում Նյու Յորքում կայացած Օբամա-Պուտին վերջին հանդիպմանը հետեւած գնահատականների հետ, ապա ակնհայտ է, որ սեպտեմբերի վերջից իր ռազմական օդուժը Սիրիա մտցնելով՝ Ռուսաստանը ոչ միայն ամրապնդեց իր դիրքերը, այլեւ ցույց տվեց, որ ՌԴ-ին թերագնահատել չի կարելի:




Լրահոս