Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հաջորդ դիլեման սերտորեն առնչվում է Հայաստանի սահմանադրականության փորձառությանը: Այս համատեքստում գերազանցապես շոշափվում է կառավարման համակարգի խնդիրը: Ի դեպ, որքան էլ զարմանալի է, ՀՀԿ-ականների այո-ի քարոզն էլ է շեշտը դնում խորհրդարանական կառավարման համակարգի «ավելի ժողովրդավարական» լինելու անհեթեթ պնդման վրա:
Հայաստանում հանրապետական կարգերը գործնականում առաջին անգամ կիրառվել են Առաջին Հանրապետության գոյության օրերին: 1918թ. հանկարծակիորեն բախվելով անկախությանը` ժամանակի քաղաքական վերնախավը` հանձին ՀՅԴ-ի, նախընտրեց խորհրդարանական կառավարման մոդելը: Հատկանշական է, որ ՀՅԴ-ի այդ նախապատվությունը փաստացիորեն գալիս էր կուսակցական գործելակերպում արմատացած ավանդույթներից, երբ չկար մեկ կոնկրետ առաջնորդ, որի շուրջը կարող էր կառուցվել կուսակցությունը: ՀՅԴ-ի ամենախարիզմատիկ գործիչներից միայն Արամ Մանուկյանը կարող էր հավակնել այդ դերին, որ մինչեւ Թիֆլիսից Երեւան ժամանել չցանկացող դաշնակցական կառավարության գալը ստանձնեց դիկտատորի պարտականությունները, եւ կարելի է ասել, հսկայական դերակատարություն ունեցավ բարձիթողի մատնված պետական համակարգի ձեւավորման գործում: Բացի այս՝ տարածաշրջանում եւս այդ ժամանակ տիրապետող է եղել կոլեգիալ իշխանավարության կերպը` Ադրբեջանում` հանձինս մուսաֆաթականների, Վրաստանում` մենշեւիկների: Նույնատիպ կոլեգիալ իշխանություն էր ձեւավորված նաեւ Թուրքիայում ու Ռուսաստանում: Ըստ այդմ, թե՛ արտաքին պայմանները, թե՛ ՀՅԴ-ի կուսակցական ավանդույթները թույլ չէին տալիս ունենալ ամուր կենտրոնաձիգ կառավարման համակարգ:
Հենց այս հանգամանքով էլ կարելի է բացատրել տարածաշրջանի անկայունությունը, մշտափոփոխ քաղաքական զարգացումներն ու անվտանգության 0 մակարդակը: Ուժեղ իշխանության բացակայությունը հանգեցրեց հատկապես անհետեւողական արտաքին քաղաքականությանը, որ վարում էր ՀՅԴ-ն: Երբ Քեմալը Թուրքիայում իշխանությունն արդեն ամրապնդում էր իր ձեռքում, փորձ արեց Սեւրի պայմանագրի կնքման օրերին ուղղակի բանակցություններով կարգավորել Հայաստանի հետ խնդիրները: ՀՅԴ-ական վարչապետ Օհանջանյանը քամահրանքով եւ միջնորդավորված էր մերժել առաջարկը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերապահելով Մեծ տերություններին (Սեւրում կնքվելիք դաշնագրին): Անհետեւողական արտաքին քաղաքականության մեկ այլ օրինակ էին խորհրդային Ռուսաստանի հետ վարած բանակցությունները: Ներքին ասպարեզում եւս խորհրդարանական կառավարման համակարգն ունեցավ իր բացասական ազդեցությունը, երբ բոլշեւիկները 1920թ. մայիսին միայն սեփական ապաշնորհության արդյունքում չկարողացան վերցնել իշխանությունը, իսկ ՀՅԴ-ն էլ փոխեց վարչապետին եւ ծայրաստիճան լայն լիազորություններ տալով նրան` պահպանեց իր իշխանությունը: Ի դեպ, Առաջին Հանրապետությունն էլ, մշտապես գտնվելով կիսապատերազմական դրության պայմաններում, չուներ գերագույն գլխավոր հրամանատար: Ռազմական նախարար Տեր-Մինասյանի ղեկավարած զինված ուժերը 1920թ. աշնանը Թուրքիայի պարտադրած պատերազմում ապացուցեցին այդ թերության ճակատագրականությունը:
Երրորդ Հանրապետության քաղաքական ընտրախավն ավելի անձնակենտրոն էր, ինչը պայմանավորված էր թե՛ առաջնորդների անձնական հատկություններով, թե՛ պատմաշրջանի յուրահատկությամբ: Նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրներում էլ անկախությունը զուգահեռվեց նախագահական կառավարման համակարգի ներդրմամբ: Բավական է արձանագրել, որ նախագահական իշխանության պայմաններում Հայաստանում պահպանվեց կայունությունը, իսկ 1994թ. կնքվեց հայկական կողմի համար շահեկան զինադադար: Ավելին` նախագահի «ուժեղ» ինստիտուտով հանդերձ` Հայաստանում կար ուժեղ ընդդիմություն` հանձին 1996թ. Վազգեն Մանուկյանի շուրջը համախմբված դաշինքի: Դրա հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը ուներ հստակ ինքնուրույնություն` ի հեճուկս ՀՀ «ամենակարող» նախագահի: Իսկ, ահա, իշխանությունը Հայաստանում ամենեւին էլ միաբեւեռ չէր, ինչի վկայությունը 1998թ. պալատական հեղաշրջումն էր: Վերջինս, ի դեպ, տեղի ունեցավ լիովին խաղաղ կերպով` չխաթարելով պետության կայունությունը եւ ի դերեւ հանելով թմբկահարվող կեղծիքն այն մասին, թե 1995թ. Սահմանադրությունը նախագահին միապետ էր դարձնում:
Հարկ է արձանագրել, որ Հայաստանն ապրել է թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական համակարգերում: Առաջինի դեպքում չենք ունեցել արտաքին քաղաքականություն, պատերազմում բանակը պարտություն է կրել, եւ հիմնադրությունից 2.5 տարի անց կորցրել ենք ինքնիշխանությունը: Երկրորդի պարագայում Հայաստանում հիմնադրվել են պետական ինստիտուտները, պատերազմն ավարտվել է հաղթականորեն: Այս ամենը հուշում է, որ ազգային, պետական, տարածաշրջանային ու քաղաքակրթական առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանում նախագահական համակարգի այլընտրանքի դերում խորհրդարանական կառավարչակարգը, մեղմ ասած, օգտակար չէ: Հարեւաններից մեկի հետ Հայաստանն այսօր գտնվում է պատերազմական դրության մեջ, իսկ մյուսի հետ ոչ միայն չկան դիվանագիտական հարաբերություններ, այլեւ առիթ-անառիթ նրա առաջ տարածքային ու փոխհատուցման պահանջներ ենք դնում: Նման պայմաններում արդյո՞ք ճոխություն չէ գերագույն գլխավոր հրամանատարից հրաժարվելու քայլը: Ավելին` աշխարհաքաղաքական ներկայիս բարդագույն զարգացումներում որքանո՞վ է նպատակահարմար արտաքին քաղաքականության մանվածապատ ոլորտը հանձնել երեք ֆիգուրների` վարչապետին, փոխվարչապետին ու ԱԳ նախարարին: Պարզ է, որ «բաժանիր եւ տիրիր» կարգախոսի ներքո Սերժ Սարգսյանը, արտաքին հարաբերությունները թողնելով երեք դերակատարի, բանակի նկատմամբ վարչապետի կամ նախագահի վերահսկողությունը վերացնելով, հանրապետական մեծամասնությանը կառավարության գլխին դամոկլյան սրի պես կախելով՝ ապահովագրվում է իր դեմ հնարավոր դավադրությունից:
Հ.Գ. Մենք դիտավորյալ չանդրադարձանք Խորհրդային Հայաստանի փորձին, քանզի այն գտնվում էր Մոսկվայից լիակատար կախման մեջ եւ ինքնուրույն ոչինչ չէր որոշում: Ի դեպ, այս շրջանում էլ Հայաստանում խորհրդարանական «ժողովրդավարություն» էր:
Շարունակելի
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ, ԹԵ ՈՐՔԱՆ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՀԱՆԳԱՆԱԿԵԼ
Ինչպես հայտնի է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր տունը» խորագրով «Հեռուստամարաթոն 2015»-ի արդյունքում ստացվել էր մոտ 10 մլն 400 հազար դոլարի նվիրատվության խոստում: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրվել էր 12 մլն 400 հազար դոլար, իսկ 2013-ին՝ 22 մլն դոլար: Սա աննախադեպ փոքր թիվ է:
Այս ընթացքում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ տարբեր պաշտոնյաներ սփյուռքի հետ հանդիպմանը արժանացել են միայն լուտանքների: Եւ բնական է, որ նման իրավիճակը հանգեցնելու էր հենց այս արդյունքին: Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը սփյուռքի հետ հանդիպում է, մարդիկ բարձրաձայնում են, որ երկիրը կոռումպացված է, իսկ պաշտոնյաները հարստանում են պետության հաշվին: Եւ այն 1 դոլարն անգամ ափսոսում են պաշտոնապես վճարել Հայաստանին, որովհետեւ համարում են, որ այդ գումարը տալիս են պաշտոնյային: Սա նշանակում է, որ սփյուռքն այլեւս չի վստահում իշխանություններին:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե այն մարդիկ, ում պատճառով որ սփյուռքը հրաժարվում է գումար տալ Հայաստանին, որքան են հանգանակել: Պարզվեց, որ ՀՀ կառավարության անդամները՝ վարչապետը, նախարարները, մասնակցել են ամենամյա հեռուստամարաթոնին: Սակայն վերջիններս հրաժարվեցին տեղեկացնել, թե կոնկրետ որքան գումար են հանգանակել: Օրինակ՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանի մամլո քարտուղար Անի Սմբատյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ փոխանցված գումարի չափը չեն կարող հրապարակել: Նույն պատասխանը փոխանցեց նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամլո քարտուղար Գոհար Պողոսյանը, բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվական բաժնի ղեկավար Արմեն Վարդանյանը: Իսկ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, լսելով հարցը, կոպիտ տոնով պատասխանեց. «Ես մասնակցել եմ: Ձեզ ի՞նչ, թե որքան եմ հանգանակել»:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փորձը, երբ հիմնադրամը ստանում է արդեն խոստացված գումարները, հրապարակում է հանգանակված գումարների չափը եւ նվիրատուների ցանկը: Եւ հենց այդ ժամանակ մենք բոլորս էլ կիմանանք, թե որ պաշտոնյան որքան գումար է հանգանակել, կամ հանգանակե՞լ է, թե՞ ոչ: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչու են գաղտնի պահում պաշտոնյաների կողմից հանգանակված գումարների չափը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԹՂԹԻ ԿՏՈՐՆԵՐՈՎ
2015թ. ապրիլի 3-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ավտոկայարանում Դիլիջան-Երեւան միկրոավտոբուսային ուղերթի համար վաճառվող տոմսերի փոխարեն քաղաքացիներին տրվում են սովորական թղթի կտորներ:
Այն ժամանակ Երեւանի Հյուսիսային ավտոկայարանի պետի տեղակալ Վահագն Բաղդասարյանը հայտնել էր, որ իրենք են պատվիրում հանրապետության ավտոկայարաններում տրվող տոմսերը` հավելելով, որ տոմսերի հին խմբաքանակը սպառված է, նոր տոմսերի տպագրման պատվերը տպարանին տրված է, եւ առաջիկա մի քանի օրերին այդ հարցը կլուծվի: Անցել է 8 ամիս, սակայն այդ հարցը մինչ օրս լուծված չէ: Դրանում համոզվեց «Ժողովուրդ»-ի թղթակիցը` դեկտեմբերի 1-ին Դիլիջան քաղաքի ավտոկայարանում տոմս գնելով: Ավտոկայարանի տոմսարկղում տվեցին հասարակ թղթի կտոր, որի երեսին նստատեղի նշումով գրառում է, հակառակ երեսին` հորիզոնական գծեր` 10-ից մինչեւ 16 թվերի նշումներով: Եթե նախկինում Դիլիջանի ավտոկայարանում տոմսի փոխարեն տրված թղթի կտորը գոնե կնքված էր, ապա ձմռան առաջին օրը լրագրողիս ստացած թղթի կտորի վրա անգամ կնիքի հետք չկար: Դիլիջանը վերջին տարիներին մեծ զարգացում է ապրել, կառուցվել է միջազգային դպրոց, ուսումնական տարբեր կենտրոններ:
Քաղաքի ավտոկայարանից օգտվում են ոչ միայն Հայաստանի, այլեւ տարբեր երկրների բնակիչներ: Դիլիջանի ավտոկայարանը զբոսաշրջային համբավ ունեցող քաղաքի դիմագծի կարեւոր մասն է կազմում: Ե՞րբ պետք է նորմալ տոմսեր տրվեն ուղեւորներին: Նախկին հրապարակման մեջ հույս էինք հայտնել, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը միջոցներ կձեռնարկի՝ տոմսերի հետ կապված իրավիճակը շտկելու համար:
Սակայն ինչպես տեսնում ենք՝ վիճակն ավելի է վատթարացել: Հանրապետությունը հեղեղված է տպարաններով, միթե Երեւանի Հյուսիսային ավտոկայարանի տնօրինությունը չի կարողացել ժամանակին տոմսերի պատվեր տալ: Եւ, ի վերջո, ո՞ւր են գնում տոմսերի տպագրության համար նախատեսված գումարները:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ