«Մի՛ վախեցիր», «Poker.am», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից, «Ճակատագրի գերիներ», «Դժբախտ երջանկություն», «Վերադարձ», «Ոստիկաններ» սերիալներից հայտնի դերասան Արտաշես Ալեքսանյանը նշում է, որ հայրենիքից դուրս իրեն երբեմն ավելի լավ են նկատում, քան Հայաստանում: Դերասանը «Ժողովուրդ»-ին պատմել է, թե ինչու վերջին տարիներին հանդես չի գալիս թատրոնում, նա խոսել է իր` մեկը մյուսից տարբեր կերպարներից, ծանր «երկունքներից»: Ա. Ալեքսանյանն անդրադարձել է նաեւ մեր երկրում տիրող վիճակին, իրեն հուզող խնդիրներին:
-Պարո՛ն Ալեքսանյան, «Առաջնորդները» սերիալում նոր կերպար եք մարմնավորում, հասցրե՞լ եք այն լիովին անցկացնել Ձեր պրիզմայով:
-Դա արտիստի մասնագիտությունն է, այլ կերպ հնարավոր չէ: Ոնց որ բժշկի մոտ մի հիվանդ տանես, որ սիրտը վիրահատի, ասի` չէ, չեմ անում: Ամեն մի կերպար, մի վերապրում սպասում է իր ծնունդին: Իսկ եթե արտիստ ես, պետք է ծնես, բոլոր դերերն էլ քո երեխաներն են. տարբերություն չպետք է դնես: «Առաջնորդների» կերպարս ծնվել է ու դեռ մեծանում է:
-Իսկ Ձեր ամենատանջալի «ծնունդը» ո՞ր դերի դեպքում է եղել:
-Դա եղել է համանուն ֆիլմում Գարեգին Նժդեհի կերպարը մարմնավորելիս եւ «Վերադարձ» սերիալում Հասանի դերը խաղալիս: Այդ ժամանակ հոգեւոր առումով շատ եմ «մաշվել». դրանք բարդ ծնունդներ էին` «կեսարյան հատումով» (ծիծաղում է):
-Տարիներ առաջ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կերտել եք մի շարք կերպարներ. հիմա թատրոնում ինչո՞ւ էլ չեք խաղում:
-Դա շուտ է եղել, արդեն տասը տարի է` թատրոնում համարյա չեմ խաղում. խնդիրը ժամանակի սղությունն է եւ վարձատրությունը: Հետո թատրոնում անընդհատ փոքր-փոքր դերեր խաղալով՝ հոգնում ես, մեջն էլ բան չկա: Մեծ դերերն էլ անընդհատ զբաղված են լինում:
-Նկատի ունեք` անընդհատ նույն մարդի՞կ են գլխավոր դերերում:
-Հա, դե, անհետաքրքիր է…
-Իսկ փորձե՞լ եք այնտեղ Ձեր մոտեցումները թելադրել:
-Չէ, ի՞նչ պետք է փորձեմ, ես իմ մասնագիտության տերն եմ, ով աչք ունի, թող տեսնի, թե ինչ եմ անում, ով ականջ ունի, թող լսի: Ո՞նց է լինում, որ տարբեր երկրներում ինձ նկատում-տեսնում են, իսկ Հայաստանում ոչ:
-Ո՞ր երկրներում են տեսնում:
-Դե, ես ավելի շատ ռուսական ֆիլմերում եմ նկարահանվում:
-Ի՞նչն է խնդիրը:
-Ես չգիտեմ, երեւի խնդիրը տեսանելիության մեջ է. այստեղ մառախուղ է, այնտեղ` արեւ, ինչ ասեմ…(ծիծաղում է):
-Բայց Դուք այն դերասաններից եք, որոնք հաճախ են երեւում էկրաններին, այն էլ` գլխավոր դերերում. դժգոհելու իրավունք, թերեւս, չունեք…
-Ես չեմ դժգոհում, խոսքս թատրոնին էր վերաբերում:
-Եթե հիմա ռուսական թատրոնում խաղալու հնարավորություն ունենայիք, կգնայի՞ք:
-Հնարավորություն կա, ուղղակի որ ժամանակ ունենամ, կգնամ…
-Հանրության շրջանում տարածված կարծիք կա, որ Դուք էությամբ ինքնահավան եք, ի՞նչ կասեք:
-Թող ամեն մարդ մնա իր կարծիքին: Եթե «Գարեգին Նժդեհ» ֆիլմը չտեսած` խոսում էին, թե այն վատն է, իմ մասին էլ առանց հետս շփվելու կխոսեն էլի…Ի՞նչ ասես էդ տեսակ մարդկանց:
-1991-92թթ մասնակցել եք Արցախի պատերազմին: Այսօր մեր երկրի ճակատագրով մտահոգվելու ի՞նչ առիթներ եք ունենում, ի՞նչ եք կարծում` Հայաստանի այսօրվա ամենացավոտ խնդիրը ո՞րն է:
-Երկրում տիրող պատերազմական իրավիճակը: Այն, որ մեր հայրենիքը վտանգի մեջ է…Ինքս միշտ լինում եմ դիրքերում, հանդիպում եմ մեր զինվորների հետ, նրանց քաջալերում եմ: Ինձ շատ անհանգստացնում է նաեւ ազգիս սոցիալական վիճակը: Մեր ազգը արժանի է լավ ապրելու, պետք է համբերել…
-Ժողովրդի համար արդեն դժվար է համբերելը…
-Երեւանը միանգամից են սարքե՞լ: Ամեն ինչն էլ կամաց-կամաց սարքվում է` մի քիչ լավ, մի քիչ վատ… Բացթողումներ, իհարկե, շատ կան, բայց ցավալին այն է, որ բոլորն իրենց գործերը թողել, ընկել են քաղաքականության հետեւից. ոչ ոք իր գործով չի զբաղվում, որովհետեւ քաղաքական գործիչներն էլ մեծ մասամբ իրենց գործով չեն զբաղվում: Դրա համար խառնաշփոթ է ստեղծվել, ժամանակ է պետք, որ ամեն բան իր տեղն ընկնի:
ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՆՑ ԲՅՈՒՋԵԻ
Լավ երաժշտություն եւ պոզիտիվ տրամադրություն. ահա թե ինչ է խոստանում «Երեւան, ես սիրում եմ քեզ» նոր ռոմանտիկ կատակերգության ռեժիսոր Արմեն Վիրաբյանը հանդիսատեսին: Ոգեշնչվելով «Փարիզ, ես սիրում եմ քեզ», «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» եւ այլ նմանատիպ ֆիլմաշարերի ձեւաչափից` «Արմդրիմս» փրոդաքշընը իր առաջին փորձն է անում ֆիլմարտադրության մեջ` ֆիլմաշարում ավելացնելով նաեւ հարազատ մայրաքաղաքի անունը:
Ա. Վիրաբյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ֆիլմում ներառված է նովելների շարք, ներկայացված են սիրո պատմություններ. «Դրանց թվում առկա են նաեւ իրական դրվագներ` իմ, իմ ընկերների կյանքից: Սերը` այդ անկեղծ, մաքուր զգացմունքը, արտացոլված է պատմություններից յուրաքանչյուրում»,-ասաց ռեժիսորը:
Հատկանշական է, որ ֆիլմը բյուջե, որպես այդպիսին, չունի: Ողջ աշխատանքն արվում է ընկերական, թիմային ջանքերի շնորհիվ: Կատակերգությունում նկարահանվել են Անաիս Սարդարյանը, Անահիտ Կիրակոսյանը, Արմեն Դալլաքյանը, Համո Ադիյանը, Լուսինե Իսպիրյանը, Արսեն Հակոբյանը, հաղորդավարուհի Դինա Ակոպովնան եւ ուրիշներ: Իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ փոքրիկ երգիչներ Կարեն Օհանյանը եւ Միլլի Միսկարյանը: Ֆիլմում առաջին անգամ որպես դերասան հանդես են եկել ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանը, մոդելներ Նարե Զաքարյանը եւ Արմինե Գեւորգյանը: «Ֆիլմում ներառված սիրային պատմությունների շրջանակներում կազմվել են զույգեր, օրինակ` Անկա Սարիբեկյանը եւ Համո Ադիյանը, Լեւոն Բեգլարյանը եւ Նարե Ղազարյանը, Անահիտ Կիրակոսյանն ու Արսեն Հակոբյանը»,-նշեց ռեժիսորը:
Կատակերգության ընթացքում հնչելու է հեղինակային երաժշտություն` գրված հենց այս նախագծի համար: Երգերի կատարողների թվում են Նարինե Դովլաթյանը, Սոնա Ռուբենյանը, Լենա Ղազարյանը, Մաշա Մնջոյանը եւ այլք: «Երգերի մեծ մասի երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերինը` բանաստեղծուհի Գայանե Դանիելյանը: Ի դեպ, տեղեկացնեմ, որ գերմանական Colors in Motion խմբի ինստրումենտալ ստեղծագործություններից մեկը մեր ֆիլմի սաունդթրեքերից է, այն կմատուցվի նորովի, ձեւափոխված տարբերակով»,-տեղեկացրեց Արմենը:
Ռոմանտիկ կատակերգության նկարահանումներն արդեն ավարտման փուլում են: Նախատեսվում է, որ պրեմիերան տեղի կունենա գարնանը: Մայրաքաղաքում ցուցադրելուց հետո այն կներկայացվի նաեւ մարզերում:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ
«Արամ խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 4-ին տեղի կունենա հոբելյանական համերգ` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի ծննդյան 90¬ամյակին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ համերգին կմասնակցեն Հովհաննես Բադալյանի սաները, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Նորայր Դավթյանի ղեկավարությամբ: Հովհաննես Բադալյանի երգացանկի ամենավառ գործերը՝ «Ես իմ անուշ Հայաստանի», «Ասում են թե», «Հորովել», «Մայրիկիս», «Միայն թե մայրս չիմանա», «Քամանչա», «Երկու ընկեր», «Մայրական ձեռքեր», «Սարերի հովին մեռնեմ», «Երեւանի ջուրը» երգերը համերգի ընթացքում կհնչեն ՀՀ վաստակավոր արտիստներ Համլետ Գեւորգյանի, Արսեն Գրիգորյանի (Մրո) եւ այլոց կատարմամբ: Երեկոյի ընթացքում կցուցադրվի արվեստագետի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմ, կհնչեն նաեւ նրա կատարումներից: Հովհաննես Բադալյանի գործընկերների՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Օֆելյա Համբարձումյանի, Վլադիլեն Բալյանի, Անժելա Աթաբեկյանի եւ Ռուբեն Մաթեւոսյանի խոսքը կներկայացվի տեսանյութերով: Համերգը կանցկացվի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի» նախաձեռնությամբ:
ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՄԱՍԻՆ
Դեկտեմբերի 1-ին Վատիկանում կկայանա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի երիտասարդ եւ կյանքի, թերեւս, ամենաբարդ շրջաններից մեկի մասին պատմող ֆիլմի պրեմիերան։ Ինչպես նշում է Tert.am-ը, հղում անելով Al Arabiya-ն, Call me Francesco խորագրով ֆիլմը պատմում է Արգենտինայում ռազմական բռնապետության պայմաններում ապրող երիտասարդ հոգեւորական Խորխե Մարիո Բերգոլիոյի (Հռոմի պապ) կյանքի մասին: Աղբյուրը մանրամասնում է, որ 98 րոպե տեւողությամբ ֆիլմի ընթացքում հանդիսատեսը կծանոթանա մի շարք ուշագրավ մանրամասների պոնտիֆիկոսի կյանքից: Այն, թե ինչպես էր անցնում նրա երիտասարդությունը Բուենոս Այրեսում, եւ թե ում էր ապագա Հռոմի պապը սիրահարվել` նախքան հոգեւորական դառնալու հստակ որոշում կայացնելը։ Բացի այդ՝ ֆիլմի ստեղծողներն անդրադարձել են Բերգոլիոյի` 2013թ. Հռոմի պապ ընտրվելու փաստին։
ՀԵՐԹԱԿԱՆ ԲՈՒՄԸ
Psy-ի հերթական տեսահոլովակը «պայթեցրել է» YouTube-ը. Daddy կոչվող երգը հավաքել է ավելի քան 2 մլն դիտում 12 ժամվա ընթացքում: Այն հարավկորեացի երգիչ Psy-ի պաշտոնական YouTube ալիքում հայտնվել է նոյեմբերի 30-ի երեկոյան: 12 ժամվա ընթացքում տեսահոլովակը հասցրել է դիտել ավելի քան երկու միլիոն մարդ: Հիշեցնենք, որ նույն երգչի Gangnam Style երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը YouTube-ում ստացել էր ամենամեծ քանակությամբ լայքերը (10.1 մլն): Համացանցում նախորդ երեք տարիների ընթացքում այն դիտվել է 2.46 մլրդ անգամ: