ԱՄԵՆ ԳՆՈՎ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազատության հրապարակում շարունակվեց սահմանադրական փոփոխություններին դեմ ձեւավորված «Նոր Հայաստան» ճակատի նախաձեռնած նստացույցը: Հիշեցնենք, որ նստացույցի մասնակիցները պահանջում են, որ իշխանությունները նախ հրաժարվեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու գաղափարից, այնուհետեւ սկսեն քննարկել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Նստացույցի առաջին գիշերը հրապարակում մնացել է մոտ 30 մարդ: Օրվա ընթացքում էլ նստացույցի մասնակիցների թիվը մեծ չէր: Իսկ երեկոյան, երբ տեղի ունեցավ հանրահավաքը, նախորդ օրվա պես մարդաշատ չէր: Մինչ հանրահավաքի մեկնարկը «Ժողովուրդ»-ը զրուցել է «Նոր Հայաստանի» շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանի հետ` հասկանալու համար, թե ո՞րն է լինելու ընդդիմության հաջորդ քայլը, եթե իշխանությունները չբավարարեն պահանջները: «Մենք ընտրել ենք բռնություն թույլ չտալու տարբերակը, սակայն այդ ընտրությունը հավերժ չէ: Այսօր մենք Րաֆֆիի հետ եկել ենք այն եզրակացության, որ երկար չենք կարող գերի դառնալ նաեւ այդ հանգամանքին: Այսինքն՝ եթե պետք լինի, ամեն գնով պետք է գնալ փոփոխության,- մեր թղթակցին ասել է Սէֆիլյանը` հավելելով,-քիչ առաջ ինձ զանգեցին ու ասացին, որ բարձրաստիճան ինչ-որ չինովնիկ ասել է, որ իրենց համար հանրաքվեն մահու-կենաց կռիվ չէ, այսինքն՝ հնարավոր է նաեւ հրաժարվեն: Չգիտեմ, թե դա որքանով է ճիշտ»:
Ի դեպ, նստացույցն այսօր եւս շարունակվելու է, իսկ երեկոյան Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի սահմանադրական փոփոխություններին դեմ ձեւավորված մյուս՝ «Ոչ»-ի ճակատը, որի առանցքը ՀԱԿ-ն է: Սակայն Արամ Մանուկյանը երեկ արդեն հայտարարել է, որ չեն միանալու «Նոր Հայաստանի» նստացույցին:

 

 
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության բնույթն արդեն սկսել է նշմարվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա իր կողմնակիցների հետ որոշել է դաշտում վարել «ագրեսիվ» մարտավարություն: Սակայն նրանց թիրախում լինելու են ոչ թե իշխանությունները, այլ Աբրահամյան «փրկչի» կերպարը կասկածի տակ դնողները: Նա արդեն իսկ հանձնարարել է ֆեյսբուքյան մեկնաբանություններ գրող «լաչառներ թիմ» հավաքել: Ենթադրվում է, որ այդ թիմը պետք է հակազդի բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն Աբրահամյանին պիտակավորել` ասելով անգրագետ, Ռուսաստանի ծառա եւ այլն: Նույն գործելաոճով ծրագրում են լռեցնել նաեւ այն լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք կհամարձակվեն քննադատել նորահայտ «փրկիչին»: Թե ինչքանով կօգնեն լրատվական դաշտին ու անհատներին ուղղված հարձակումները՝ պիտակներից ազատվելու հարցում, դժվար է ասել: Բայց Գագիկ Ծառուկյանի օրինակը վկա՝ անհնար է գումարով անգրագետից ինտելեկտուալ լուրջ կերպար ստանալ:

 

 
Ինչպես հայտնի է՝ եկող տարվա հունվարի 1-ից հեռուստատեսային անալոգային եթերն անջատվելու է եւ գործելու է միայն թվայինը: ՀՀ կառավարությունը խոստացել էր 150 հազար տյումեր-դեկոդերներ անվճար բաժանել սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի մարդիկ այդ սարքերը միացնելով իրենց հեռուստացույցին՝ հնարավորություն ունենան դիտելու թվային եթերը: Սակայն «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ խոստացված թիվը երկու անգամ պակասել է. մինչդեռ պաշտոնապես 106 հազար 501 սոց.անապահով ընտանիք կա մեր երկրում: Ու հետաքրքիր զուգադիպությամբ սարքը հիմա են սկսել բաժանել բնակիչներին: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում շատ բնակիչներ արդեն ստացել են սարքերը: Եւ ամենեւին էլ տարօրինակ չէ, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ֆոնին» մարդիկ այն որպես ընտրակաշառք են դիտում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս խնդրի շուրջ զրուցել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանի հետ, սակայն նա հայտարարեց, թե իրենք այդ գործընթացի հետ կապ չունեն, եւ վերջ:

 

 

 

Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկում ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված հանցավոր խմբի անդամներին օրերս այցելել են մի խումբ դիտորդներ: Այցելության նպատակը եղել է ձերբակալվածներին, որոնք հիմնականում երիտասարդներ են, այդ թվում նաեւ աղջիկներ, տեսնել, հասկանալ, թե ինչ պայմաններում են պահվում: Դիտորդները նաեւ փորձել են իրենց համար ճշտել, թե որքանո՞վ են հիմնավոր ԱԱԾ-ի պնդումները, խմբի անդամներն իսկապե՞ս ծանր հանցագործություններ են պլանավորած եղել եւ ահաբեկիչներ են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երիտասարդներն ասել են, որ իրենք ոչ թե ահաբեկիչներ են, այլ «ազգի փրկիչներ»: Ի դեպ, խմբի անդամները դիտորդներին խնդրել են նաեւ իրենց օգնել, որպեսզի կարողանան կալանավորված մյուս ընկերների հետ հանդիպել: Այսինքն՝ ակնհայտ է դարձել, որ խմբի անդամները կալանավորվելուց հետո միմյանց չեն հանդիպել:

 

 

 
ԱՐԺԱՆԻ ՉԷ

Եվ այսպես` դեկտեմբերի 1-ից քաղաքացիական անհնազանդության շարժումը, որի մասին այսքան ժամանակ խոսվում էր, եւ որով ընդդիմությունը «վախեցնում» էր իշխանություններին, իշխանություններն էլ` ընդդիմությանը, մեկնարկել է: Սակայն այդ մեկնարկը տրվեց բավականին անհասկանալի գործողություններով. հանրահավաքին հետեւած երթի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացավ ծաղկեփունջ դնել Մելիք Ադամյան փողոցում գտնվող Հանրապետական կուսակցության գրասենյակի առջեւ, ինչը, սակայն, նրան թույլ չտրվեց գրասենյակը անառիկ ամրոցի նման հսկող ոստիկանական պատի կողմից: Եւ նախօրեի երեկոյան «Նոր Հայաստանի» հանրահավաքից սպասելիքներ ունեցող ժողովուրդը հետեւում էր, թե ինչպես է շուրջ մեկ ժամ մի քանի հարյուր հոգանոց ցուցարարների խումբը փորձում ճեղքել ոստիկանների շղթան, եւ ինչպես են ոստիկանները հրմշտում ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացիներին, որոնք պայքարում են… Ր. Հովհաննիսյանի ծաղկեփունջ դնելու ցանկության իրագործման համար:
Անկեղծ ասած` Ր. Հովհաննիսյանի էքսցենտրիկ քաղաքական քայլերն այլեւս որեւէ մեկի համար զարմանալի չեն. ի վերջո, առանց պահանջի ծոմապահությունից, Սերժ Սարգսյանի հետ նամակագրական կապի մեջ մտնելուց, ապա վերջապես նրան հանդիպելով` տիկին Ռիտայի առողջության մասին հետաքրքրվելուց, հաջորդիվ` «միայն իմ դիակի վրայով» հայտարարելուց ու այդ ամենի վերջում` ժողովրդին Բաղրամյան պողոտայում ոստիկանների հետ դեմ առ դեմ թողնելուց եւ «Զորավարի» հետ Ծիծեռնակաբերդ աղոթելու գնալուց հետո ծաղկեփունջ դնելը, թերեւս, առանձնապես զարմանալի մի դրսեւորում չէ Րաֆֆու համար: Այս դեպքում մի փոքր անհասկանալի էր րոպեներ առաջ «Մահ ռեժիմին» հայտարարած եւ «հեղափոխությունը սկսած» Ժիրայր Սէֆիլյանի ներկայությունն այդ ներկայացմանը (ի դեպ, Ժիրայրն ինքը օգտագործեց ներկայացում բառը):
Մյուս կողմից էլ նույնքան ոչ ադեկվատ, թեեւ միանգամայն համարժեք էր իշխանության արձագանքը` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շուրթերով: Անդրադառնալով Րաֆֆու` ծաղկեփնջային հեղափոխությանը` նա երեկ ասաց. «Ծաղկեփունջ կարելի է դնել շատ տարբեր պարագաներում: Կարելի է ծննդյան առումով դնել, կարելի է նահատակների հիշատակին դնել: Իսկ ծաղկեփունջ դնելու ամենաարդյունավետ մոտեցումը, որ ավելի գնահատելի է աշխարհում, դա երկրների նախագահները, խորհրդարանի նախագահները եւ վարչապետներն են դնում, որը ավելի մեծ բովանդակություն է ստանում»: Եթե որեւէ մեկը հասկացավ, թե ինչ է նշանակում «ծաղկեփունջ դնելու արդյունավետ մոտեցում, որը գնահատելի է աշխարհում», ապա նա կհասկանա նաեւ, թե որն էր հարյուրավոր մարդկանց ծաղկեփունջ դնելու համար ոստիկանների հետ բախման տանելու իմաստը: Ըստ էության, մեր ընդդիմությունն արժանի է այս իշխանությանը, իշխանությունն էլ` այսպիսի ընդդիմության: Ափսոս է միայն ժողովուրդը, որը հաստատ սրան արժանի չէ:




Լրահոս