ՈՐՔԱՆ Է ԱՂՔԱՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՆ 9 ԱՄՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության խնդիրն է պայմաններ ապահովել, որպեսզի ձեռնարկությունները եւ անհատ մարդիկ կարողանան ինչ-որ արդյունք ստեղծել, որը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշներին: Սա տնտեսության զարգացման հետեւաբար նաեւ աճ ապահովելու տեսանկյունից կառավարության գործունեության ամենապարզ բնորոշումն է:

Համախառը ներքին արդյունքը (ՀՆԱ) Հայաստանում ստեղծված ամբողջ արդյունքն է: Այսինքն՝ այդ ցուցանիշն իր մեջ ներառում է ինչպես արեւածաղիկ վաճառողի եկամուտը, այնպես էլ տնտեսության բոլոր ճյուղերի եւ անհատների արձանագրած արդյունքները: Մի խոսքով, ՀՆԱ-ն Հայաստանի ողջ տնտեսության եւ բնակչության ստեղծած արդյունքի հանրագումարն է: Իսկ երբ ասում են տնտեսական աճ, նկատի ունեն, որ տվյալ ժամանակահատվածում պետության ՀՆԱ-ն, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, աճել է: Այսինքն՝ տնտեսության աճ ասվածն իրականում ՀՆԱ-ի աճն է: Իհարկե, վերջին տարիներին պաշտոնական վիճակագիրներն այս հանգամանքը թաքցնելու համար հնարեցին «Տնտեսության ակտիվության ցուցանիշ» անվանումով տերմինը, որը փորձում են ներկայացնել իբրեւ տնտեսական աճի թիվ, սակայն, միեւնույն է՝ տնտեսության իրական աճը կամ անկումն արտահայտում է բացառապես ՀՆԱ-ն: Ի վերջո, ընտանիքը նախորդ տարվանից քիչ գումար վաստակելով՝ չի կարող հայտարարել, թե ընթացիկ տարում իր եկամուտներն աճել են:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը նախօրեին հրապարակեց Հայաստանի այս տարվա առաջին երեք եռամսյակների ՀՆԱ-ի ցուցանիշները: Ըստ այդմ, առաջին եռամսյակում ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 873 միլիարդ 851 միլիոն 400 հազար դրամ, երկրորդ եռամսյակում` 1 տրիլիոն 108 միլիարդ 547 միլիոն 100 հազար դրամ եւ երրորդ եռամսյակում` 1 տրիլիոն 516 միլիարդ 554 միլիոն 600 հազար դրամ: Այսինքն՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանում ստեղծվել է 3 տրիլիոն 498 միլիարդ 953 միլիոն 100 հազար դրամի համախառը ներքին արդյունք:
Նշենք, որ Հայաստանը ներկրման հաշվին ապրող երկիր է: Այսինքն՝ այն ամենը, ինչ մեր երկրում ստեղծվում է, վերջնահաշվարկում վերածվում է արտարժույթի, որի հաշվին արտերկրից ապրանքներ են գնվում եւ ներկրվում Հայաստան, ու մարդիկ կարողանում են ապրել: Ուստի Հայաստանի ՀՆԱ-ն անհրաժեշտ է հաշվարկել միջազգային երկու հիմնական` դոլարի կամ եվրոյի փոխարժեքներից մեկով: Մասնավորապես, եթե այս տարվա 9 ամիսներին ՀՆԱ-ն վերածում ենք դոլարի` մեկ դոլարը 480 դրամ փոխարժեքով, ապա ստացվում է, որ նշված ժամանակահատվածում Հայաստանը կարողացել է ստեղծել 7 միլիարդ 289 միլիոն 500 հազար դոլարի համախառը ներքին արդյունք:
Անցած տարվա ինն ամիսներին, ըստ ԱՎԾ-ի, ՀՆԱ-ն կազմել է 3 տրիլիոն 66 միլիարդ 130 միլիոն դրամ: Անցած տարվա սեպտեմբերի վերջին, այսինքն՝ երրորդ եռամսյակի ավարտին, 1 դոլարի միջին փոխարժեքը կազմում էր 410 դրամ: Ի դեպ, այն գրեթե ողջ տարվա ընթացքում նույն է եղել: Անցած տարի դրամը սկսեց արժեզրկվել նոյեմբերի երկրորդ կեսից: Այսպիսով՝ դոլարային արտահայտությամբ Հայաստանի ՀԱՆ անցած տարվա ինն ամիսների արդյունքում կազմել է 7 միլիարդ 478 միլիոն 400 հազար դոլար: Այսինքն՝ անցած տարվա համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն ինն ամսում նվազել է մոտ 190 մլն դոլարով: Տոկոսային արտահայտությամբ ստացվում է, որ անցած տարվա համեմատ Հայաստանի տնտեսությունում արձանագրվել է 2,5 տոկոսի տնտեսական անկում:
Իհարկե, այս փաստը ՀՀ իշխանությունները երբեք չեն խոստովանի եւ տարատեսակ թվեր նկարելով՝ հանրությանը կփորձեն համոզել, թե իբր տնտեսական աճ ենք ունեցել: Իսկ մարդիկ այդպես էլ կտարակուսեն, թե ինչպես է ստացվում, որ աճի պայմաններում իրենց կյանքը գնալով, միեւնույն է, վատանում է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԻ
ՌԴ քննչական կոմիտեն հարցաքննել է ռուս գործարար Գերման Ստերլիգովին, ում ադրբեջանական իշխանությունները մեղադրում են Լեռնային Ղարաբաղ այցելություն կատարելու մեջ, հայտնում է Interfax-ը: «Վերջերս ինձ կանչել էին քննչական կոմիտե, որտեղ երկու աշխատակից վկայություն են վերցրել: Հարցերը հիմնականում վերաբերել են այն մեղադրանքներին, որոնք իմ դեմ ներկայացրել է ադրբեջանական կողմը ու հարցում ուղարկել ինձ արտահանձնելու մասին»,- հայտարարել է Ստերլիգովը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչ գործունեություն է այս ժամանակահատվածում ծավալել Ստերլիգովը Արցախում, ու ինչու է Ադրբեջանը նման ագրեսիվ ձեւով վերաբերում նրա այցելությանը: «Բոլորին հայտնի է, որ նա Արցախ էր եկել որպես զբոսաշրջիկ, եկել է ու այնքան է սիրել Արցախը, որ որոշել է կապվել մեր երկրի հետ, գնել է այստեղ որոշ տնտեսական օբյեկտներ, այդ թվում նաեւ ալրաղաց, տեսել է բնությունը ու համարում է, որ Արցախը բիբլիական դրախտի մի մասն է: Ու չի կարելի այս ամենի պատճառով մարդու իրավունքները ոտնահարել: Նրա վերաբերմունքը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի, սա ուղղակի մարդու հոգեկան զգացմունքներն են, դա այն է, ինչ տեսել է, ու դառնում է այնպես, որ Ադրբեջանը զբոսաշրջիկին, ցանկացած երկրի քաղաքացու, որն ունի մեր երկրի հանդեպ համակրանք, փորձում է ներկայացնել օրենքը խախտող անձի»,- ասաց մեր զրուցակիցը:

 

ԱՐՑԱԽԻ ԲՅՈՒՋԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել է «ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: ԼՂՀ 2016 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝ եկամուտների գծով` 86 միլիարդ 185,5 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ներառյալ` ՀՀ-ից ստացվող միջպետական վարկի գումարը, ծախսերի գծով` 88 միլիարդ 946.8 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), իսկ դեֆիցիտը կազմելու է 2 միլիարդ 761.3 մլն դրամ: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նիստում ներկայացրել է գալիք տարում երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները:

 

ԱՌԱՆՑ ԱՂ ՈՒ ՀԱՑԻ
Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքի արտադրության ու սպառման ծավալներն այս տարվա տասն ամիսների արդյունքներով եւս նվազել են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին հացի արտադրության ծավալները նվազել են 2 տոկոսով, իսկ աղի արտադրության ծավալները՝ 10.3 տոկոսով: Նկատենք, որ ապրանքների արտադրության ծավալների նվազման թիվը գնալով մեծանում է: Իսկ պատճառն այն է, որ այդ ապրանքների սպառողը ՀՀ բնակչությունն է: Այսինքն՝ բնակչությունն արտագաղթում է, իսկ արտադրության ծավալները նվազում են:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԵԹԵ ԽՈՀԵՄ ԼԻՆԵՆ
«Եթե 1 տարի առաջ զայրույթ կար, այդ զայրույթը վերածվել էր հայհոյանքի, ապա հիմա այն վեր է ածվել անեծքի: Ամբողջ ժողովուրդն իրապես չի ուզում այս իշխանություններին: Եվ մենք կարողացանք հասնել նրան, որ ժողովրդի մի ակտիվ մասը կգնա քվեարկության»,- երեկ ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա ներկայացմամբ` այո-ի տոկոսն այսօր 11-18 է: «Ոչ-ը 3-4 անգամ, առանց գունավորելու, ավելին է, քան այո-ն: Եթե իշխանությունները խոհեմ լինեն, մի փոքր զգան իրավիճակը, ժողովրդի տրամադրությունը եւ Հայաստանի 4 կողմերում գործընթացների զարգացումը, պետք է հետ կանգնեն այս նախագծից»:

 

ՉԻ ՄԻԱՆԱ
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ չի միանա «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին, որը նստացույց է անցկացնում Ազատության հրապարակում: «Ազատության» հետ զրույցում Փաշինյանն ասել է. «Մենք չենք առաջնորդելու քաղաքացիներին դեպի պարտություն, իշխանափոխություն խոստանալու ենք միայն մեկ անգամ: Մեզ համար ընդունելի չէ խոստանալ իշխանափոխություն, իսկ հետո բացատրել, թե ինչու չեղավ»:

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է հայ-չեխական խորհրդարանական շփումները՝ կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության զարգացումը եւ փոխայցելությունները:

 

ԱՌԱՆՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
Դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

 

ՆՅԱՐԴԱՅԻՆ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24-ի կործանման պատճառն այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նյարդերը տեղի են տվել, քանի որ Ռուսաստանի միջամտությունը փոխել է երկրի հավասարակշռությունը: «Սիրիայում Էրդողանի, նրա ահաբեկչական խմբավորումների ձախողումը վկայում է Էրդողանի քաղաքական գործունեության ավարտի մասին»,-նշել է Ասադը: Նա ընդգծել է, որ այն ժամանակահատվածում, երբ «Իսլամական պետության» դեմ ավիահարվածներ են իրականացվել ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի ուժերի կողմից, իսլամիստների դիրքերն ընդլայնվել են, իսկ Ռուսաստանի կողմից ռմբակոծությունների շնորհիվ կրճատվել:




Լրահոս