ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԸ ՎԱՂՈՒՑՎԱ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 27-ին հայտնի էր դարձել, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայտնելով, թե ՀԱԿ հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանին կաշառելու փորձ է արվել: Պատգամավորի հաղորդման հիման վրա դեկտեմբերի 1-ին հատուկ քննչական ծառայությունը ձերբակալեց Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանին, որը 1-03 շտապ բուժօգնության ծառայության պետի օպերգծով տեղակալ Վահե Միրիջանյանի եղբայրն է:

Հիշեցնենք, որ քրեական գործ հարուցելու հիմքում ընկած է տեսագրությունը, որտեղ թիվ 9 ընտրատարածքի 2-րդ տեղամասի հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանը փորձել է կաշառել ՀԱԿ հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանին: Իսկ ի՞նչ պետք է աներ ՀԱԿ անդամը, եթե վերցներ կաշառքը: Ըստ ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի՝ նա կաշառքի դիմաց պետք է իր լիազորությունները որոշակի ժամանակահատվածում չկատարեր` հնարավորություն տալով ընտրակեղծիքներ իրականացնել: Իսկ ո՞վ է Զավեն Միրիջանյանը:

Անձնագիրը փախցնել է տվել

Դեռեւս 2013 թվականի նախագահական ընտրություններին Զավեն Միրիջանյանը եղել է Երեւանի թիվ 09/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը: Նրա հովանավորը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է: Պարզվում է, որ Զավեն Միրիջանյանի ղեկավարությամբ գործող ընտրատեղամասում մինչ այս տեղի ունեցած ընտրություններն այդքան էլ հարթ չեն անցել: ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ Նար-Դոսի փողոցում՝ Նալբանդյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 09/02 տեղամասում մի ընտրող փորձել էր ուրիշի անձնագրով քվեարկել, սակայն երբ վստահված անձինք միջամտել էին, նա վազելով դուրս էր փախել:
Հանձնաժողովի նախագահ Զավեն Միրիջանյանն էլ լրատվամիջոցներին հաստատել էր միջադեպը` փորձելով վստահեցնել, թե. «Ուրիշի անձնագրով չի եկել»: Նկատենք, որ մինչ հանձնաժողովի անդամը փախուստի դիմաց քաղաքացուն ցանկացել էր փրկել անցանկալի հետեւանքներից, վերոնշյալ ընտրատեղամասում գտնվող վստահված անձինք ուշագրավ մանրամասներ էին պատմել տեղի ունեցած խախտումից: Երբ վստահված անձինք քվեարկած քաղաքացիներից երկուսին խնդրել էին ցույց տալ իրենց անձնագրերը, պարզվել էր, որ դրանցում քվեարկությունը հաստատող կնիք չկա: ՀՀԿ-ական հանձնաժողովի նախագահ Զավեն Միրիջանյանը ենթադրել էր, որ թանաքը, հավանաբար, ցնդել է: Ավելի ուշ Միրիջանյանը վերցրել էր քաղաքացու անձնագիրը` իբր ստուգելու համար, սակայն ակնհայտորեն հասկացրել էր երիտասարդին, որ խլի իր ձեռքից անձնագիրն ու դիմի փախուստի, ինչն էլ երիտասարդը հաջողությամբ արել էր ու այդպես էլ մնացել անպատիժ:
Եւ եթե դեռեւս 2013 թվականին իրավապահները նշված ընտրատեղամասում արձանագրված խախատումների մասով քննություն սկսեին եւ հասկանային, թե ով է ուղղորդել քաղաքացիներին կրկնակի քվեարկություն իրականացնել, եւ ինչու է Զավեն Միրիջանյանը քաղաքացուն ասել` փախի, ըստ էության, 2 տարի անց չէինք ունենա հանցափորձի թարմ դեպքը` կաշառքի տեսքով:

Նախարարի թիմակիցն է

Չնայած Զավեն Միրիջանյանը ձերբակալված է, այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ու ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը կհամարձակվեն դուրս գալ Գագիկ Բեգլարյանի դեմ` նրա թիմակցին մինչեւ վերջ պատժելով: Չէ՞ որ Գագիկ Բեգլարյանը համարվում է Սերժ Սարգսյանի վստահելիներից մեկը` ի հեճուկս նրա երիտասարդ թիմի: Եւ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի հրահանգը կատարելու համար է նա իր թիմին հրահանգել ամեն ինչ «ակուրատնի» կազմակերպել, սակայն ՀԱԿ երիտասարդ անդամը «հարամել է»:

Ձերբակալվածի եղբայրը չի հավատում

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում 1-03 շտապ բուժօգնության ծառայության պետի օպերգծով տեղակալ Վահե Միրիջանյանը, որը ձերբակալված Զավեն Միրիջանյանի եղբայրն է, ասաց, թե չի հավատում, որ եղբայրը կարող էր ՀԱԿ անդամին կաշառք առաջարկել:
-Կաշառքի մասին հրապարակվեց դեռեւս նոյեմբերի 28-ին, իսկ, ահա, Ձեր եղբորը ձերբակալեցին երեք օր անց, մի՞թե մինչ այդ Ձեր եղբորից չհետաքրքրվեցիք, թե ինչ է կատարվում:
-Քննող մարմիններից հարցրեք, ինչո՞ւ եք ինձ հարցնում: Չեմ խոսել իր հետ, տեղեկություն չունեմ, ինչքան Դուք եք տեղյակ, այդքան էլ ես գիտեմ, այլ բան չգիտեմ:
-Ընդունենք, որ տեղյակ չեք, իսկ հավատո՞ւմ եք առաջադրված մեղադրանքի հիմքերին:
-Միանշանակ՝ ոչ:
-Ձեր եղբայրն է, դրա համա՞ր եք այդպես ասում, թե՞ իսկապես չէր կարող գնալ այդ քայլին:
-Դուք հարցնում եք՝ կարող էր անել, ես ասում եմ, որ ոչ: Այլ բան չեմ կարող ասել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դեռեւս հունիսի սկզբին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այս տարվա գարնանը լույս տեսած մի շարք հրապարակումների հեղինակներին, ըստ որոնց՝ նախարարի կինը, վարելով իր նախկին ընկերոջ ավտոմեքենան, վթարի է ենթարկել այն, ինչի արդյունքում մահացել է գործարար Փայլակ Հայրապետյանի որդին` Հովիկը: Ավելի ուշ՝ նոյեմբերի 8-ին, դատախազությունը որոշում կայացրեց հրապարակման հիման վրա ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնությունը) քրեական գործ հարուցել, իսկ, ահա, հարուցված քրեական գործի քննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությանը:
Գրել էինք, որ վերոնշյալ նյութի հեղինակը «Հայկական ժամ» կայքի լրագրող Ալիս Խեչոյանն էր: Ի դեպ, նշենք, որ ըստ կայքի խմբագիր Աննա Գեւորգյանի՝ արդեն երկար ժամանակ է՝ տեղյակ չէ, թե որտեղ է գտնվում լրագրողը, եւ, առհասարակ, նրա մասին որեւէ տեղեկություն չունի:
Դեկտեմբերի 1-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հայկական ժամ» կայքի խմբագիր Աննա Գեւորգյանը հայտնեց, որ իրեն հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն՝ հարցաքննության: Ըստ խմբագրի` քննիչը իրենից հետաքրքրվել է, թե որտեղ կարող է լինել հրապարակման հեղինակ Ալիս Խեչոյանը. «Ասում էին՝ նկարագրեք Ալիս Խեչոյանին, հեռախոսահամարներն ունեք նրանից, թե ոչ, ում հետ է կապ ունեցել եւ նման այլ հարցեր: Ինչպես նաեւ հայտնել եմ, որ մենք իր հետ կապ չունենք, եւ նա այլես կայքում նյութ չի հրապարակում»:
Իսկ կա՞ ընդհանրապես նման անուն- ազգանունով մարդ, թե՞ Ալիս Խեչոյան անուն-ազգանունը ծածկանուն էր: «Ժողովուրդ»-ի այս հարցին Աննա Գեւորգյանը պատասխանեց. «Նման լրագրող եղել է, եւ ես հանդիպել եմ նրա հետ, սպասենք դեպքերի զարգացմանը, տեսնենք, թե ինչ ընթացք կունենա գործը»:
Մեր այն դիտարկմանը, թե ընդունո՞ւմ եք, որ հրապարակված նյութը, որտեղ Ռուզաննա Խաչատրյանին մեղադրում են վթարի մեղսակից լինելու մեջ, լուրջ հարված չէր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ, առհասարակ, նրա ընտանիքին, Աննա Գեւորգյանը պատասխանեց. «Գոտկատեղից ներքեւ հարվածը մեր խմբագրության է հասցվել, քանի որ արդեն տեւական ժամանակ է, ինչ խաթարված է մեր բնականոն գործունեությունը, եւ ստեղծված իրավիճակը գոտկատեղից ներքեւ հարված է անկախ մամուլի նկատմամբ: Եթե իրենց հաջողվի այս պատժաձեւը կիրառել լրագրողի նկատմամբ, ապա սա թափվելու է ողջ լրագրողների գլխին»:
Աննա Գեւորգյանից տեղեկացանք, որ այս գործի շրջանակներում դեկտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն են հրավիրել կայքի լրագրող Հերմինե Մանուկյանին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԿՀԵՏԵՎԵՆ
Դեկտեմբերի 6-ին` սահմանադրական հանրաքվեի օրը, կգործի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) թեժ գիծը լրագրողների համար: Բոլոր լրագրողները, որոնք այդ օրը կենթարկվեն բռնության, կամ կխոչընդոտվի նրանց մասնագիտական գործունեությունը, կարող են զանգահարել թեժ գծի հետեւյալ համարներով՝ 010533895, 093107085: «Ուշադիր հետեւելու ենք իրադարձություններին: Եթե անգամ մեր աշխատակիցները դեկտեմբերի 6-ին չհասցնեն բոլոր խնդրահարույց տեղերում լինել, միեւնույն է, լրագրողների կողմից հնչեցված ահազանգերն անպայման արձանագրվելու են մեր կողմից»,- Aravot.am-ին ասել է ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:

 

ԽՈՒՍԱՆԱՎԵԼ Է
Եթե ընդունվեն սահմանադրական փոփոխությունները, ՎՊ-ն կկոչվի հաշվեքննիչ պալատ եւ այլեւս հաշվետու չի լինի ԱԺ-ին։ Արդյո՞ք այդպիսով կավելանա ՎՊ անկախությունը եւ այն ավելի անկաշկանդ կլինի իր բացահայտումները ներկայացնելիս՝ առանց մտածելու, որ դրան կհետեւի Սերժ Սարգսյանի մոտ հերթական հանդիպումն ու դիտողությունները, A1+-ի այս հարցին ՎՊ նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը չի պատասխանել, փոխարենը արձագանքելով ՎՊ նախագահի տեղակալի եւ այո-ի շտաբի պետի տեղակալի պարտականությունների համատեղման արդյունավետությունը կասկածի տակ դնող դիտարկմանը` ասել է. «Ես ապացուցման ոչ մի անհրաժեշտություն չեմ տեսնում, դրա մասին խոսում է մեր գործունեությունը»:




Լրահոս