ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԼԵՄԱՆԵՐԸ – 3

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանության զարկերակի վրայից ձեռքը հեռացնելու անկարողությունը Սերժ Սարգսյանին ստիպեց գնալ սահմանադրական փոփոխությունների` այդ փափագը քողարկելով հակակշիռների մեխանիզմի կատարելագործման անվան տակ: Իշխանությունն իրականում այնքան էլ չի ստում, երբ պնդում է, որ փոփոխությունների արդյունքում ապահովվելու է կառավարման համակարգի ապակենտրոնացումը: Միաժամանակ ՀՀԿ-ն թաքցնում է, որ իրականացվում է իշխանության գերապակենտրոնացում կամ էլ ճիշտ հակառակը` գերկենտրոնացում կուսակցական քողի ներքո:

Իշխանության բարձրագույն ներկայացուցիչները` նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը, որոնք անձնապես պատասխանատու են պետության առաջ ծառացած խնդիրների համար, առաջարկվող Սահմանադրությամբ կարծես դուրս են թողնվում կառավարման համակարգից: Այս պաշտոնները թուլացված են ծայրաստիճան կերպով` հատկապես արտաքին քաղաքականության եւ երկրի պաշտպանության բնագավառներում նրանց ունեցած արարողակարգային դերակատարությամբ պայմանավորված: Թեեւ 1998թ.-ից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության միակ մտահոգությունը եղել է «ցեղասպանություն» եզրույթը հնարավորինս բարձրաձայն արտասանելը, դա չի նշանակում, որ պետք է այդ ինստիտուտը մատնել խառնաշփոթի: Իսկ կայացած պաշտպանության համակարգը գլխատելն ու գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը վերացնելը ոչ միայն տրամաբանական բացատրություն չունի, այլեւ թելադրված է բացառապես Սերժ Սարգսյանի անձնական շահերով:
1998թ. Վազգեն Սարգսյանի` բանակի նկատմամբ ունեցած անվերապահ ազդեցությունը վճռական դեր խաղաց Տեր-Պետրոսյանի հրաժարականի հարցում, իսկ 2000թ. վարչապետ Արամ Սարգսյանի վերահսկողությունից բանակը հանելով` Քոչարյան-Սարգսյան տանդեմը պահպանեց իշխանությունը: 2008թ. մարտի 1-ին բանակը իշխանության կողմից կիրառվեց ներքաղաքական պայքարում` լուծելով Սերժ Սարգսյանի նախագահության հարցը: Ի դեպ, ամերիկյան դիվանագիտական զեկուցագրերից մեկի համաձայն, որ 2005թ. հեղինակել է դեսպան Ջոն Էվանսը, Քոչարյանի իշխանության հենարաններից առանցքայինը Սերժ Սարգսյանն էր` բանակի վրա անվերապահ ազդեցություն ունենալու պատճառով: Ավելին` բանակի վրա ազդեցություն չունենալով է այսօր բացառվում Քոչարյանի վերադարձը, եթե այն համաձայնեցված չէ Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս իշխանության իրական տիրոջ կարգավիճակով շարունակելու է ազդեցություն ունենալ բոլոր ուժային կառույցների վրա` միաժամանակ ԱԱԾ-ի ու ոստիկանության անմիջական ղեկավարությունը հարկադրված թողնելով ապագա վարչապետին: Այս պատճառով էլ բանակը նույնիսկ իրավաբանորեն չի թողնվում վարչապետի վերահսկողության տակ` անդառնալիորեն կանխելով վերջինիս` իշխանության նոր առաջնորդի վերածվելու հնարավորությունը:
Իշխանության իրական տերը լինելու Սարգսյանի ցանկության բավարարումն անցնում է պետությունը կուսակցապետության վերածելու ճանապարհով: Օրինակ՝ Խորհրդային Միությունում ցանկացած հարց քննարկվում էր ԽՄԿԿ կենտկոմի պլենումում, իսկ ընդունված որոշումը վերաբերում էր ամբողջ պետությանը: Ուշադրություն դարձնենք ՀՀԿ-ի վերջին տարիների գործունեությանը, որը ԽՄԿԿ-ի հայաստանյան տարբերակն է: Արդ, կառավարության անդամների նշանակումը կամ ազատումը որոշվում է ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստերում: Հիշենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ Հովիկ Աբրահամյանը այդ պաշտոնում նշանակվեց հենց այդպիսի նիստերի ժամանակ: Ծառուկյանի դեմ Սերժ Սարգսյանի փետրվարյան արշավանքը մեկնարկեց եւ ավարտվեց ՀՀԿ-ի նիստերում: Արդեն ավանդույթ է դարձել, որ կուսակցական նիստերից հետո մամուլի ասուլիս է տալիս ՀՀ ԱԺ փոխխոսնակը եւ «ավետում», թե ինչ որոշումներ են կայացվել: Ստացվում է, որ իշխանությունն արդեն իսկ Հայաստանում փաստացիորեն ամրագրել է կուսակցապետությունը: Եվ այս սահմանադրական փոփոխություններից հետո փաստացի իրադրությունը ձեռք է բերում իրավական կարգավիճակ: Հանրապետական մեծամասնության միաձայն որոշումները՝ առաջարկված Սերժ Սարգսյանի կողմից, մինչ այս լոկ չգրված օրենքներ էին, որոնք հրապարակումից հետո էին արժանանում իրավական ամրագրման: Այսուհետեւ ՀՀԿ-ի «կենտկոմի պլենումի» վճիռները հանդես կգան կայուն մեծամասնության անվան ներքո` ապօրինի կուսակցապետությունը սահմանադրական դարձնելով: Հատկանշական է, որ անխտիր բոլորի դժգոհությունը հարուցած 89-րդ հոդվածի «կայուն մեծամասնության» մասին դրույթից իշխանությունն այդպես էլ չհրաժարվեց: Սերժ Սարգսյանը դա պահեց իբրեւ պահուստային տարբերակ, եթե հանկարծ ինչ-ինչ միջամտությունների արդյունքում «սիրասուն հաճախորդները» հրաժարվեն հանրապետական մեծամասնության «կայուն» կոալիցիայից:
Այս ամենը թույլ է տալիս պնդել, որ Հայաստանում բացարձակապես անտեսված է ժամանակակից պառլամենտարիզմի միջազգային փորձը: Ոչ մի խորհրդարանական հանրապետություն չունի բացարձակ «կայուն մեծամասնության» վերաբերյալ նման անհեթեթ դրույթ, որը կարող է հավակնել ժողովրդավարության ամենամեծ խոչընդոտը լինելու պատվին: Այդ դրույթի առկայությունը փաստաթուղթը դարձնում է ոչ լեգիտիմ ու հակաժողովրդավարական: Ստացվում է, որ այսօրինակ փոփոխություններով ընտրում ենք արտաքնապես խորհրդարանական կառավարման համակարգ, մինչդեռ իրականում ստանում ենք նեոսովետական կարգեր: ԽՍՀՄ Սահմանադրությունը, որ հորջորջվում էր իբրեւ «ժողովուրդների, սոցիալիզմի ու հավասարության» առհավատչյա, կոմկուսի ուղղորդող եւ առաջնորդող դերի մասին 6-րդ հոդվածով ծաղր էր այնպես, ինչպես այս «ապակենտրոնացնող, մարդակենտրոն ու ժողովրդավարական» արժեքներին միտված, սակայն 89-րդ հոդվածով «կայուն մեծամասնության» բռնապետություն ապահովող Սահմանադրությունը:
Շարունակելի

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՄԻՄՅԱՆՑ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼ

Երեկ Ազատության հրապարակում շարունակվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շուրջօրյա նստացույց-հանրահավաքը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացան ժամը 18.00-ին, իսկ մինչեւ այդ Ազատության հրապարակում միայն քաղաքացիներն էին հավաքված:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, որպես նպատակ հռչակելով իշխանափոխությունն ու սահմանադրական հանրաքվեի տապալումը, նախօրեին նստացույց էր հայտարարել: Պայքարին միացած Անդրեաս Ղուկասյանի խոսքով՝ այժմ կարեւոր ժամանակաշրջան է, քանի որ պետք է ձեւավորվի փոխադարձ վստահություն. «Գնում ենք բոլոր այն գործողություններին, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել այն անհրաժեշտ ճնշումը, որը պետք է բերի ռեժիմի տապալմանը: Կոչ եմ անում լինել համարձակ, վճռական»,-հայտարարեց Ա. Ղուկասյանը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնած երթերը, ցույցերը, նստացույցերը անցնում են ռեժիմի կողմից հոգեբանական պատերազմ սանձազերծելու պայմաններում, դրանով ռեժիմը մերկացնում է իր հակաժողովրդական բնույթը»,- Ազատության հրապարակում հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով ոստիկանության կողմից նախօրեին իրականացված գործողություններին, նշեց, որ անկախ ամեն ինչից՝ բոլոր նրանք, ովքեր առաջին շարքում էին գտնվում եւ ոստիկանների հետ էին հարաբերվում, մի հարցում համոզված են. «Այն հայացքը, նույնիսկ այն շնչառությունը, որ ունեին ոստիկանները, նրանց 80%-ը եւ ավելին նոր Հայաստանի ոստիկաններն էին: Նրանք մեր ակտիվ պայքարի արդյունքում միանշանակ անցնելու են մեր կողմը: Իրենք հոգեպես մեր կողքն են. ֆիզիկապես են գալու»:
Այնուհետեւ Մարտիրոսյանը հորդորեց քաղաքացիներին մասնակցել ՀԱԿ-ի հրավիրած այսօրվա հանրահավաքին: «Ես բոլորին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ոչ-ի մեր գործընկերների կողմից Ազատության հրապարակում ժամը 17:00-ին նախատեսված հանրահավաքին: «Նոր Հայաստանը» եւս մասնակցելու է եւ ողջունում է իրենց հանրահավաքը: Մենք միասնական շարունակելու ենք առաջ շարժվել»,-հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Արտակ Խանաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 09.30-ի սահմաններում, նա իր համագյուղացի, 1975թ. ծնված Արամ Աթոյանի հետ Նորաշեն գյուղի Մնգլտեղեր կոչվող հանդամասում փորսուղի որս կատարելու ժամանակ իրեն պատկանող ԻԺ-58ՄԱ տեսակի երկփողանի որսորդական հրացանով կրակ է բացել փորսուղի ուղղությամբ, սակայն գնդակը դիպել է սայթաքելու հետեւանքով այնտեղ հայտնված, Խանաղյանի հետ որս կատարող Արամ Աթոյանին, ինչի հետեւանքով նա մահացել է: Ա. Խանաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 109 հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ մահ պատճառելը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: դեկտեմբերի 1-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Արտակ Խանաղյանին մեղավոր ճանաչել առաջադրված հոդվածով եւ դատապարտել 6 ամսվա ազատազրկման: Միեւնույն ժամանակ դատավորը վճռել է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան:

 

ԴԵՌ ՉԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ
Անցած ամիսներին ադրբեջանական գնդակոծության հետեւանքով Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղում 815 հեկտար արտերից առանց հնձելու է մնացել 25 հեկտար ցորենի եւ գարու արտ: Այդ մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը: Սահմանամերձ, առավել վտանգավոր գոտում գտնվող այդ արտերը պատկանում են կոթեցի 21 ընտանիքների: Հացահատիկահավաք կոմբայնն այդ դաշտերը հնձելու փորձ կատարելու ժամանակ, այս տարվա հուլիսին ազերիների կողմից մի քանի անգամ գնդակոծվել է: Այդ ժամանակ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը եղել է Կոթիում, քննարկել այդ խնդիրը: Տավուշի մարզպետարանը վերոհիշալ 25 հեկտարի բերքի կորուստը կոթեցիներին փոխհատուցելու համար 10, 5 միլիոն դրամի հատկացման հարցը ներկայացրել է կառավարություն: Առայժմ, սակայն, չհնձված արտերի տերերին պետական բյուջեից փոխհատուցում չի տրվել: Տավուշի մարզպետարանից հավաստիացրեցին, որ փոխհատուցումն անպայման կլինի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս