ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՄԱՏ Է ԹԱՓ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արեւմուտքը Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին ՀՀ իշխանություններին դեղին քարտ է ցույց տալիս: Նախ շաբաթ օրը հրապարակվեց ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների, այդ համատեքստում նաեւ 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների մասին, իսկ երեկ մեկնարկած ԵԽԽՎ նիստում քննարկվեց ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական խմբի զեկույցի նախագիծը: Զարմանալի զուգադիպությամբ իրար հաջորդած այս փաստաթղթերում ՀՀ իշխանությունների հասցեին արեւմտյան կառույցների գնահատականներն առավել քան խիստ են. երեւույթ, որը հազիվ թե լինի պատահական, որովհետեւ քաղաքականության մեջ նման պատահականություններ չեն լինում:
ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում ընդգծված է, որ Հայաստանում սահմանափակված է սեփական կառավարություն փոխելու մարդկանց իրավունքը: Բացի այդ, 2012թ. մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներից են կոռուպցիան, կառավարությունում թափանցիկության պակասը եւ դատական համակարգի սահմանափակ անկախությունը: Խոսելով ԱԺ ընտրությունների մասին՝ ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է, թե մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են գրանցվել, մասնավորապես` պետական ռեսուրսների չարաշահումը հօգուտ իշխող կուսակցությանը, ընտրակաշառքի մասին հավաստի տեղեկությունները, բողոքարկման գործընթացի թերություններն ու բարեփոխված ԸՕ անկատարությունը: 
ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում անդրադարձ կա նաեւ ԱԺ ընտրությունների լուսաբանմանը: Ըստ այդմ, նշված է, որ նախընտրական քարոզարշավը լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են, սակայն քարոզարշավից դուրս` լրատվամիջոցներում պակասում է օբյեկտիվ լուսաբանումն ու բազմակարծությունը: ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում նշված է նաեւ, որ իշխանության բոլոր մակարդակներում հաստատված կոռուպցիայի մասին պնդումները խաթարել են օրենքի գերակայությունը՝ չնայած որ իշխանությունները սահմանափակ քայլեր են ձեռնարկել` պատժելու ցածր եւ միջին օղակների կոռուպցիոն դրսեւորումները: Իսկ դատարանները, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, շարունակել են գործադիր իշխանության կողմից քաղաքական ճնշումների ենթարկվել, ինչը հանգեցրել է քաղաքական դրդապատճառներով հետապնդումների եւ դատավճիռների:
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը եւս աչքի է ընկնում իր կոշտ ձեւակերպումներով: Ընդ որում, երբ համեմատում ես ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում քննարկվող զեկույցն իր նախնական տարբերակի հետ, զգալի է գնահատականների կոշտացումը: ԵԽԽՎ դիտորդները նախագահական ընտրությունները որակել են ընդհանուր առմամբ լավ կազմակերպված: Բայց այս ձեւակերպումից հետո նաեւ թվարկել են բացթողումներն ու թերությունները, որոնք ստվեր են գցում ընտրական պրոցեսների վրա. “Վարչական ռեսուրսի չարաշահումն ու դրա խոչընդոտումը ընտրական գործընթացին, որոնք հակասում են ժողովրդավարական ընտրությունների անցկացման եվրոպական չափանիշներին եւ բացասաբար անդրադառնում հանրային վստահության վրաե: 
ԵԽԽՎ դիտորդներն արձանագրել են նաեւ ընտրությունների օրը տեղ գտած բռնության դեպքերը: Բացի այդ, զեկույցում ընդգծված է պետության եւ իշխող կուսակցության նույնականացման երեւույթը: “Քարոզարշավի կանոնակարգումը չապահովեց ո՛չ բավարար պաշտպանվածություն ընդդեմ վարչական ռեսուրսի շահագործման, ո՛չ էլ համապատասխան տարբերակվածության ապահովման` պետության եւ իշխող կուսակցության միջեւ: Դիտորդական առաքելությունը բացահայտել է ստուգված փաստեր գործող նախագահի օգտին վարչական ռեսուրսի շահագործման կապակցությամբ, ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում, որն իրականացվել է պետական աշխատողների նկատմամբ ճնշումներով: Գրանցվել են դեպքեր, երբ նախընտրական շտաբները տեղակայված են եղել պետական եւ կառավարական մարմինների շենքերում: Բազմաթիվ քաղծառայողներ մասնակցել են գործող նախագահի օգտին իրականացվող քարոզչությանը` չտարանջատելով պետության եւ քաղաքական կուսակցության, պաշտոնական եւ քարոզչական գործառույթներըե,-նշված է զեկույցում: ԵԽԽՎ-ն նաեւ կոչ է արել իշխանություններին շտկել այդ լուրջ թերությունները, բացահայտել բոլոր ապօրինությունները եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել օրենքի շրջանակներում: 
ԵԽԽՎ զեկույցում առանձին անդրադարձ կա նաեւ քաղաքական երեք հիմնական ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի բոյկոտին, եւ նշված է, որ այդպես ընտրողների ընտրության շրջանակը սեղմվել է: “Երկրում երեք հիմնական քաղաքական ուժերը չմասնակցեցին ընտրապայքարին, ընդդիմադիր ուժերը ձախողեցին հանդես գալ միասնական, ինչը բացասաբար անդրադարձավ մրցակցության եւ ընտրության լայն շրջանակի ապահովման գործընթացներին”,- արձանագրված է զեկույցում: 
Ինչեւէ, նման դեպքերում Գալուստ Սահակյանը սիրում է կրկնել. գերտերությունների նման գնահատականները հետեւանք են քաղաքական որոշակի ակնկալիքների: Եվ պատահական չէ, որ երեկ ՀՀԿ-ականները միաբերան պնդում էին` զեկույցները զուրկ են փաստարկներից ու անհիմն գնահատականներ են պարունակում: Փոխարենը ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն իշխանություններին խորհուրդ տվեց լուրջ ուշադրություն դարձնել այս ամենին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 526 համար




Լրահոս