Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի՝ ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի հայցով վճիռը:
Դատարանը վճռեց մասնակի բավարարել հայցվոր Ռուզաննա Խաչատրյանի պահանջը՝ այդպիսով օրաթերթին պարտավորեցնելով հերքել «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածում տեղ գտած, ըստ դատարանի, իրականությանը չհամապատասխանող դրվագները: Խոսքը, մասնավորապես վերաբերում է այն հատվածներին, որոնցում ներկայացված են Սեյրան Օհանյանի կնոջ կողմից մահացու վրաերթ կատարելու դեպքի նկարագրությունը, նախարարի և նրա կնոջ արտաամուսնական կապին վերաբերող հատվածները:
Հարկ ենք համարում նկատել, որ օրաթերթի համար սկզբնաղբյուր հանդիսացել է hzham.am լրատվական կայքը, որտեղ էլ հիշատակվել են Ռուզաննա Խաչատրյանի մասնակցությամբ վթարի և արտաամուսնական կապի մասին չճշտված տեղեկությունները:
Պատասխանող կողմը, սակայն, հորդորում է չշտապել. առջևում դեռևս երկու ատյաններ կան. նրանք պայքարելու են մինչև վերջ:
Օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը վստահ է՝ սա կարող է վատ նախադեպ լինել ԶԼՄ-ների համար. նախարարի կնոջ հայցի բավարարումը լրատվամիջոցների համար կաշկանդվածության վատագույն առիթն է:
Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանն էլ կարծում է՝ իր վստահորդը բավարարված կլինի վճռով, թեպետ իրենց կողմից ներկայացված պատասխան հոդվածը հրապարակելու մասով պահանջը դատարանը չի բավարարել:
Նշենք նաև, որ Արմինե Օհանյանի գնահատմամբ՝ վճիռը կանխատեսելի էր, քանի որ խոսքը նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքին էր վերաբերում. «Բողոքարկելու ենք, գնալու ենք մինչև Եվրադատարան: Վճիռն ապօրինի՝ առանց որևէ հիմքի: Մեզ հատկապես ցավ է պատճառում այն հանգամանքը, որ նման վճիռ կայացրել է դատարանի նախագահը: Նա պետք է ճիշտ օրինակ ծառայեր մյուս դատավորների համար: Մեզ համար սպասելի էր նման վճիռը, դատարանի կաշկանդվածությունը: Սա խայտառակություն է դատական համակարգի համար»:
Հարցին՝ ինչ վտանգ կարող է ներկայացնել դատարանի այս որոշումը՝ Արմինե Օհանյանը ցավով նկատեց, որ եթե նման անմեղ հոդվածի համար կարելի է հայց ներկայացնել, ավելին՝ բավարարել այդ հայցը, ապա մամուլում հրապարակված ցանկացած աննշան հոդված կարող է այս ճակատագրին արժանանալ. «Մենք շարունակելու ենք գրել այս թեմայով. գնալու ենք մինչև վերջ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Խնդրո առարկա հանդիսացած հոդվածների հեղինակ Սյուզան Սիմոնյանը ևս մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք պայքարելու են մինչև վերջ, այս դատարանից այլ բան չէին էլ սպասում:
Հ.Գ. «Հրապարակ» օրաթերթը մի շարք առիթներով հայտարարել է մի պարզ ճշմարտություն՝ հանրային դեմք հանդիսացող անձը հետաքրքրություն է ներկայացնում, և հանրությունն ուզում է իմանալ՝ ով է նա, ինչով է զբաղվում… Ավելին՝ օրաթերթի ներկայացուցիչներն էլ դատարանում դիտարկում են արել, որ Ռուզաննա Խաչատրյանն ի՛նքն է իր վարքագծով հանրային հետաքրքրություն առաջացրել (բազմաթիվ հարցազրույցներ տարբեր լրատվական կայքերի հետ, սոցցանցում ակտիվությունը և այլն), ուստի զարմանալի չէ, թե ինչու է ժողովուրդը քննարկում սույն տիկնոջ ամեն քայլը, մանավանդ այն պարագայում, որ նախարարի՝ անհայտ անցյալով կինը հնարավոր է ՀՀ հաջորդ առաջին տիկինը լինի:
Եվ ակնհայտ է մի բան՝ սույն վճիռը կարող է ամենաբացասական ձևով անդրադառնալ ԶԼՄ-ների հետագա աշխատանքի վրա: Քանի որ եթե դատարանի նախագահն է կաշկանդված, ապա դժվար չէ պատկերացնել՝ ինչ վիճակում են գտնվում մյուս դատավորները, և ցանկացած նմանատիպ հայցադիմում դատապարտված է բավարարման:
Տաթև Հարությունյան