Իրինա Ռոդնինա. «Ուղղակի ցնցող էր, Խաչատրյանի նման մեկնաբանությունը կարող է միայն ուրախություն պարգևել ունկնդրին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամբողջ երկու ամիս երաժշտասերին դասական երաժշտության տոնահանդես պարգևած Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը եզրագիծը հատեց դեկտեմբերի 5-ին՝ աննախադեպ մի նախագծով՝ «Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագրով։ Երեկոյին ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը։ Նշենք, որ խաչատրյանական փառատոնն անցկացվում էր ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Փառատոնի փակման գալա համերգին առաջին անգամ Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը ջազային գործիքավորմամբ ներկայացրին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես եկան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), Կամո Սեյրանյանը (դուդուկ)։ Համերգը ղեկավարում էին Սերգեյ Սմբատյանը և Արմեն Հյուսնունցը։ Ծրագրում հնչեցին Խաչատրյանի ՙՍպարտակ՚ և ՙԳայանե՚ բալետների հատվածների և ՙԴիմակահանդես՚ դրամայի երաժշտության, Խորհրդային Հայաստանի հիմնի և այլ ստեղծագործությունների ջազային մշակումները։

Համերգը նվիրված էր դաշնակահար, ջազմեն Լևոն Մալխասյանի 70-ամյա հոբելյանին։ Լևոն Մալխասյանը նույնպես հանդես եկավ երեկոյի ընթացքում՝ ներկայացնելով Առնո Բաբաջանյանի ՙԱնուրջներ՚ ու ՙՆոկտյուրն՚ ստեղծագործությունները:

Արմեն Հյուսնունցը նկատում է, որ շատ ջազմեններ են անդրադառնում դասական երաժշտությանը, ինչից դասական երաժշտությունը չի տուժում. ՙՊարզապես հանճարեղ դասական երաժշտությանը մոտենում ենք ջազի պրիզմայով ու մտածողությամբ։ Այս նախագիծը ևս մեկ անգամ եկավ հաստատելու, որ Խաչատրյանի երաժշտությունը բացառիկ ազգային է, իսկ ազգային երաժշտության ջազային մեկնաբանությունը միշտ արդարացված է։ Շատ ուրախ եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համագործակցությամբ ու արդյունքով։ Շատ կարճ ժամանակում մեծ աշխատանք է արվել՚։

Դաշնակահար Վահագն Հայրապետյանը խոստովանում է, որ երբ առաջին անգամ լսեց Խաչատրյան և ջազ համադրության մասին, որոշակի կասկածներ ուներ, սակայն աստիճանաբար սկսեց հավանել գաղափարը։ Վահագն Հայրապետյանը նշում է, որ ինքը հետևում էր Խաչատրյանի անվան փառատոնին. ՙՄաեստրոն թուղթ ու մատիտով ամբողջ աշխարհին միայնակ ներկայացրել է մեր ազգը, երկիրը, պատմությունը։ Խաչատրյանը համաշխարհային մեծություն է, ու մենք պետք է կարողանանք արժանին մատուցել նրան։ Այս նախագիծն ինձ համար շատ կարևոր է։ Արամ Խաչատրյանը հայկական ջազի կայացմանը նպաստողներից մեկն է եղել։ Երբ Արտեմի Այվազյանը ստեղծում էր առաջին ջազ նվագախումբը, Խաչատրյանն այն մարդն էր, որ գնաց դռնեդուռ՝ Կենտկոմ, մշակույթի նախարարություն, որ այդ ամեն ինչը կայանա, հայկական ջազ նվագախումբն ունենա իր փորձի տեղը, գործիքները։ Արամ Խաչատրյանն ինքը կողմ էր ցանկացած նորարարության, ու ես վստահ եմ, որ այս նախագիծը նա կհավաներ՚,- ասաց Վահագն Հայրապետյանը։

Ջազ երաժիշտ, դաշնակահար Լևոն Մալխասյանը նշեց, որ ջազի հսկաներից Մայլս Դեյվիսն իր հուշերում գրել է, որ շատ ջազմեններ դեռ կուսումնասիրեն Խաչատրյանի ակորդները, դրանց ներդաշնակությունը, և խաչատրյանական մեղեդին կդառնա նրանց համար շատ հետաքրքիր մի աշխարհ։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ամփոփելով Խաչատրյանի անվան փառատոնը, այն համարեց հաջողված։ «Խաչատրյանը հերոս է, որի երաժշտության ինքնատիպության համար նրան համարում ենք մեծ հայ և համամարդկային արժեք: Հպարտ եմ, որ երիտասարդական նվագախումբը կյանքի կոչեց նրա անվան փառատոնը: Պարզապես չէիք կարող չունենալ Խաչատրյանի անվան փառատոն»,- նշեց Սերգեյ Սմբատյանը: Նա մեջբերեց մեծանուն կոմպոզիտորի խոսքերից՝ «Ջազն այն երաժշտությունն է, որն ինձ ուրախություն է պարգևում»: Սմբատյանի բնորոշմամբ՝ «Խաչատրյանը և ջազը» նախագիծը պետք է ապրի փառատոնից դուրս և ներկայացվի նաև արտասահմանում։

Համերգի հյուրն էր գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան։ Համերգի վերջում ներկայացնելով իր տպավորությունները՝ Ռոդնինան նշեց. «Ուղղակի ցնցող էր։ Խաչատրյանի նման մեկնաբանությունը կարող է միայն ուրախություն պարգևել լսողներին»։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը կազմակերպել էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)։ Փառատոնի անցկացմանն առաջկցում է ՀՀ մշակույթի նախարարությունը։ Գործընկերներն են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազա» հյուրանոցը։




Լրահոս