ՄԱՆԴԱՐԻՆԻ ՄԵԿ ԿԻԼՈԳՐԱՄԸ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ ԵՆ 100 ԴՐԱՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, սակայն այս ժամանակահատվածում մեր երկիրը հասցրել է միայն վնասներ կրել: Այս անգամ էլ թիրախում են հայտնվել Վրաստանից մանդարին ներմուծողները: Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ քաղաքացիները լուռ եւ անպտուղ պայքարի մեջ են Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցների հետ: Նրանց ներկայացմամբ` ՀՀ մաքսային մարմինները ապրանքները մաքսազերծում են ոչ թե իրենց իսկական գներով, այլ հենց մաքսայինի սահմանած «հսկիչ գներով»: Այս ամենին գումարվում են նաեւ մաքսակետում անվերջ թվացող հերթերը եւ քաշքշուկները:

«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է այս խնդրին, մասնավորապես հայաստանյան մաքսակետերում առկա քաշքշուկներին եւ քաղաքացիներին «թալանելու» դեպքերին: Սակայն այն, ինչ կատարվում է Բագրատաշենի մաքսակետում վերջին շրջանում, արդեն լցրել է քաղաքացիների համբերության բաժակը: Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցների գործելաոճի հետ կապված «Ժողովուրդ»-ի խմբագրությունը չի դադարում բողոքներ ստանալ: Դժգոհող քաղաքացիների պնդմամբ՝ հայաստանյան մաքսակետերում տարիներ շարունակ անպատժելիության մթնոլորտ է: Իսկ վերջին օրերին քաղաքացիների կողմից ստացվող բողոքները կապված են մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների գործունեութան հետ:
Ինչպես հայտնի է՝ բազմաթիվ առեւտրականներ այս ընթացքում իրենց ընտանիքը կարողանում են պահել Վրաստանից որոշակի ապրանքներ՝ մրգեր, մաքրող միջոցներ բերելով եւ ՀՀ-ում վաճառելով: Սակայն տեւական ժամանակ է, ինչ մանդարինի վաճառքով զբաղվող առեւտրականները մաքսատան աշխատակիցների կողմից հանդիպում են մի շարք խոչընդոտների: Այսպես, «Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիները հայտնեցին, որ եթե նախկինում մեկ անձը կարող էր առանց մաքսազերծման Վրաստանից Հայաստան բերել, օրինակ, 50 կիլոգրամ մանդարին եւ այն չմաքսազերծել, ապա հիմա այդպես չէ: Այժմ մաքսատան աշխատակիցները նրանցից պահանջում են յուրաքանչյուր 1 կիլոգրամ մանդարինի դիմաց վճարել 100 դրամ մաքսազերծման գումար: Դժգոհող քաղաքացիների խոսքերով՝ նախկինում նույնիսկ դեպքեր են եղել, երբ մաքսատան աշխատակիցները 50 կգ-ից ավել քանակի վրա էլ են «աչք փակել»: Սակայն հիմա խաղի կանոնները կարծես թե փոխվել են. այս դեպքում հասարակ քաղաքացու դեմ:
Առեւտրականների պատմելով՝ իրենք Վրաստանում 1 կգ մանդարինի դիմաց վճարում են ավելի քան 100 դրամ, իսկ եթե մաքսազերծման ժամանակ յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց եւս 100 դրամ վճարեն, ապա կտուժեն եւ որեւէ եկամուտ չեն ունենա: Նշենք, որ ներքին շուկայում մանդարինի վաճառքով զբաղվող եւ գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողները այն վաճառում են 180 դրամով: Ստացվում է, որ անիմաստ է դառնում Վրաստանից 50 կամ ավել կիլոգրամ մանդարին ներմուծելը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ֆինանսների նախարարություն եւ հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ մաքսատան աշխատակիցները 50 կգ մանդարին ներմուծելու դեպքում քաղաքացիներից յուրաքանչյուր կգ-ի դիմաց 100 դրամ են գանձում եւ ի՞նչ իրավական ակտի հիման վրա են պահանջում այն մաքսազերծել:
ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցմանը՝ հայտնեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ԵՏՄ մաքսային օրենսգրքի եւ «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եւ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրով:
Ըստ այդմ, նախատեսվում է, որ տրանսպորտային միջոցներով (բացառությամբ՝ օդային տրանսպորտի) որպես ուղեկցվող ուղեբեռ տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքներն ազատվում են մաքսային վճարների վճարումից, եթե մաքսային արժեքը չի գերազանցում 1500 եվրոյին համարժեք գումարը, եւ ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը:
Միաժամանակ համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացվում է մաքսային մարմնի կողմից՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ՝ ելնելով ապրանքների բնույթից եւ քանակից, ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանն անցնելու եւ նրանց կողմից մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հաճախականությունից»: Վերոնշյալ չափորոշիչների համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքների շարքին չդասված ապրանքները մաքսային վճարներից չեն ազատվում:
Անկախ ներկայացվող պարզաբանումից` «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները պահանջում են վերահսկել մաքսատան աշխատակիցների աշխատելաոճը եւ առաջիկա օրերին կանխել այս երեւույթը: Հակառակ դեպքում՝ առեւտրականները մտադիր են փակել միջպետական ճանապարհը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս