«ՄԱՐԴ ՍԱՅԹԱՔՈՒՄ Է, ԵՐԲ ՇԱՏ Է ՏԱՐՎԱԾ ԻՆՔՆ ԻՐԵՆՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Մխիթար Ավետիսյանը, ով հանդես է գալիս Սոս Սարգսյանի անվան պետական համազգային («Sale», «Իմ խեղճ Պետրոս», «Վիշապ» եւ այլն), Երեւանի պետական կամերային թատրոններում («Կառավարական համերգ», «Ալբանիա+», «Ի զեն», «Նազա՛ր, Նազա՛ր մինչեւ վերջ» եւ այլն), հեռուստադիտողներին հայտնի է մի շարք հաղորդումներից եւ ֆիլմերի կրկնօրինակումներից, «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է թատերական կյանքին առնչվող թեմաների շուրջ, նշել, որ մենք թատերասեր հանրություն ունենք:

-Մխիթա՛ր, զուգահեռաբար խաղում եք Համազգային եւ Կամերային թատրոններում: Երկու տարբեր բեւեռներում ազատ «լողալ» ստացվո՞ւմ է:
-Տարբեր չեն. թատրոն հասկացությունը մեկն է` նույն բեմն է, դերասանները, ռեժիսորը, դեկորացիան, ներկայացումն ու հանդիսատեսը… Երկու թատրոններն էլ դաստիարակչական մեծ աշխատանք են տանում, պարզապես Կամերայինում խնդրի մասին խոսում ենք ժպիտով, հումորով, բայց արի ու տես, որ մարդիկ այնտեղից հեռանում են արցունքն աչքերին: Այսինքն` հումորով ասված խոսքն էլ կարող է խորը լինել:
-Թատրոններ կան, որոնք հանդիսատեսի պակաս չունեն, կան նաեւ այնպիսիք, որոնք ունեն իրենց նեղ, սպեցիֆիկ հանդիսականը: Ի՞նչ անել, որպեսզի քանակն ու որակն այս դեպքում ճիշտ հարաբերակցության մեջ լինեն, ո՛չ մեկը տուժի, ո՛չ մյուսը:
-Կարծում եմ` թատերասեր հանրություն մենք ունենք: Վերջերս հիվանդանոցում էի, այնտեղ քույրեր, բժիշկներ կային, որոնք ասացին, որ դիտել են իմ մասնակցությամբ ներկայացումներ, տպավորված են եւ այլն: Այսինքն` ամենատարբեր բնույթի, մասնագիտության մարդկանց մեջ կան թատերասերներ, ու նաեւ նրանց միջոցով է շնչում թատրոնը:
-Ըստ Ձեզ` ի՞նչը կարող է պատճառ դառնալ, որ դերասանը ետընթաց գրանցի: Ինքնաքննադատության գործոնը որքանո՞վ եք կարեւորում:
-Այդ ռեգրեսը գրանցվում է այն ժամանակ, երբ դերասանը սկսում է որոշ ժամանակահատվածում զբաղվել միայն ընթերցանությամբ: Այդ դեպքում նա դառնում է թատերագետ կամ քննադատ: Այսինքն` սկսում է ուրիշներին քննադատել: Իսկ երբ նա գործնականում զբաղվում է իր սիրելի գործով, երբեք չի քննադատում դիմացինին. ինքն իրեն է քննադատում:
-Գուցե նաեւ այն պատճառով, որ գիտակցում է` ինքն էլ կարող է երբեւէ սայթաքել…
-Սայթաքելու վերաբերյալ գիտակցությունն, առհասարակ, անհրաժեշտ է «անջատել», այդ մտքերով պետք չէ ապրել: Իսկ գիտե՞ք՝ մարդ երբ է սայթաքում. երբ շատ է տարված ինքն իրենով, իսկ կեղծը շատ արագ պարզվում է…
-Այսօր, կարծես, երիտասարդ հայ դրամատուրգների պակաս ունենք: Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, որոնք ծնունդ կտան նոր խոսքին:
-Իսկ ո՞վ ասաց` երիտասարդ դրամատուրգներ չունենք. գուցե կան, բայց չեն երեւում, գուցե մե՞նք չենք կարողանում նրանց ըստ արժանվույն գնահատել, գուցե ընթերցողի պակա՞ս ունենք կամ նախապատվությունը տալիս ենք օտարազգի՞ դրամատուրգներին: Գուցե մեկն իրենց տանը թուղթ ու գրիչն առած գրու՞մ է…Այդպիսիք կան, չեն կարող չլինել…
-Կա՞ն բաներ, որ դերասանը երբեք չպետք է անի:
-Նա չպետք է մեծամտանա, դառնա փառամոլ, չպետք է մոռանա իր ուսուցիչներին եւ պետք է ունենա շատ-շատ հարուստ հոգի, որտեղ բոլորին «կտեղավորի»:
-Ձեր տեսած ամենատպավորիչ ներկայացումը ո՞րն է եղել:
-Չգիտեմ, բարդ է…Չեմ տեսել, երեւի…
-Կա՞ն գրքեր, որոնք դերասանի համար պարտադիր ընթերցանության շարքից են:
-Մի բան կասեմ միայն. նա պետք է այնքան կարդա, որ վերջապես հասկանա, թե դա որ գիրքն էր…
-Այդ դեպքում, գուցե, հասկանա, որ նման գիրք պարզապես չկա…
-Գուցե:

 

 

 

 
ՍԱՀՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՍՏԻՊՎԱԾ ՀՈՐ ԱՐԽԻՎՆ Է ՎԱՃԱՌՔԻ ՀԱՆԵԼ

«Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ նախագահ, բանաստեղծի որդի Նաիրի Սահյանը վաճառքի է հանել հոր անտիպ արխիվը: Նա այդ քայլին դիմել է, որպեսզի ստացված գումարով վերականգնվի գրողի հուշաքարը, Երեւանում բացվի Համո Սահյանի արձանը, Լոր գյուղում` թանգարանը:

Նաիրի Սահյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ թանգարանը գրողի հարազատ գյուղում պետք է բացվեր դեռեւս երկու տարի առաջ. «Մանր-մունր աշխատանքներ կան, որոնք մինչեւ հիմա ավարտին չեն հասցվել: Բանաստեղծի ծննդյան 100-ամյակին ստեղծվեց հոբելյանական հանձնաժողով, գնացինք Կառավարություն, որոշվեց, որ պետք է անցկացվի համերգ, տեղի ունենա տուն-թանգարանի բացումը: Արդյունքում համերգը կայացավ, բայց թանգարանի բացումը` ոչ: Նախատեսվում է թանգարանի բակում տեղադրել Սահյանի կիսանդրին, որն, ի դեպ, պատրաստ է, Գետիկ Բաղդասարյանի մոտ է, բայց անհրաժեշտ է դրա տակ պատվանդան սարքել: Այս եւ այլ գործեր մշակույթի նախարարությունն ու մարզպետարանը իրար վրա են գցում»:
Ինչ վերաբերում է բանաստեղծի հուշարձանին, Ն. Սահյանը տեղեկացրեց, որ պետությունը հուշարձանի համար տեղ է հատկացրել Երեւանում (Շախմատի տան հետեւամասում), միայն այսքանը. «Մնացած ծախսերն արդեն մենք պետք է հոգանք»,-ասաց նա:
Բացի դրանից` Համո Սահյանը Կասյան 3 հասցեում հուշաքար ունի, որն այսօր անմխիթար վիճակում է. «Շենքի պատերը մաքրելուց դիմաքանդակը վնասվել էր, քաղաքապետին գրեցի, մարդ ուղարկեցին, կատեգորիկ կերպով հրաժարվեցին իրենց մեղքից, հետո այդ ներկայացուցիչը կոպիտ կերպով ասաց՝ դե, լավ, 100 հազար դրամ կտամ, ես չվերցրեցի նախ, որովհետեւ այդ քանդակի վերականգնումն ավելի մեծ գումար էր պահանջում, եւ հետո` փողն այդպես չեն տալիս, դուք փչացրել եք, դուք էլ գումարը փոխանցեք քանդակագործին պայմանագրով հանդերձ: Ես հո չէի՞ գնացել իրենցից փող մուրալու: Ձեւ կա, օրենք կա: Բայց իրենք ուզում էին բերանս փակեն, որ ձայնս կտրեմ»,-պատմեց գրողի որդին:
Նրա խոսքով` ինքը ոչ մի օգնող ձեռք չունի, ուստի միակ ելքը տեսնում է հոր անտիպ արխիվը վաճառքի հանելու մեջ. «Ո՛չ պետություն կա, ո՛չ մարդիկ. Ամեն բան մնաց իմ ուսերին, արդեն 4 տարի է` պայքարում եմ այս խնդիրները լուծելու համար, սակայն ապարդյուն»,-ասաց նա:
Արխիվի վաճառքից ստացված գումարն, ըստ նրա, ոչ բոլոր անհրաժեշտ ծախսերը կփակի, բայց ինչ-որ չափով խնդիրները կլուծի:
Բանաստեղծի որդին պատմեց, որ ով վաճառքի հանված արխիվը տեսել է, ապշել է, բայց նրանք փող չունեն, որ գնեն. «Մեկն ասաց՝ սա գին չունի, ո՞նց է ձեռքդ գնում` վաճառես, ես կդիմեմ հարուստ օլիգարխների: Դիմել էր, բայց պատասխան չէր ստացել: Մենք դիմեցինք նաեւ թանգարաններից մեկին, այդ արժեքներին ծանոթանալով` ապշեցին, բայց հետո զանգեցին, հրաժարվեցին ձեռք բերել, երեւի բերանները փակել էին: Ինձ չեն սիրում, ես մի քանի անգամ ճիշտ բաներ եմ ասել, իրենց մարդը չեմ, ճանապարհս փակում են. այլ բան մտածել չեմ կարող…»:
Ն. Սահյանը շեշտեց, որ ամենեւին ցանկություն չունի գումար մուրալու. «Մի կողմ դնենք, որ Համո Սահյանը հայրս է, չէ՞ որ նա մեր մեծերից է, մեր ազգի պատվի հարցն է նրա հիշատակը վառ պահելը…»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԲԵՆ ՓՈՒԼԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
«Հաճելի է լինել Երեւանում եւ ուսումնասիրել այս հրաշալի քաղաքը. ուրախ եմ, որ նվագելու եմ այստեղ»,- դեկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ նշել է Բրիտանիայից ժամանած հայտնի բլյուզ-ռոք երաժիշտ Բեն Փուլը, որը դեկտեմբերի 3-4 համերգներով հանդես է գալու Երեւանում։ «Հուսով եմ՝ բարձր տրամադրություն կկարողանամ փոխանցել հայ հանդիսատեսին»,- NEWS.am STYLE-ի փոխանցմամբ` ասել է Բենը, որին հաճախ նմանեցնում են Let Zeppelin-ի նախկին կիթառահար Ջոն Բոնեմին։ «Բոնեմի գործունեությանը հետեւում եմ դեռ մանկուց, նրա հետ համեմատվելն ինձ համար մեծ պատիվ է»,-ասել է երաժիշտը։ Փուլը դեռեւս չի հասցրել ծանոթանալ հայ երաժիշտների գործունեությանը, սակայն չի բացառում նրանց հետ հետագա համագործակցությունը. «Համերգի ընթացքում նախատեսվում է նաեւ հայ երաժիշտների հետ նվագակցություն։ Շատ եմ ցանկանում ճանաչել նրանց եւ նվագել նրանց հետ»,-նշել է նա։ Հայտնի երաժիշտը Հայաստանում մնալու է մինչեւ կիրակի։

 

«ԵՐԳ ԵՐԳՈՑ»-Ը` ԱՄՆ-ՈՒՄ
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» երաժշտական նախագիծն իր 5-րդ հոբելյանին համերգով հանդես կգա ԱՄՆ-ում, դեկտեմբերի 20-ին, «THE PASADENA CIVIK» համերգասրահում: Համերգային ծրագրի ընթացքում ելույթ կունենան Անուշ Արշակյանը, Քրիստինե Պեպելյանը, Զարուհի Բաբայանը, Ռազմիկ Ամյանը, Ձախ Հարութը, Արփին, Հարութ Հակոբյանը եւ Հայբերտ Սարյանը, որոնք կկատարեն ստեղծագործություններ հայ երգի ոսկե ֆոնդից: «Երգ երգոց» նախագիծը 5 տարի շարունակ յուրաքանչյուր կիրակի Առաջին ալիքի հեռուստադիտողներին հեռուստաէկրանների մոտ ու նկարահանման տաղավարում հավաքում է հայ երգի սիրահարներին:

 

ԿՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿԵՆ
Մյունխենի ժամանակակից պատմության ինստիտուտը 2016թ. հունվարին կվերահրատարակի Ադոլֆ Հիտլերի Mein Kampf ծրագրային աշխատանքը, որը չի հրատարակվել Գերմանիայում 2-րդ համաշխարհային պատերազմից ի վեր, գրում է BBC-ն: Այն կտպագրվի 2 հատորով` գրեթե 2.000 էջ ընդհանուր ծավալով, այն կարժենա 59 եվրո: Առաջին տպաքանակը նախատեսում է 3.500-4.000 նմուշ: Հրատարակչի խոսքով` օրիգինալ տեքստը կուղեկցվի լայն քննադատական մեկնաբանություններով, քանի որ աշխատանքին հատուկ է վառ արտահայտված հակասեմականությունը։ Գրքի վերահրատարակումն առաջացրել է Գերմանիայի հրեական համայնքի ներկայացուցիչների բացասական արձագանքը, ովքեր գիրքն անվանել են վտանգավոր: Ինստիտուտում նշել են, որ աշխատանքը հրապարակում են հենց նրա համար, որ ցրեն դրա շուրջ ստեղծված առասպելները։




Լրահոս