Ապրիլի 24-ին զինվոր է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 24-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի զորամասերից մեկում՝  հայ-ադրբեջանական սահմանում, կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով զինվոր է վիրավորվել: 
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 98-րդ տարելիցի օրը հակառակորդ կողմը հերթական անգամ չզսպեց իր ագրեսիան եւ  հիշեցնել տվեց իր մասին:
Ըստ մեր տեղեկությունների` հակառակորդի կողմից հրազենային վնասվածք ստացած զինվորը Լեռնային Ղարաբաղի Հադրութի զորամասերից մեկում շարքային ծառայող, Արարատի մարզի Բերդիկ գյուղի բնակիչ 20-ամյա Իսրայել Թավերդյանն է: Դեպքից հետո վիրավորված զինվորին անմիջապես տեղափոխել են Մարտունու զինվորական հոսպիտալ: Նրա առողջականի վիճակի, ինչպես նաեւ տեղի ունեցածի մանրամասները պարզելու նպատակով “Ժողովուրդ”-ը նախ զրուցեց Բերդիկի համայնքապետ Ալբերտ Բաղդասարյանի հետ: Սակայն բացահայտվեց ուշագրավ իրողություն. գյուղապետը, լսելով տեղեկությունը, զարմացած ասաց, թե վիրավորված զինվորը հենց իր բարեկամն է. “Նրանք մեր կողքի տանն են ապրում, բայց այդ մասին չգիտեմ՝ տեղյակ են, թե ոչ: Ես առաջինը Ձեզանից եմ լսում այդ մասին”: Ավելի ուշ, երբ համայնքապետը զրուցեց վիրավորված զինվորի հարազատների հետ, “Ժողովուրդ”-ին տեղեկացրեց, որ ընտանիքի անդամները եւս տեղյակ չէին կատարվածից եւ լսելով լուրը՝ շտապել են Արցախ: 
“Պատկերացնո՞ւմ եք, երբ ես Ձեզանից իմացա, անմիջապես ասացի ծնողներին: Ու պատկերացրե՛ք՝ նրա հայրը` Գառնիկը, եւ մայրը` Հասմիկը, ոչնչից տեղյակ չէին: Պարզապես որոշել էին գիշերը՝ ժամը 3-ին, ճանապարհ ընկնել դեպի Ղարաբաղ՝ դիրքերից իջած իրենց որդուն տեսության”,-վստահեցրեց համայնքապետը: 
Բաղդասարյանի հավաստիացմամբ՝ ընտանիքի անդամներն Իսրայելի հետ վերջին անգամ խոսել են ապրիլի 22-ին, ու տղան գնացել է դիրքեր:
Իսկ երբ “Ժողովուրդ”-ի հեռախոսազանգից հետո իմացել են կատարվածի մասին, անհանգստացած ծնողները կարողացել են կապ հաստատել եւ խոսել Հադրութի զորամասի հրամանատարի հետ: “Հրամանատարն ասել է, որ մեն ինչ կարգին է, տղայի կողքն է վնասվել, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: Ներկա պահին միայն այսքանը գիտենք”,- ասաց գյուղապետը: 
Ինչո՞ւ ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ԼՂՀ պաշտպանական բանակը չեն տեղեկացրել ծնողներին, որ իրենց երեխան վիրավոր է: Այս հարցի պատասխանը երեկ “Ժողովուրդ”-ը չկարողացավ ստանալ: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: 
Հուսանք, որ զինվորի հետ ամեն ինչ կարգին է, եւ նրա կյանքին իսկապես վտանգ չի սպառնում  

Քնար Մանուկյան
“Ժողովուրդ” օրաթերթի 529 համար




Լրահոս