ՄՈՒԼՏՖԻԼՄ ՆԿԱՐԵԼԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մուլտիպլիկատոր, ռեժիսոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ հիմնադրած ,Ռոբերտ Սահակյանց փրոդաքշնե ստուդիան երեք տարի է` գործում է: Այնտեղ աշխատում են մարդիկ, որոնք անցել են Ռոբերտ Սահակյանցի դպրոցը: Արդեն 3-րդ տարին է, ինչ ստուդիան նկարում է Հայաստանում իր տեսակի մեջ առաջին լիամետրաժ մասշտաբային մուլտֆիլմը Ղազարոս Աղայանի ,Անահիտե հեքիաթի հիման վրա: Աշխատանքներ են տարվում նաեւ երեխաների համար մուլտիպլիկացիայի դպրոց-ստուդիա բացելու ուղղությամբ:
Ի դեպ, Դավիթ Սահակյանցի փոքր եղբայրը` Հայկ Սահակյանցը, արդեն ավարտել է եռաչափ գրաֆիկայով արված իր երկրորդ կարճամետրաժ ֆիլմը, որն այս տարի մասնակցելու է 5 փառատոնի` Բուլղարիայում, Ռուսաստանում, Շոտլանդիայում, Լեհաստանում:
-Ի՞նչն է պակասում այսօրվա հայ մուլտիպլիկատորին լավ գործ ստեղծելու համար:
-Նոր գաղափարներ են պետք, հետո այդ ամենը սցենարի վերածելը, ինչը մեզ համար մեծ խնդիր է, մենք գրեթե ոչ մի ասպարեզում ցայտուն սցենարիստներ չունենք` կլինի դա մուլտիպլիկացիա, թե կինո: Մենք ինչ-որ դպրոց անցած մարդիկ ենք, մեզ մոտ դա ստացվում է, բացի այդ, մենք համագործակցում ենք Վարդան Զադոյանի, Վահրամ Սահակյանի հետ: 
-Լավ, համարենք, որ Ձեր հարցը ,լուծված էե: Իսկ այլ ռեժիսորների մեջ տեսնո՞ւմ եք նոր ասելիք ունեցողների: 
-Իրոք խնդիր է, ինձ թվում է` դա հենց ռեժիսորներից է գալիս, նաեւ կոմպրոմիսների գնալու գաղափար կա մեզ մոտ: Ես օբյեկտիվորեն գիտեմ, որ շատ բարդ է նկարել լավ ֆիլմ լավ սցենարի վրա, այդ ամեն ինչը կապված է ե՛ւ ֆինանսների, ե՛ւ դերասանների հետ: Ռեժիսորներն էլ ստիպված գնում են կոմպրոմիսների ու նկարում շարքային շատ հասարակ ու պրիմիտիվ սերիալ, տեսահոլովակներ:
Բայց խնդիրը ոչ միայն ֆինանսի մեջ է, որովհետեւ եթե մենք հիշում ենք, որ սովետական շրջանում ստեղծվում էին հանճարեղ ֆիլմեր, որոնք չէին պահանջում մեծ ֆինանսներ, հասկանում ենք, որ հարցը միայն գումարը չէ, նաեւ գաղափարի, խելքի, մտքի թռիչքի ու այլ գործոնների մեջ է: Չեմ կարծում, որ մեծ գումարներ են ծախսվել, օրինակ, ,Ճակատագրի հեգնանքըե կամ ,Ավտոտնակե ֆիլմերի համար: Կարծում եմ` ճգնաժամն առաջին հերթին գաղափարի բացակայության մեջ է: 
-Եղել է ժամանակաշրջան, երբ հայկական կինոն զարթոնք է ապրել, առաջընթաց ունեցել, մինչդեռ հիմա ստացվում է, որ մենք հայկական կինո չունենք:
-Այդպես էլ կա: Չնայած ինչ-որ բան կա, հազիվ գոյատեւում է, եւ  լավ է, գոնե այդքանն էլ գոյություն ունի: Հուսանք, որ վաղը դա կտա իր ցանկալի արդյունքը: Կինոյի զարթոնքը դադարեց այն պահին, երբ շատ լավ մասնագետներ պարզապես հեռացան երկրից այն ժամանակ, երբ սկսվեցին ծանր ժամանակները: Ես այս հարցի շուրջ երկու տեսակետ ունեմ, գուցե նրանց հասկանում եմ, բայց չեմ ընդունում: Թողնել ամեն ինչ ու հեռանալ, այս թեման ինձ համար իրոք ցավոտ է:
-Իսկ Դուք երբեւէ արտերկրում աշխատելու առաջարկներ ունեցե՞լ եք:
-Չի եղել, ու փառք Աստծո, որ չի եղել: Չափազանց շատ առաջարկներ եղել են Ռոբերտ Սահակյանցին: Նա ուներ առաջարկներ մեկնելու Անգլիա, Իրան… բայց նրա համար էլ այստեղ մնալու հարցը սկզբունքային էր: Այն, որ հիմա գործում է նրա անվան ստուդիան, հավանաբար հենց արգասիքն է այն բանի, ինչ ինքը ցանել է: 
-Ինչպե՞ս է ազդում գենետիկան մարդու կայացման ու մասնագիտության ընտրության հարցում: Կարո՞ղ ենք ասել, որ հենց Ձեր հայրն է ,մեղավորըե, որ Դուք ընտրել եք այս մասնագիտությունը:
-Միանշանակ այդպես էլ կարելի է ասել: Ես չունեի այլ ընտրություն: Բայց մի շրջան կար, երբ ես կարծում էի, որ այս ամենով չեմ զբաղվի, հետո եկավ էտապ, երբ ես ներգրավվեցի այս աշխատանքի մեջ, ու մինչեւ հիմա էլ դուրս գալու ցանկություն չկա: Գենետիկայից բացի, ես մեծ սեր եմ տածում իմ մասնագիտության հանդեպ:
-Իսկ Ձեր հոր անունը բացե՞լ է ցանկալի դռներ:
-Այսքան սիրո ու հարգանքի եւ ոչ մի մուլտիպլիկատոր չի արժանացել, ինչպես իմ հայրը: Չէ՞ որ մուլտիպլիկատորները շատ անգամ աննկատ են մնացել, նրանց նույնիսկ չեն էլ ճանաչել: Բայց Ռոբերտ Սահակյանցը վառ անհատականություն էր, արդեն Սահակյանց ազգանունը մեծ դեր է խաղում, ինչի համար ես հպարտ եմ:
-Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները:
-Որդիս սովորում է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում` Հրանտ Մովսիսյանի կուրսում, նաեւ նկարահանվում է ,Տիգրանի մոլորակըե սերիալում, իսկ դուստրս դեռ սովորում է դպրոցում: Իմ քրոջ երեխաներն էլ ձգտում են դեպի մուլտիպլիկացիա…
-Ինչպիսի՞ն եք տեսնում հայ մուլտիպլիկացիայի ապագան: Կգա՞ ժամանակ, երբ մեր էկրաններին նախկինի պես կլինեն ավելի շատ հայկական մուլտֆիլմեր:
-Ես հավատում եմ դրան ու գնում այդ ուղղությամբ: Մեր ստուդիան կփորձի անպայման հասնել դրան, ներգրավել նոր, երիտասարդ մուլտիպլիկատորների: Հայ երեխաներն արժանի են ունենալ իրենց ազգային մուլտֆիլմերը: 
-Թա՞նկ հաճույք է մուլտֆիլմ նկարելը:
-Շատ թանկ է, դա ամբողջ աշխարհում է համարվում թանկարժեք ու ծախսատար արտադրանք:  
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 526 համար




Լրահոս