Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիին:
Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ Հայստանի և Քուվեյթի միջև առկա բարեկամական հարաբերությունները լավ հիմք են նաև իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելու և զարգացնելու համար: Այդ համատեքստում Արփինե Հովհաննիսյանը կարևորել է հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված իրավական ոլորտին առնչվող մի շարք հարցերը և ընդգծել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:
Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և անդրադարձել Հայաստանի և Քուվեյթի արդարադատության նախարարությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարների:
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև դատապարտյալների փոխանցման համար իրավական հիմքեր ստեղծելուն, փոխադարձ այցեր կազմակերպելուն վերաբերող մի շարք հարցեր և հավաստել, որ այս հանդիպումը իրավական ոլորտում գործակցությունը զարգացնելու լավագույն մեկնարկն է:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն