«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցավ հայկական ընտրությունների ամենախայտառակ ավանդույթների համաձայն: Ինչպես 1998 թվականին, երբ փաստացի ՀՀ նախագահ ընտրված Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները հանվում էին քվեատուփերից` փոխարենը լցնելով Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեարկածները:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ-ի քարոզչության շտաբի պետն է, կարող է իր կենսագրության մեջ նշել, որ ինքը Հայաստանի հայաթափման գործում ամենանշանակալի ներդրում ունեցող իշխանական գործիչներից մեկն է:
ՀՀԿ շտաբի պետի տեղակալներից ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նույնպես կարող է իր կենսագրության մեջ գրել, որ տակավին երիտասարդ տարիքում ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանում մարդը՝ որպես արժեք, վերանա, եւ մեր երկիրը շեղվի զարգացման ուղուց:
Ընտրական համակարգի բռնաբարիչներից էր ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, որը ծպտյալ պաշտոնավարում է մեր երկրում տարիներ շարունակ` իր ընտանիքին ԱՄՆ-ում տաքուկ տեղավորելով:
Արտակարգ մակարդակի ընտրակեղծարարությունն իրականացվեց նաեւ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուղղակի մասնակցությամբ: Նա էլ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ խեղճուկրակ գյուղապետերի վրա էր «թիվ դրել»:
Դեկտեմբերի 6-ին կայացած խայտառակ հանրաքվեի «կոռուպցիայի» գծով պատասխանատուն էլ ՀՀԿ-ի շտաբի պետի մյուս տեղակալն էր՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը: Մարդ, որ մի անգամ արդեն ոգելից խմիչը չարաշահելու համար հեռացվել էր նախագահականից եւ հիմա շարունակում է պետության հաշվին միլիոնավոր դոլարներ կուտակել:
Ահա թե ովքեր են ծառայամտության դասեր տալիս հայ հասարակությանը եւ ստիպողաբար իրենց կամքը թելադրում ողջ ժողովրդին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: