Միջազգային դիտորդները փաստում են, որ ՀՀ-ում դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հանրության ազատ կամքը և լեգիտիմ համարվել չեն կարող:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Նորվեգական հելսինկյան կոմիտեի, EPDE-ի ներկայացուցիչ, Նորվեգիայից ժամանած Լենե Վեթելանդը նշեց.
«Արձանագրել ենք լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ, որոշ առիթներով էլ տեղամասային հանձնաժողովի նախագահը հրաժարվում էր այդ առիթով որևէ բան անել: Ուստի գտնում ենք, որ ընտրախախտումներով և հանցագործությունների մեծ թվով, ընտրողների ահաբեկումներով, լցոնումներով պայմանավորված այս հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հասարակության ազատ կամքը և չպետք է համարվեն լեգիտիմ: Հիասթափված ենք նաև նախահանրաքվեային քարոզչությունից, ինչպես նաև այն ընթացքից, ինչպես անցկացվեց հենց հանրաքվեն»:
EPDE-ի փորձագետ, Ընտրողների կոմիտեի ներկայացուցիչ, Ուկրաինայից ժամանած Սերգեյ Տկաչենկոն նկատեց, որ դիտորդական առաքելության Հայաստան ժամանած այլ 6 դիտորդական առաքելություններից առնվազն 2-ը չեն գործել միջազգային չափանիշներին համապատասխան. «ԱՊՀ երկրների առաքելության ներկայացուցիչները դեռ ժամը 12.00-ին, երբ հանրաքվեն ընթացքի մեջ էր, հայտարարեցին, որ հանրաքվեն անցավ օրենքի շրջանակներում, և հույս ունենք, որ հանրությունը ճիշտ ընտրություն կանի: ՌԴ ԿԸՀ նախագահ Վադիմիր Չուրովը հայտարարեց, որ ամեն ինչ բնականոն ընթանում է, և ոչ մի խնդիր չեն արձանագրել: Միայն մի քանի տեխնիկական խնդիրների մասին հայտնեց, թե օրինակ՝ մի ընտրատեղամասում ընտրացուցակները փոքր-ինչ բարձր են կախված և այլն: Մինչդեռ մենք չենք կարող հանրաքվեի կոնկրետ մի դրվագին գնահատական տալ, այլ պետք է սպասել, որ գործընթացն ամբողջովին ավարտվի»:
Միջազգային դիտորդների համար հետաքրքրական է նաև այն, որ հեռուստաընկերություններով հայտարարում էին, թե դիտորդական առաքելությունները դրական են գնահատել հանրաքվեի անցկացումն այն դեպքում, երբ հանրաքվեն դեռ չէր ավարտվել: EPDE-ի փորձագետ, Ընտրական իրավունքի պաշտպանության «Գոլոս» ընկերակցության ներկայացուցիչ, Ռուսաստանից ժամանած Ռոման Ուդոտը պատմեց, որ անձամբ է արձանագրել մի շարք ընտրախախտումներ. «Վեց ընտրատեղամասերից երեքում ես քվեատուփերի լցոնումներ արձանագրեցի: Բազում լուսանկարներ տեղադրվեցին համացանցում: Կամ այլ տեղամասում ինքս եմ տեսել, թե առավոտյան, երբ դեռ քիչ ընտրողներ էին եկել, որքան շատ քվեաթերթիկներ կային քվեատուփում: Բայց ունենք լրիվ այլ պաշտոնական տվյալներ: Առավոտյան տեսանք, թե ինչ հսկայական թվով թերթիկներ կային քվեարկած, երբ ոչ մի ընտրող դեռ չկար: Առանց այս լցոնումների Հայաստանն ավելի առաջ կգնար: Այն մարդիկ, որ այս ամենն անում են, ՀՀ-ն երկու տարբեր ուղղություններով են տանում ու աղճատում»:
Լուսանկարը` newsline.am-ի: