52 ՏԱՂԱՎԱՐ ԿԱՊԱՄՈՆՏԱԺՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապանի վարչական տարածքով անցնող միջպետական ճանապարհի վրա այսօր 135 մետաղական կրպակներ կան, որոնք  կառուցվել են դեռեւս պատերազմական տարիներին եւ հիմնականում պետական գրանցում չունեն: Միայն երկկողմ պայմանագիր է կնքվել քաղաքապետարանի հետ՝ հարկային դաշտից դուրս չմնալու համար: Քաղաքային իշխանությունները  բազմիցս  որոշել են  դրանք ապամոնտաժել,   սակայն այդպես էլ հստակ քայլեր չեն ձեռնարկել: Անցած տարի այդ տաղավարների տեղում նորերը կառուցելու նախագիծ կար, որը համաձայնեցվել էր Քաղաքաշինության նախարարության հետ:  Սակայն  2009թ օգոստոսի 6-ից կառավարության  որոշմամբ կասեցվեց Մ-2 Երեւան- Երասխ- Մեղրի- Իրանի սահման, միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում եւ օտարման շերտերում շինարարության իրականացման եւ հողահատկացման գործընթացը: Արդյունքում  Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանի կարգադրությամբ ստեղծվել է  աշխատանքային խումբ, որը  համակարգելու է  չաշխատող 52 տաղավարների ապամոնտաժման եւ տեղափոխման գործընթացը: Արդեն փետրվարի 21-ից  կսկսվի կրպակների ապամոնտաժումը,  որի հիմնական նպատակն, ըստ քաղաքապետարանի,  Կապանը  տեսքի բերելն է: Սակայն  արդյո՞ք 52 տաղավարների ապամոնտաժումով այն կբարելավվի. չէ՞ որ մնացած 82 կրպակները  կշարունակեն մնալ իրենց տեղում:  Սակայն այս հարցին ցավագին են մոտենում հատկապես աշխատող կրպակների տերերը. «Ես 3 օջախ եմ պահում, որ փակվեց, ի՞նչ եմ անելու, կամ ո՞ւր եմ գնալու. Էլ տեղ չկա, միայն հողի տակն է մնացել»,- բողոքում է մսավաճառ Վանիկը: Նրա գործընկերները նույնպես դժգոհում են. «Մենք պետությանը օգուտ ենք տալիս,- ասում է Թորոս պապը,- բոլոր վարձերը վճարում ենք, ո՞ւմ ենք խանգարում»: «Թող մեզ աշխատանքով ապահովեն, խնդիր չկա, կազատենք տարածքը»,- վստահեցնում են վաճառողները: Մետաղական կրպակների ապամոնտաժումից հետո քաղաքապետարանը մտադիր է սկսել շենքերի  բակերում կայանած անսարք տրանսպորտային միջոցների տեղափոխման գործընթացը:ՄԵԼԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿապան




Լրահոս