Թուրքիայում ակտիվ գործունեություն ծավալող հայ լրագրող Հայկո Բաղդաթը պարտվել է Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի կողմից նրա դեմ ներկայացված դատական գործում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Գյոքչեքը դատական գործ էր հարուցել Հայկոյի դեմ իրեն «զզվելի մարդ» անվանելու համար: Դատական նիստի ժամանակ լրագրողը նշել է, որ սոցցանցերում Անկարայի քաղաքապետը բոլոր նրանց, ում չի հավանում, մշտապես ասում է. «Դու արմատներով հա՞յ ես, քեզ հայ են ասում»:
Դրան ի պատասխան է, որ նա իր գրառումներից մեկում Գյոքչեքին «զզվելի մարդ» էր անվանել: Դատարանը որոշում է կայացրել տուգանել Հայկոյին 1160 թուրքական լիրայով (շուրջ 400 ԱՄՆ դոլար): Բացի այդ, Անկարայի քաղաքապետը ևս մեկ դատական գործ է հարուցել Հայկոյի դեմ՝ պահանջելով փոխհատուցում վճարել իրեն: Դատական այդ գործի առաջին նիստը կկայանա 2016 թվականի մարտին: Հայկո Բաղդաթը հայտնել է, որ իր փաստաբանները ևս դատական գործ են հարուցել Մելիհ Գյոքչեքի դեմ «ատելություն պարունակող արտահայտությունների» համար, սակայն դրա անգամ առաջին դատական լսումները դեռ չեն եղել: