ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՎԵՆԴԵՏԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում տարբեր գերդաստանների միջեւ զինված պայքարն ու օրը ցերեկով փոխհրաձգությունները դարձել են սովորական երեւույթ: Հերթական նման դեպքը տեղի է ունեցել երեկ՝ Գյումրու «10-հարկանի» կոչվող թաղամասում: Այս միջադեպը նախորդներին գերազանցել է միայն իր տեւողությամբ՝ փոխհրաձգությունը տեւել է մոտ 20 րոպե: Սկզբում բազմաբնակարան շենքի վրա կրակել են ատրճանակով, ապա՝ ինքնաձիգներով, սակայն ոստիկանությունը, որը բավական մոտ է դեպքի վայրին, զարմանալիորեն 2-3 րոպե անց չի հասել (ցանկության դեպքում հնարավոր էր):
Նշենք, որ միջադեպի գլխավոր հերոսներն անփոփոխ են՝ մի կողմից նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատն է որդու՝ Սպարտակ Ղուկասյանի գլխավորությամբ, մյուս կողմից՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շրջապատը: Փոխհրաձգության արդյունքում սպանվել է Գրիգորյանի մտերիմներից Արտյոմ Կարապետյանը՝ Շեկոն, իսկ Հարություն Խաչատրյանը՝ «Քավոր Հարութը», ծանր վիճակում է:
Արդեն երեկոյան Վ. Ղուկասյանը ոստիկանությունում էր: Իսկ նրա որդուն՝ Սպարտակին, եղբորորդուն՝ Նիկոլայ Ղուկասյանին, ու եւս 7 հոգու հայ-վրացական սահմանի մոտ ձերբակալեցին: Նկատենք, որ թեեւ տարիներ շարունակ Վ. Ղուկասյանը հայտնվել էր նման պատմությունների կիզակետում, սակայն երբեք բերման չէր ենթարկվել: Երեկ նրան էլ «տարան»: Բայց, ամեն դեպքում, նման միջադեպերի մեղավորը ոչ միայն անմիջական մասնակիցներն են, այլեւ իրավապահ մարմինները, որոնք նախորդ դեպքերից հետո ոչ միայն պատասխանատվության չենթարկեցին «գյումրեցի քաջարի հրաձիգներին», այլեւ իմանալով նրանց մոտ առկա զենք-զինամթերքի մասին՝ հանցավոր անտարբերություն ցուցաբերեցին՝ չզինաթափելով նրանց:




Լրահոս